Մոցարտի կիսատ թողնված Ռեքվիեմն ավարտող վարպետները, իրենց համար մեծ պատիվ էին համարում և նպատակ էին դնում գործն ավարտել՝ առավելագույնս մոտեցնելով հեղինակի մտահղացմանը։ Այդ էր պահանջում ոչ միայն մասնագիտական էթիկան, ոչ միայն հեղինակի արդեն ապացուցված անվիճելի փառքն ու հեղինակությունը, այլև ազգային մշակութային ժառանգությունը հնարավորինս հարստացնելու՝ վստահաբար ամենաակնհայտ տրամաբանությունը։
Այս հարցի քննարկումը արդեն իսկ անհարգալից վերաբերմունքի նշան է հեղինակների նկատմամբ (քանի որ նախագիծը ավարտված և հաստատված է)։ Իսկ եթե հանկարծ հեղինակային տարբերակից բացի ընտրվի մեկ այլ տարբերակ, ապա դա մեծագույն անպատվություն կլինի՝ բոլորիս հասցեին ուղղված։
Այդ պատվիրատուներից և «թքած ճպճպացրած» նախագծերի իրականացնողներից քանի՞սն են տեսել Ջիմ Թորոսյանին, տառացիորեն ամեն երեկո, կասկադի դիմաց կանգնած՝ կարոտի սպասումով՝ որ մի օր կիսատն ավարտվելու է, ամբողջացվի։ Ի՞նչ պիտի ասեիք Հեղինակին, եթե նրա աչքերի մեջ նայելով՝ փորձեիք ձեր տափակ նախագծերը պաշտպանելու փորձ անել։ Թե՞ դուք ուրիշ՝ «խոշոր կոլիբրի պրոֆեսիոնալներ» եք, որպիսիք աշխարհը չի տեսել․․․ Մի երկու անգլերեն գիրք եք կարդացել ու կարծում եք թե մեր ազգային մշակույթի ողջ գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը հասկացել ու ըմբռնել ե՞ք․․․????
Քաղաքի եզրերին հազար ու մի հարմար տարածք կա թանգարանների ու մյուս տեսակի կառույցների համար, կառուցեք էնտեղ․ որքան ուզում եք տեխնիկապես հագեցրեք բոլոր տեսակի հարմարություններով ու թամաշաներով, մարմինների խնամքի համար որքան ուզում եք կոմֆորտ ու «Ռելաքս» ապահովեք։ Բայց Կասկադին մի կպեք, Կասկադը նախատեսված է հոգիների խնամքի համար, ոչ թե՝ մարմինների։ Բոլոր գաղափարներն էլ հնարավոր է իրականացնել , բայց ո՛չ էստեղ, ո՛չ այս դեպքում։ Կասկադը պետք է ավարտվի և ամբողջացվի ՝ հարազատ մնալով Ջիմ Թորոսյանի և իր համահեղինակ ընկերների կողմից արված և հաստատված նախագծին, դրա պատճառներից ամենակարևորն այն է, որ ժամանակի հետ այս ճարտարապետական հորինվածքը ոչ միայն բարոյապես չի հնացել, այլև միանգամայն ժամանակակից հնչողություն ունի։
Ժողովուրդն ասում է ՝ եզն ընկավ դանակավորները շատացան։ Եզին գետնել են մեր վարպետները, ու թող ոչ մի դանակավոր չմոտենա ու չապականի այս գեղեցիկ միջավայրը։
Նրանք ովքեր այս կամ այն կերպ մասնակից կլինեն Ջիմ Թորոսյանի և իր համահեղինակ ընկերների ստեղծած հրաշալի մտահղացման աղավաղման խայտառակ պրոցեսին, կդառնան իմ անձնական թշնամիները։