Անավարտ պատմություն․ Սիլվա Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
191 Views

«Հայրի՛կ, արթնացի՛ր»,- գոչեց երիտասարդ կինը, փորձելով քնից հանել իր սկեսրայրին: Տղամարդը, դժվարությամբ բացելով աչքերը, հարցրեց.
– Ինչ-որ բա՞ն է պատահել:
– Մենք պետք է շտապ հեռանանք քաղաքից, այստեղ մնալը վտանգավոր է:
Տղամարդը, որ հարակից հիվանդություններից և երկար ամիսների թերսնվածությունից հյուծվել և անկողին էր ընկել, բացականչեց.
– Ես չեմ լքի իմ տունը, եթե ինձ վիճակված է հիմա մեռնել, կմեռնեմ իմ հայրենիքում:
– Հայրիկ, ամեն ինչ ավելի լուրջ է, քան դու ես պատկերացնում, թշնամին արդեն քաղաքի մատույցներում է, մենք սահմանափակ ժամանակ ունենք քաղաքը թողնելու համար:
Երիտասարդ կինը օգնեց սկեսրայրին հագնվել և նրանք երկուսով մտան հյուրասենյակ: Երեխաները կազմ ու պատրաստ սպասում էին նրանց:
-Մայրի՛կ, կարո՞ղ եմ տիկնիկս հետս վերցնել,-բացականչեց նրա երեքամյա դուստրը:
– Իսկ ե՞ս, վերցնե՞մ այբբենարանը ինձ հետ,- հարցրեց նրա յոթամյա դուստրը:
– Այո՛, կարող եք, – պատասխանեց երիտասարդ կինը՝ հազիվ զսպելով արցունքները: -Պապի՛կ,գիտե՞ս, որ մենք մեկնելու ենք քո մեքենայով, հայրիկը դեռ չի վերադարձել դիրքերից,- ասաց կնոջ իննամյա որդին: Տղամարդը մի պահ կարկամեց, ապա ինքն իրեն հավաքելով ասաց.
– Իհարկե, մենք իմ մեքենայով կմեկնենք, ես արդեն լավ եմ զգում:
– Մայրի՛կ, չմոռանաս տան դուռը կողպել և բանալին քեզ հետ վերցնել,- բացականչեց յոթամյա դուստրը :
– Չեմ մոռանա, դստրիկս, – պատասխանեց կինը՝ փորձելով ժպտալ:
Դրսում իրարանցում էր, խառնաշփոթ, քաղաքը դարձել էր անճանաչելի։ Դա այլևս այն քաղաքը չէր, որտեղ նրանք ապրել էին իրենց ողջ կյանքը: «Մեր կյանքն էլ այլևս առաջվանը չի լինի»,- տխրությամբ մտածեց երիտասարդ կինը:
Արդեն մթնում էր, երբ նրանք ճամփա ընկան: Շուտով նրանց մեքենան հայտնվեց մեքենաների անվերջ շարանի մեջ: Ոչ ոք չէր խոսում, նույնիսկ նրա երեքամյա դուստրը, որ հարցերի անսպառ պաշար ուներ, զարմանալիորեն լռակյաց էր դարձել:
Ճանապարհն անվերջ էր թվում: Երեխաներն արդեն քնել էին, իսկ երիտասարդ կնոջ մտքերը ամուսնու հետ էին: Երկրորդ օրն էր, ինչ նրանից լուր չուներ, մյուս աշխարհազորայինների նման նա էլ էր բարձրացել դիրքերը՝ պաշտպանելու իր հայրենի հողը:
Թշնամու զորքը բազմապատիկ էր և լավ զինված: Տղաները զոհվում էին անհավասար պայքարում: Քաղաքի հիվանդանոցը լիքն էր վիրավորներով։ Դեղամիջոցների բացակայության պատճառով՝ շատերի կյանքը փրկել չէր հաջողվում:
Կինը դեռևս հույսեր էր փայփայում, որ վաղ թե ուշ ամուսինն անփորձանք կվերադառնա իր ընտանիքի գիրկը:
Կնոջ կոպերն արդեն ծանրացել էին, երբ լսեց սկեսրայրի ձայնը․ «Ուզում եմ մի քանի րոպեով դուրս գալ մեքենայից»: Տղամարդը մեքենան հեռացրեց ճանապարհի բանուկ հատվածից, կանգնեցրեց այն և դուրս եկավ: Կինն ապարդյուն կերպով փորձում էր աչքերը բաց պահել, բայց այլևս անզոր էր հաղթահարել քունը:
Նա կտրուկ «վեր թռավ» քնից և վախեցած նայեց շուրջը: Սկեսրայրը մեքենայում չէր: Կինը զգուշությամբ դուրս եկավ մեքենայից և հեռախոսի լույսի տակ զննեց շրջակայքը: Նրանց մեքենան կանգնած էր ճանապարհի եզրին, իսկ ճանապարհից ներքև ձորն էր:
Մեքենաների հոսքը շարունակվում էր՝ չնայած թանձր մթությանը: Կինը քայլեց մեքենաների ուղղությամբ՝ փորձելով հեռախոսի լույսի օգնությամբ ուշադրություն գրավել: Մեքենաներից մեկի վարորդը նկատեց նրան, մեքենայով մոտեցավ կնոջը: Կինը վարորդին պատմեց պատահածի մասին: Վարորդը չբացառեց տղամարդու ձորն ընկնելու հավանականությունը և խոստացավ, որ տեղ հասնելուն պես օգնություն կուղարկի փրկարարական գործողությունների համար:
Կինը ողջ գիշերն անցկացրեց դրսում՝ ամբողջ մարմնով մեքենային սեղմված: Արևի առաջին շողերի հետ ժամանեց խոստացված օգնությունը: Շուտով նրա բոլոր վախերը հաստատվեցին: Փրկարարների խումբը բարձրացրեց նրա սկեսրայրի անշարժացած մարմինը, որ գտել էին ձորի ներքևի գետի ծանծաղուտում։ Կնոջը տեղեկացրին, որ մարմինը կտեղափոխեն մոտակա քաղաքի դիահերձարան:
Կինը վերադարձավ մեքենայի մոտ: Նրա տասներկուամյա որդին արդեն արթնացել և սպասում էր նրան մեքենայի մոտ: Տղային պետք չէր բացատրել տեղի ունեցածը, նա արդեն ամեն-ինչ հասկացել էր:
– Մայրիկ, բացականչեց նա,- մի՛ անհանգստացիր, ե՛ս կվարեմ մեքենան, հայրիկն է ինձ սովորեցրել մեքենա վարելը:
«Որդիս շատ արագ մեծացավ» – նկատեց մայրը միաժամանակ և՛ ցավով, և՛ հպարտությամբ:
Նրանք շարունակեցին ճամփան: Կրտսեր երեխաների հարցին, թե որտեղ է պապիկը, մայրը պատասխանեց, որ պապիկը գիշերը վատ է զգացել և շտապ օգնության մեքենան նրան հիվանդանոց է տեղափոխել: Երեխաների հարցերից խուսափելու համար, մայրը սկսեց պատմել նրանց իրենց սիրած հեքիաթները: Երբ հերթը հասավ «Կարմիր Գլխարկը» հեքիաթին, նրա երեքամյա դուստրը հանկարծ բացականչեց.
– Թող Կարմիր գլխարկը պապիկին էլ գաթա տանի, որ շուտ լավանա:
– Կարմիր գլխարկը միայն հեքիաթում է լինում -միջամտեց յոթամյա դուստրը:
– Գայլն է՞լ է միայն հեքիաթում հանդիպում,- հարցրեց կրտսերը:
Կնոջ ավագ որդին, որ մինչ այդ լռելյայն վարում էր մեքենան, հանկարծ միջամտեց.
– Գայլերը միայն հեքիաթներում չեն լինում ,բայց նրանք չափազանց շատ են, իսկ, այ, որսորդները՝ քիչ:
Մեքենայում նորից քար լռություն էր: Երիտասարդ կինը ընկավ մտքերի մեջ: Արդեն երկու օր է, ինչ ճանապարհին են: Նախկինում այդ ճանապարհը անցնում էին մոտ 2 ժամվա ընթացքում: Դեռ լավ է որ, երեխաները ուտելիք չէին պահանջում, հացի վերջին կտորները կերել էին ճանապարհ ընկնելուց առաջ:
– Մայրիկ, հապա պատուհանից դուր՛ս նայիր,- ավագ որդու ձայնը կտրեց նրա մտքի թելը: Նրանց ճանապարհն անցնում էր գյուղի միջով: Ճանապարհի երկու կողմերում ուտելիքներով բեռնված սեղանիկներ էին: Սեղանիկների հետևում կանգնած գյուղացիները ձեռքով էին անում, որ կանգնեցնեն մեքենան: Տղան զգուշորեն հեռացրեց մեքենան բանուկ ճանապարհից և կանգնեցրեց այն: Կնոջ երեքամյա դուստրը քաշեց մոր փեշը և շշնջաց նրա ականջին. «Տես , ինչքան շատ հաց ունեն»: – Դստրիկս, մենք էլ շատ հաց կունենանք, խոստանում եմ: Այլևս քաղցած չես պառկի քնելու:
Գյուղացիները, իրար հերթ չտալով, իրենց ուտելիքներն էին առաջարկում երեխաներին: Կինը մի պահ նայեց շուրջը, ավագ որդին մոտակայքում չէր: «Երևի ծանոթի է հանդիպել»,- մտածեց նա: Տղան շուտով հայտնվեց: Նա մորը մի կողմ քաշեց և ասաց.
– Հայրիկի ընկերներից մեկին հանդիպեցի: Ասաց , որ մեր հեռանալուց հետո բենզալցակայանն է պայթել , հարյուրավոր զոհեր և վիրավորներ կան…
– Իսկ հայրիկից լու՞ր չուներ ,- նվաղած ձայնով հարցրեց կինը:
– Նա միայն ասաց, որ հայրիկի անունը չի գտել, ոչ դիրքերում զոհվածների, ոչ էլ պայթյունի հետևանքով զոհվածների ցուցակներում:
– Ուրեմն անհետ կորածների գուցակում է, որդիս…
Տղան գրկեց մոր վտիտ ուսերը, ամուր սեղմեց իր կրծքին և ասաց.
– Մայրիկ, մենք պարտավոր ենք ուժեղ լինել, մենք միասին ենք: Բնակություն կհաստատենք այս գյուղում, քանի որ այն ամենամոտն է մեր ծննդավայրին, այսպես հայրիկը ավելի հեշտ կգտնի մեզ:
– Ճիշտ ես, որդիս, մեր ճանապարհը դեռ չի ավարտվել, մենք երկար ճանապարհ ունենք անցնելու միասին…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել