Կապանի մաթեմատիկայի խմբակը ունի մեծ աշխատակազմ և ամեն մասնագետ յուրահատուկ է և պրոֆեսիոնալ իր բնագավառում։
Մենք ուզում ենք ծանոթացնել ձեզ մեր աշխատողների հետ և այսօր կսկսենք մեր ուսուցչուհի՝ Աիդայից։
Աիդան՝ մեր Գորիսի մասնաճյուղի խմբակավարն է, ում հետ մենք ունեցել ենք փոքրիկ հարցազրույց.
– Կպատմե՞ք ձեր կենսագրությունից։
– Ես ծնվել, մեծացել և դպրոցում ուսումս ստացել եմ Սյունիքի մարզի մի գողտրիկ գյուղում` Քարահունջում։ Բարձրագույն կրթություն ստացել եմ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղում (ներկայիս Գորիսի պետական համալսարան)` գերազանցությամբ ավարտելով կիրառական մաթեմատիկա բաժինը։ Շուրջ տասը տարի մանկավարժական գործունեություն եմ ծավալել Տաթև գյուղի միջնակարգ դպրոցում և իմ գիտելիքներով կիսվել տաթևացի` ի դեպ ասեմ շատ խելացի աշակերտների հետ։ Տաթևում էլ ամուսնացել եմ, այժմ ունեմ մեկ որդի և մեկ դուստր։
– Ինչքա՞ն ժամանակ է, ինչ աշխատում եք խմբակում։
– Արդեն երրորդ տարին է, ինչ աշխատում եմ խմբակում։ Դեռևս դպրոցում աշխատելու ժամանակ միշտ հաճույքով եմ դասապրոցեսին մասնակցել (դե այժմյան չափորոշիչներով ուսուցիչը ոչ թե դասապրոցեսն անցկացնողն է, այլ աշակերտների հետ միասին դրա մասնակիցը)։ Սուր և ճկուն միտքը, արագ մտածողությունը և այն ամենը, ինչը կապված է տրամաբանության հետ, իմ տարերքն է։
– Ի՞նչն է ձեզ ոգեշնչել աշխատել խմբակում։
– Դպրոցի և խմբակի տարբերությունն այն է, որ ուսուցիչը դպրոցում որոշակիորեն կաշկանդված է հետդասապրոցեսյան <<վարչարարությամբ>>, իսկ խմբակում ուսուցիչն իր ամբողջ ռեսուրսը ծախսում է զուտ դասապրոցեսի իրականացման վրա։ Դա առաջին պայմանն էր, որն ինձ դուր եկավ։
Բացի այդ, ինձ հետաքրքրեցին խնդիրների բարդությունը, որոնք շատ անգամ ինձ էլ էին մտածելու <<հորիզոն>> տալիս։
– Ըստ ձեզ, արդյոք Սյունիքի երեխաները ունե՞ն Հայաստանի այլ մարզերի և Երևանի հետ մրցակցելու պոտենցիալ։
– Թող ինքնագովազդ չհնչի, բայց բոլորին է հայտնի, որ լեռնային տարածքներում բնակվող մարդկանց մոտ զարգացած են տրամաբանական-մաթեմատիկական, ինչպես նաև տարածական մտածողության ձևերը։ Սյունյաց աշխարհի երեխաները շատ խելացի են և ես ուրախ եմ, որ այս խմբակը գործում է հատկապես Սյունիքում։ Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում մեր երեխաները կունենան պոտենցիալ մրցելու ոչ միայն ՀՀ այլ մարզերի և Երևանի երեխաների հետ, այլ ինչու ոչ նաև միջազգային ասպարեզներում իրենց ուժերը փորձելու և արդյունքի հասնելու։ Հենց այդպես եմ տեսնում խմբակի ապագան։