Բանգլադեշի «Նոբելյան վարչապետը». ապստամբած ուսանողները հավատում են, որ «չքավորների բանկիրը» կփրկի երկիրը. Արմեն Դուլյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
119 Views

Բանգլադեշի «Նոբելյան վարչապետը». ապստամբած ուսանողները հավատում են, որ «չքավորների բանկիրը» կփրկի երկիրը

Ինչպե՞ս վերահսկել ըմբոստ ուսանողներին։ Այս հարցը մտահոգել է նորանկախ Հայաստանի բոլոր իշխանություններին։ Հո գաղտնի՞ք չէ, որ մեր տարբեր պետական բուհերի ուսանողական խորհուրդների ղեկավարներից շատերը ամենասերտ կապերն են ունեցել իշխող ուժերի հետ, ավելին, հենց այդ կուսակցությունների անդամներ են եղել։ Իսկ ի՞նչ է՝ պատահակա՞ն է, որ հիմա էլ երեւանյան առաջատար համալսարանների հոգաբարձուների խորհուրդներում են ընդգրկված, ասենք՝ պաշտպանության նախարարը, գլխավոր դատախազը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Որովհետեւ նույնիսկ ամենաանփորձ ու ապիկար կառավարությունը հասկանում է՝ ուսանողությունը հզոր ուժ է, եւ ինքնակազմակերպվելու դեպքում ունակ է էնպիսի ալիք բարձրացնելու, որը կսրբի կտանի ամեն ինչ։ Ինչպես եղավ Բանգլադեշում։

Արեւմտյան լրատվամիջոցները փաստում են՝ Բանգլադեշում տարիներ շարունակ իշխող կուսակցությունների հետ փոխկապակցված ուսանողական խմբերը տարբեր եղանակներով վերահսկել են համալսարանները։ Եւ հանկարծ աներեւակայելի բան պատահեց՝ ուսանողները միավորվեցին հենց իշխանությունների դեմ։ Երկրով մեկ իսկական ուսանողական ապստամբություն սկսվեց, որի հետեւանքով տասնյակ մարդիկ զոհվեցին, բայց ի վերջո ուսանողների բոլոր նպատակները, փաստորեն, իրագործվեցին։ Վարչապետ Շեյխ Հասինան, որը 15 տարի անընդմեջ կառավարում էր երկիրը, հրաժարական տվեց, փախավ Հնդկաստան ու ապաստան խնդրեց Մեծ Բրիտանիայում, խորհրդարանը, որում գերակայում էր այդ կնոջ ղեկավարած կուսակցությունը, լուծարվեց։ Եւ վերջապես հենց այսօր Ֆրանսիայից Բանգլադեշ է վերադառնում խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամեդ Յունուսը, որին ուսանողները խնդրել են գլխավորել ժամանակավոր կառավարությունը։ Սկզբում 84-ամյա Յունուսը, որին Միջազգային օլիմպիական կոմիտեն հրավիրել էր Փարիզ՝ այնտեղ շարունակվող Օլիմպիական խաղերը դիտելու, չէր ցանկանում որեւէ պաշտոն ստանձնել, բայց ի վերջո ընդառաջ գնաց ուսանողների հորդորներին։ Այս մարդու հետ Բանգլադեշում մեծ հույսեր են կապում, չնայած նա՝ ի տարբերություն բազմաթիվ քաղաքական գործիչների, ոչ մի խոստում չի տվել։ Նա արե′լ է։

Մուհամեդ Յունուսին անվանում են «աղքատների բանկիր»։ Որովհետեւ նրա հիմնած Grameen Bank-ը հսկայական վարկեր չի տրամադրում մեծ ընկերություններին, օգնում է միլիոնավոր մարդկանց հաղթահարելու աղքատությունը եւ իրենց ընտանիքների համար անժանավայել կյանքի պայմաններ ստեղծելու։ Ինքը՝ Յունուսը, ԲիԲիՍի-ի թղթակցին պատմել է. «Երբ ավարտեցի ամերիկյան համալսարաններից մեկը եւ վերադարձա հայրենիք, գյուղում հանդիպեցի մի խումբ արհեստավորների, որոնք չէին աշխատում, որովհետեւ իրենց արհեստանոցում ինչ-որ սարք էր փչացել։ Հարցրի՝ իսկ որքա՞ն գումար է պետք նոր սարք գնելու համար։ Ասացին՝ ընդամենը 27 դոլար, բայց այդքան էլ չունենք։ Գրպանիցս հանեցի ու տվեցի նրանց այդ 27 դոլարը, եւ միաժամանակ հասկացա՝ ախր, հաճախ շատ թե քիչ բնականոն կյանք ապահովելու համար մարդկանց մի չնչին գումար է պակասում։ Ապահովի′ր հասարակ մարդուն այդ գումարով ու նա կաշխատեցնի իր արհեստանոցը, կվաճառի արտադրածը, կարգի կբերի տունը, ջրմուղ կտեղադրի, եւ ընտանիքը կսկսի ապրել նորմալ կյանքով։ Այդպես ծագեց աղքատների միկրոֆինանսավորմամբ զբաղվող դրամատուն ստեղծելու գաղափարը»։

Հոռետեսները զգուշացնում էին՝ չքավորն անմիջապես կծախսի իրեն տված փողը, մանավանդ որ վարկը չի ապհովագրված ո′չ երաշխավորագրով, ո′չ էլ գրավ դրված ունեցվածքով, եւ երբեք չի վերադարձնի գումարը։ Փորձը ցույց տվեց ճիշտ հակառակը. արդեն 2006 թվականին Grameen Bank-ը ավելի քան 5 միլիոն հաճախորդների 5 միլիարդ դոլարի վարկ էր տվել եւ վերադարձը կազմել էր 98,9 տոկոս, այսինքն, չվերադարձնողներն ընդամենը 1 տոկոս էին։ Եւ պարզվեց, որ հակառակ տարածված կարծիքին, աղքատները վերադարձնում են վարկերը։

Տնտեսագետները փաստում են՝ շատերը համոզված են, որ այն երկրները, որտեղ նավթ ու գազ չկա, արտահանելու բան էլ չունեն, Մուհամեդ Յունուսն ապացուցեց, որ դա այդպես չէ։ Նրա մշակած միկրոֆինանսավորման մոդելն այժմ Բանգլադեշի արտահանման գլխավոր «արտադրանքներից» մեկն է. սոցիալապես անապահով ընտանիքների բարեկեցությունը բարձրացնելու նպատակ ունեցող միկնոֆինանսավորումն այժմ կիրառվում է աշխարհի 35 երկրներում։ Գրեթե ամեն տարի միջազգային կազմակերպությունները համաժողովներ են անցկացնում միկրոֆինանսավորման թեմայով, 2007 թվականը ՄԱԿ-ը հայտարարել էր միկրոֆինանսավորման տարի, իսկ Մուհամեդ Յուսուֆն ընդգրկվել է աշխարհի 25 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։

Հայտնի տնտեսագետ Սեմ Դեյլի-Հարիսն այսպես է բնորոշել Մուհամեդ Յունուսին. «Բանկերը խոշոր վարկեր են տրամադրում, ինքը՝ փոքրիկ գումարներ, բանկերը հազար ու մի թուղթ եւ տեղեկանք են պահանջում, ինքը վարկավորում է մարդկանց, որոնք գրել-կարդալ էլ չգիտեն։ Այսինքն, Յունուսը միշտ հակառակն է անում։ Նա հանճար է»։ Ինքը՝ Մուհամեդ Յունուսը, «Forbes»-ի 100-ամյակի առիթով գրած իր հոդվածում բացատրել է. «Համարվում է, որ կապիտալիզմը հիմնված է ագահության վրա։ Բայց չէ՞ որ մարդիկ կարող են մտածել ոչ միայն իրենց, այլեւ ուրիշների մասին։ Այո′, փող աշխատելը երջանկություն է, բայց ուրիշներին երջանկացնելն էլ երջանկության քառակուսին է»։

Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել