Խաղաղության և պատերազմի սահմանին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
108 Views

Լինել թե չլինել

Լուրը, որ իրենց համագյուղացու որդին վերադարձել էր գերությունից, արդեն տարածվել էր ողջ գյուղում: Առավոտյան հայրը իր մեքենայով գնացել էր մայրաքաղաք` որդուն դիմավորելու և գյուղ բերելու:

– Որդիս հյուծված և ուժասպառ տեսք ունի,- տխուր մտածում էր հայրը: Սակայն հորը ավելի շատ մտահոգում էր որդու տրամադրությունը: Ամբողջ ճանապարհին նա միայն մեքենայի պատուհանից դուրս էր նայում և խուսափում խոսակցության մեջ մտնելուց:

– Նրան ժամանակ է պետք նոր կյանք սկսելու համար, մենք պետք է համբերատար լինենք,- հուսադրում էր հայրն ինքն իրեն:

Գյուղը տոնական տրամադրության մեջ էր: Խորովածի ծուխը երկինք էր հասել , բուրմունքն էլ տարածվել ամբողջ գյուղով մեկ: Գյուղացիները մեկիկ-մեկիկ մոտենում և գրկում էին նրան ՝ քաջալերանքի խոսքեր փնտրելով: Ոչ-ոք հարցեր չէր տալիս երիտասարդին , նա էլ իր հերթին փորձում էր ժպտալ և երախտագիտության մի քանի բառ ասել ջերմ ընդունելության համար:

Ջերմ ընդունելության կազմակերպիչն էլ գյուղապետն էր , երիտասարդի դպրոցական տարիների մտերիմ ընկերը:

Երբ պատերազմը սկսվեց, ընկերները կյանքի տարբեր ուղիներ ընտրեցին: Երիտասարդը պատերազմի հենց առաջին օրը զինվորագրվեց , իսկ նրա ընկերը մեկնեց անհայտ ուղղությամբ և հայտնվեց գյուղում միայն պատերազմի ավարտից հետո…

Այժմ գյուղապետը ոգեշունչ կենացներ էր ասում հայրենի օդ ու ջրի, սար ու ձորի, նաև, բաղձալի խաղաղության և պայծառ ապագայի մասին: Երիտասարդի տրամադրությունը ավելի էր ընկնում և հազիվ էր իրեն զսպում պոռթկալուց…

Արդեն կեսգիշեր էր, երբ գյուղացիները սկսեցին ցրվել: Տնեցիներն էլ օրվա իրադարձություններից հոգնած պառկեցին քնելու: Միայն հայր ու որդի առանձնացան, երկուստեք հարցեր ունեին իրար տալու և լսելու պատասխաններ, որ դեռ պետք է մարսեին:

– Որդի՛ս,- հայրը մեղմորեն սկսեց,- ամեն ինչ լավ է լինելու, այսուհետև խաղաղության մեջ ես ապրելու, ոչ մեկիս վտանգ չի սպառնալու:

– Հայրի՛կ, սթափվիր, ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ գյուղի բոլոր բարձունքներում թշնամու զինվորներն են տնավորված: Ինչո՞վ ես համոզված, որ եթե զենքը այսօր չի կրակում, վաղն էլ չի կրակելու:

– Որդի՛ս, մենք ամեն ինչ անելու ենք պատերազմից խուսափելու համար,- հայրը պատասխանեց:

– Եթե պատերազմից խուսափելու գինը երկրիդ շագրենու կաշվի նման կրճատվելն է , ապա խաղաղություն երբեք չես ստանա , կմնաս հավերժական պարտվածի վիճակում,- ասաց որդին:

– Տղա՛ս, – շշնջաց հայրը,- մի մոռացիր, որ մենք պարտվել ենք պատերազմում:

– Հայրի՛կ,- գոչեց որդին,- զինվորը չի պարտվել պատերազմում, զինվորը կռվել է մինչև վերջին շունչը: Պատերազմում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերոջը: Նա ծնողների միակ զավակն էր, ապրում էր արտերկրում, պատերազմի առաջին օրերին արդեն մարտի դաշտում էր, միասին էինք կռվում: Անհավասար մարտում մեր բոլոր ընկերները զոհվել էին, մենք դեռ դիմադրում էինք , երդվել էինք, որ չենք լքի մեր դիրքը: Նրա փամփուշտները արդեն վերջացել էին, մի պահ նայեց իմ կողմը բացականչելով՝ չմոռանաս երդումդ և նռնակը ձեռքին նետվեց թշնամու վրա : Ես ծանր վիրավորվեցի և գիտակցության եկա , երբ թշնամին ինձ քաշ էր տալիս անտառի դարուփոսերով….

– Հայրիկ, ես դժողքի միջով եմ անցել , թշնամու մեր հանդեպ տածած ատելությունը և դաժանությունը սահման չուներ, բայց ես պարտավոր էի ապրել վկայելու, որ մեր զինակից ընկերները ոչ թե զուր են զոհվել ,այլ հանունի համար…

– Որդիս, քո վերքերը մի օր կսպիանան, և կյանքը նորից քեզ կժպտա …

– Հայրիկ , մարմնիս վերքերը կսպիանան, բայց հոգուս վերքերը կմնան ինձ հետ մինչև կյանքիս վերջը: Բայց ես մտադիր չեմ հանձնվել, իրական խաղաղություն և պայծառ ապագա ունենալը հենց այնպես չի տրվում:

– Զավակս , գուղացիների մի մասը լքել է գյուղը և տեղափոխվել այլ վայրեր, գյուղում մնացածներն էլ միակարծիք չեն իրենց քայլերի հետ կապված: Որոշներն էլ համակերպվել են ապրել թշնամու նշանառության տակ, հույսը դնելով նրանց ողորմածության վրա:

– Հայրիկ, երբ դու էիր պատերազմ գնացել, մենք շատ փոքր էինք: Քեզանից երկար ժամանակ լուր չունեինք: Մայրիկը գիշեր ցերեկ աշխատում էր մեզ ինչ-որ կերպ կերակրելու համար: Խանութում վաճառվող հացը նորմայով էր և թեպետ կանաչ գույնի էր, դժկամությամբ ուտում էինք քանի որ քաղցած էինք: Եվ եթե հարևաններց որևէ մեկը պատահաբար ալյուր էր ձեռք բերում, տանը թխած հացի բույրը մեզ՝ երեխաներիս տանում էր այդ տունը: Ամեն ինչ սուղ էր, հոսանքը՝ ընդհատումներով, գազ չկար, ջուրը դժվարությամբ էինք հասցնում տուն: Երեխաներիս համար առաջին հրետակոծությունները նման էին տոնական հրավառության, թաքուն տանիք էինք բարձրանում կրակե երկինքը դիտելու: Բայց երբ ավերածություններ սկսվեցին, և առաջին զոհերը ունեցանք, թաքնվում էինք նկուղում, մայրիկը մեզ ստիպում էր պառկել գետնին , ինքն էլ պառկում էր մեր վրա՝ թևերը թռչունի նման լայն տարածելով , որ ոչ մեկս դրսում չմնա… Միայն նկուղում հազիվ տեղավորված ցանցե հին մահճակալն էր որ միալար ճռճռում էր, տատիկն էր դողացնում…

– Հայրիկ,- շարունակեց նա,-մենք գոյատևեցինք, որովհետև միասնական էինք ,գյուղացիներից ոչ ոք չլքեց գյուղը, բոլորը պատերազմում կռվող որդիներ, հայրեր , կամ այլ ազգականներ ունեին , սպասում և սրտանց հավատում էինք նրանց հաղթական վերադարձին: Ցավոք, չկարողացանք փայփայել և պահպանել դժվարությամբ ձեռք բերված հաղթանակը:

– Տղաս, մի օր մենք էլ հաղթանակներ կունենանք , բայց մեզ ժամանակ է պետք հզորանալու համար :

– Հայրի՛կ: Մենք չէնք կարող հաղթանակ կերտելու պատասխանատվությունը գցել մեր ուսերից , զանգ կախելն էլ թողնել մեր ապագա զավակների, կամ զոհված ընկերների երբեք չծնվելիք որդիների վրա…

– Զավակս, գոչեց հուզված հայրը,- Շատ դժվար առաքելություն ես հանձն առնում: Մեր երկիրը վատ ժամանակներ է ապրում: Մեր ազգակիցների մեծ մասը խուսափում է առերեսվել իրականության հետ:

– Հայրիկ , մենք պարտավոր ենք հաղթահարել համընդհանուր թմբիրը , համախմբվել, և հաղթել այս պարտադրված պատերազմում : Մեր ազգի լինել թե չլինելու հարցն է որոշվում այսօր: Կսթափվենք ՝ կշարունակենք ապրել որպես ազգ, հակառակ դեպքում որպես ազգ մոռացության կմատնվենք…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել