Գորիսի ԲԿ-ի անհետաձգելի բաժանմունքում բավականին բարձր է դիմելիությունը։ Տարբեր տարիքային խմբերում դիմողների, ինչպես նաև շտապօգնության մեքենայով բերվողների մոտ ¼-ը գանգատվում է կրծքավանդակի շրջանում ցավից, իսկ այդ խմբի 1/3-ի մոտ տարբեր գործիքային հետազոտություններով ախտորոշվում է տարբեր տեսակի պաթոլոգիաներ` հաճախ սրտային ծագման:
Վերջին ամսվա ընթացքում անհետաձգելի բաժանմունքում սրտաբան Մամիկոն Հարությունյանին դիմած 56 բուժառուից 22-ի մոտ ախտորոշված եղել կամ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն` տարբեր ծանրությամբ։ Հիվանդներից 56-ից 17-ը գանգատվել են կրծքավանդակի շրջանում ցավից, որոնցից 6-ին ցուցվել է շտապ կորոնարոգրաֆիայի, 4-ի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ:
«Կրծքավանդակի շրջանի ցավերը կարող են լինել ինչպես սրտային ծագման, այնպես էլ արտասրտային,֊ նշում է սրտաբանը,֊ Երբ կա ցավ կրծքավանդակում, ապա այն անհրաժեշտ է խստորեն տարբերակել, քանի որ դրանցից մի քանիսը կարող են կյանքին անմիջապես վտանգ սպառնալ: Ինչպես ցավի, այնպես էլ առանց ցավի զգացողությամբ կարող են հայտնաբերվել սրտամկանի սուր ինֆարկտներ և կյանքին այլ վտանգ սպառնացող իրավիճակներ:
Ինձ դիմած 56 բուժառուից 37-ի մոտ ախտորոշված եղել կամ ախտորոշվել է զարկերակային գերճնշում, որոնցից մոտ 1/3-ի մոտ այն հայտնաբերվել է առաջին անգամ։ Իսկ մնացած հիվանդներից` որոնք տեղյակ են իրենց մոտ ախտորոշված բարձր զարկերակային ճնշումից, ¾-ը չէին կիրառում համապատասխան բուժում։ Այսինքն` գերճնշումով 37-ից մոտ 30-ը տարբեր պատճառներով չէին կիրառում օպտիմալ հիպոտենզիվ դեղորայք:
Բացի նշված ռիսկի գործոնից առկա են լինում այլ ռիսկի գործոններ, որոնք նույնպես մեծամասամբ լիարժեք շտկված չեն:
Գիտե՞ք եղանակային տարբեր իրավիճակներում մարդու օրգանիզմը գրոհվում է տարբեր արտաքին գործոններից, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պարբերաբար դիմել բժշկի` հատկապես արդեն իսկ ախտորոշված հիվանդությունների ժամանակ, որպեսզի կանխարգելվի հնարավոր իշեմիկ գրոհները, հնարավոր բարդությունները և բարելավի կյանքի որակը»֊խորհուրդ է տալիս սրտաբան Մամիկոն Հարությունյանը։
Գորիսի ԲԿ֊ն աշխատում է օր ու գիշեր, բարձր պատասխանատվությամբ և հմուտ մասնագիտական թիմով։