Տարիներ առաջ էր…
«Լաստ» հեռուստաընկերությունում էի աշխատում, որն ամենօրյա լուրերի բլոկ ուներ և անդրադառնում էր տարածաշրջանային անցուդարձին։
Հերթական գործն էր արվել քաղաքում` բարերարի` «Գոռ մետալ» ընկերության ֆինանսավորմամբ։ Պատրաստվում էինք լուսաբանելու, մեկ էլ ստուդիա մտավ մի բարձրահասակ երիտասարդ (18֊20 տարեկան) և խնդրեց լուսաբանման մեջ չնշել բարերարի անունը։
Առաջինը, որ գրավեց ուշադրությունս անունն էր, (այն ժամանակ դեռ շատերին չէի ճանաչում Գորիսում) որով դիմում էր «Լաստ» հեռուստաընկերության տնօրեն Ալվարդ Մեսրոպյանը։
«Առուշ ջան թող նշենք, մարդիկ կլինեն կողջունեն, մարդիկ կլինեն կընդօրինակեն, մարդիկ կլինեն իրենք էլ ցանկություն կհայտնեն բարի գործեր անելու, կարծում եմ անուն նշելը ճիշտ է»։
Չհամաձայնվեց, բայց դա առիթ եղավ ծանոթանալու, այնուհետև ակտիվ համագործակցելու «Գոռ մետալ» ընկերության տնօրեն Առուշ Առուշանյանի հետ։
Հեռուստաընկերությունում աշխատելու տարիներին և հետո «Գոռ մետալ»֊ի գովազդային նյութերը ես էի պատրաստում, որը վերածվեց գործընկերության։ Առուշանյանի համայնքապետ լինելու տարիներին իրենից առաջարկներ եմ ստացել` համակարգել լրատվությունը, բայց սուբյեկտիվ պատճառներով չեմ համաձայնվել։
Ինչևէ, իր պաշտոնավարման յոթ տարիներին Առուշանյանի հետ որպես լրագրող համագործակցությունը կայացել է, քանի որ միշտ պատրաստակամորեն արձագանքել է բարձրացված հարցերին, լուծում տվել խնդիրներին և նորանոր ծրագրեր իրականացրել։
Քաղաքացիների կողմից բարձրացված ինչ հարցով որ դիմել եմ, Առուշանյանն արագ կազմակերպել է և լուծել այն։
Տարակարծիք տեսակետներ էլ ենք ունեցել որոշ դեպքերի և հայտնի դեմքերի հետ կապված, բայց դա չի խանգարել մեր կառուցողական համագործակցությանը։
Առուշանյանի վարած քաղաքականությանը չեմ անդրադառնա, (ես իմ կարծիքն ունեմ, ավելին որ քաղաքականությունն իմը չի)։
Արված գործերին էլ չեմ անդրադառնա, քանի որ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality ֊ը մանրակրկիտ լուսաբանել է արված գործերը։
Մի բան գիտեմ. այսօր Գորիսը բարեկարգ է և կատարելության հասնելու չափ մաքուր (որն անհամեմատելի է ՀՀ֊ի գրեթե բոլոր քաղաքների հետ)։
Հ. Գ. Այս 7 տարիներին Arush Arushanyan -ի մասին ոչ մի տեսանյութ կամ հոդված չեմ պատրաստել, որովհետև չեմ սիրում նման ձևով պաշտոնյաների աչքը մտնել (ի տարբերություն շատերի), բայց հիմա չէի կարող լռել։