Ֆեյսբուքի ազդեցությունը հասարակության մտածողության վրա․ Տիգրան Գրիգորյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
150 Views

Ֆեյսբուքյան իրականության ամենանողկալի ու դժբախտաբար անկարգավորելի դրսևորումն այն է, որ ամեն տիպի մարդ կոչեցյալի համար ֆեյսբուքը նաև հանրային հարթակ է դարձել, և ինչ տխմարություն ում մտքով անցնում է` նա դա արտահայտելով իրեն փորձում է արժևորել։

Մեր ժամանակներում իմ ներկայությամբ, եթե որևէ մեկը փողոցում, թաղում, սրճարանում կամ ինչ-որ մի հավաքույթում որևէ երևույթի վերաբերյալ տգիտութամբ ձյութած ինչ-որ միտք է արտահայտել` անձամբ ես սկզբից փորձել եմ “դարձի բերել”` իմ իմացականության ու գիտելիքների սահմաններում ավելի տրամաբանականը ներկայացնելով, ու եթե վերջինս իր պատկերացումների մեջ համառել է, ապա, մեղմ ասած, “լրացուցիչ միջոցներ կիրառելով”` կարգի եմ հրավիրել։ Այնուամենայնիվ, մեր երիտասարդության ու հասունության տարիներին էդ կարգի պնդաճակատներին մատերի վրա կարելի էր հաշվել։ Հիմնականում բարոյական մի նորմ գոյություն ուներ. ամեն մեկն իր “ոտերն իր ոգու ուժի ու գիտելիքների վերմակի չափով էր մեկնում”։ Եվ շատերը, որոշակի ոլորտներից իրենց հեռու լինելը թերևս հենց իրենց պահվածքով “անկեղծորեն” խոստովանելով, իրենք իրենց կամքով ձայնազուրկ մարդու անվնաս կարգավիճակի մեջ ապրում էին` լսելով ավելի խելոք մարդկանց կարծիքներն այս կամ այն երևույթի վերաբերյալ։

Այսօր բոլորին միմյանց հասանելի դարձնող մի այլասերվածության ինքնատիպ տարածք է դարձել այս համացանց կոչվածը։ Բոլոր առումներով քեզ տեսնելու հնարավորությունից “զրկված” մեկը քո արտահայտած ինչ-որ նկատառման Երկիր մոլորակի հակառակ կիսագնդից կարող է մի հիմարությամբ հակադարձել, ու եթե փորձես բացատրել, թե ինչը նրա ասածի մեջ ճիշտ չէ կամ նորմալ մարդկային տրամաբանությունից դուրս է գտնվում, հիմնավորված չէ` շատ հնարավոր է հեռվից սկսի նաև տգիտության վայրահաչոց տալ։

Եվ մոտիկ չի էդ “շնչավորը”, որ կարողանա “տեսնել”, որ դու քո գիտակցական և բարոյական սկզբունքների համար ամբողջ էությամբ ես կանգնած ու պատրաստ ես գնալու մինչև վերջ։ Կարճ ասած` իրական կյանքում դու քեզ ի զորու ես համարում նրա լեզուն մտցնելու իր համապատասխան տեղը, բայց այս վիրտուալ տարածքում նման վիժվածքը միայն նյարդերդ պիտի սղոցի…

Մի խոսքով` մարդկային հոգու աղբն այսպիսի անպարագիծ գարշանք հարուցող ակնհայտությամբ չէր երևում և ընդհանուր առմամբ մարդկության հանդեպ երևի բոլորիս մոտ մարդկային հավատը բավականին մեծ էր։ Այժմ բացահայտ կերպով երևում է, որ մարդկության (և հատկապես մեր ժողովրդի պարագայում) մի քանի տոկոսին անգամ գիտակից համարելը` որպես նրա հասցեին արված հաճոյախոսություն պիտի ընկալել…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել