«Իմ ժողովուրդը սիրում է ինձ, մի քիչ շատ, բայց սիրում է․․․». Սոս Սարգսյան
Կյանքում ոչինչ անհետ ու անհետևանք չի անցնում։ Եթե մի օր մի տեղ մի ծառ ես տնկել, տարիներ հետո դու էլ չէ, ինչ-որ մեկը պիտի նստի նրա շվաքին։ Իսկ թե մի օր մի տեղ մի ճյուղ ես կոտրել, աշխարհի երեսից մի բոռ շվաք, մի քիչ սոսափ կպակասի ու կխաթարվի տիեզերքի հավասարակշռությունը։ Կյանքում ոչինչ անհետ ու անհետևանք չի անցնում: Ամեն մարդ աշխարհ է գալիս իր ծառը տնկելու, իր ծառի ճյուղը կտրողի ձեռքը բռնելու, իրենով տիեզերական հավասարկշռությունը պահպանելու։ Ամեն մարդ աշխարհ է գալիս՝ իր հոգու կանչի հետևից գնալու։ Հոգու կանչ ասել է կոչում։ Ո՞րն է քո կոչումը, քո էության ձայնը, որին լսել պիտի սովորես…
Գիտելիքը համաշխարհային շուկայում ամենաթանկ ապրանքն է։ Գիտելիքը բարոյականություն է, մինչև անգամ՝ ազնվական արտաքին: Բայց ինչպես անենք, որ դիպլոմի փոխարեն գիտելիք ունենանք…
Արատավոր ենք մենք: Գիտենք խղճի հետ գործարքներ անել։ Անկիրթ՝ սակայն ուսուցանել գիտենք։ Անձեռնհաս՝ բայց ղեկավար։ Վերևին՝քծնել, ներքևին՝ ստորացնել։ Ձեռքը մեր կաշառք տալու-առնելու է սովոր, մեր աչքը՝ գողության, մենք սուտ արտադրող ենք ու լեզուն մեր՝ անամոթ։ Մեջքը մեր՝ անբանության սովոր։ Ստրկացնել հոգիներ և արբենալ իշանությունից անսահմանափակ։ Տիրել՝ ինչ շարժվում է, ինչ անշարժ է, ինչ ծնվել է, ինչ ծնվելու է: Մարդու կյանքն արժեք չունի մեզ համար, հոգին՝ առավել։ Հանուն գաղափարի զոհաբերել գիտենք և զոհերին չհաշվել։ Մեր ճանապարհից շնորհալիներին հեռացնելու վարպետ ենք, դիակների վրայով բարձրանալու՝ սովոր։ Մարդ չես եթե մեր ոհմակից չես և արժեք չունես: Մենք ձև ենք և ոչ բովանդակություն։ Մենք խոսք ենք և ոչ թե գործ։ Ժողովրդին ակմբել գիտենք ու դարձնել ամբոխ։ Տերերից վախենում ենք, հիստերիկ ցավագարությամբ ծափահարում։ Նախրային բառաչներով ողջունել ենք առաջնորդներին ու նսեմացրել մեր մարդ էությունը: Այն՝ ինչ տեսել ենք, այն՝ ինչ սովորել ենք․․․
Նոր խնդիրները ստիպել են մեզ նոր սխալներ անել, բայց մեկը՝ ամենաբութը, կրկնում ենք հավիտյան․ աշխարհի դաժան թոհուբոհի մեջ բարոյականություն ենք փնտրում, համառորեն արդարություն ենք ակնկալում, աղերսելով․․․
Քաղաքական գործիչն իրավունք չունի գիշերը տեսած երազները փաթաթել ժողովրդի վզին, ու եթե նա երազում անվտանգ սավառնել է անդունդների վրայով, դա դեռ չի նշանակում, թե պիտի զարթնի քնից ու ժողովրդին տանի նույն ճանապարհով:
Մեծերին զգալն ու գնահատելը մեծի գործ է: