Մարդիկ էնքան էլ լավ չեն հասկանում իմ դժգոհության բուն պատճառը: Կարծում են՝ ինչ-որ նեղ-անձնական բաներից է գալիս: Բացի այն, որ, մեղմ ասած, տարօրինակ է, երբ զարգացած քաղաքացիական գիտակցություն է վերագրվում մի հանրությանը, որտեղ բոլորը նույն կարծիքն ունեն, նույն շարժմանն են սատարում, նույն առաջնորդին… ու դա կոչվում է դեմոկրատիա,– բացի դա, կա ավելի կարևոր մի բան:
Ես սկսել էի նկատել, թե ոնց են, կամաց-կամաց, ձևավորվում մեզանում ծիլերը լուրջ դիսկուրսի: Ովքե՞ր ենք մենք, ինչպիսի՞ պետություն ենք ուզում, ո՞րն է Հայաստանի առաքելությունն ու ուղերձը այսօրվա աշխարհում: Ես ինքս մտածում և աշխատում էի այդ ուղղությամբ: Նման դիսկուրսը հեշտ չի ծնվում, ու սկզբում շատ փխրուն է, անպաշտպան: Եկավ Նիկոլը, եկավ «շարժումը», և ամեն ինչ ոտնատակ տվեց: Այդ իմ ասած դիսկուրսը պրիմիտիվացվեց, իջեցվեց փողոցի աստիճանի, պլինտուսի աստիճանի, հասցվեց ծայրագույն պարզեցման, երկու հակառակող կողմերի պարզ բախման: Մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Մի կողմից հնից մնացած այլանդակ, թալանչի օլիգարխներն են, մյուս կողմից՝ տառապյալ, բայց հպարտ ժողովուրդը, որն էլ չի հանդուրժելու, հատկապես՝ մեր փայլուն, խոստումնալից երիտասարդությունը: Կողմնորոշվի՛ր՝ կա՛մ էս կողմից ես, կա՛մ էն կողմից»: Սերժը որպես թիրախ և սիմվոլ, որպես հե՛շտ թիրախ:
Իհարկե, եթե վաղը-մյուսօր հանվեն արագաչափերն ու կարմիր գծերը, մարդիկ կասեն՝ վերջապես առարկայական, դրական փոփոխություններ եղան մեր կյանքում: Բայց բուն դիսկուրսը իջեցվեց այս մակարդակին. Հայաստանն ուզում է լինել ՆՈՐՄԱԼ երկիր, ՆՈՐՄԱԼ օրինական երկիր, մարդիկ ուզում են ապրել ՆՈՐՄԱԼ կյանքով, ստանալ ՆՈՐՄԱԼ աշխատավարձ, ունենալ ՆՈՐՄԱԼ, բարեկեցիկ պայմաններ: Վերջին հաշվով՝ ուղերձը հետևյալն է՝ հերիք ա լափեք, թողեք մի քիչ էլ մենք ուտենք: Վերջին արժեհամակարգն այստեղ երշիկն է, ու շարժումը կարելի էր անվանել #ԵրշիկՄերշիկ: Հիմա արդեն ավելի բարդ դիսկուրսն անհնար է, պատասխանը կլինի՝ իսկ ի՞նչ վատ բան կա, որ սոված ժողովուրդը վերջապես մի կտոր հաց ու երշիկ ստանա: Վատ բան կա, բայց ես դա արդեն չեմ կարող ցույց տալ՝ ինչպես մի ժամանակ, երբ գրել էի «Չալաղաջ, չալաղաջ մինչև վերջ» տեքստը: Իսկ բոլոր ռոմանտիկ ու պաթետիկ խոսքերը՝ ազատության, սիրո, համերաշխության, ազգային զարթոնքի, համաժողովրդական միասնության, պայծառ երիտասարդության, պատմության մեջ նոր էջ բացելու մասին՝ խնդրում եմ էդ բոլորն իմ ականջը չխցկել:
Կռահում եմ առարկությունը՝ եթե առաջ կարող էիր զբաղվել քո շտուդիաներով, ապա հիմա առավել ևս ի՞նչն է քեզ խանգարում մտածել ու ստեղծագործել: Ես կասեմ՝ շատ բան է խանգարում: Նիկոլն, իրեն բնորոշ ժուռնալիստական մաներայով, դիսկուրսն իջեցրեց փողոցի մակարդակի, պոշլիացրեց և առաջարկեց հեշտ ու արագ լուծում: Բոլորն ասում են՝ սա ժողովրդի ընտրությունն է: Բայց սա իմ ընտրությունը չէր: Ուրեմն՝ ես ժողովուրդ չեմ, կարող եմ չամադանս հավաքել ու մեկնել: Մեծ հաշվով՝ դա բավականին մակերեսային ու տափակ անձնավորություն է, ու որքան էլ չծաղկազարդեն՝ միևնույն է, երևում է: Նիկոլ Փաշինյանը հրապարակի մարդ է, հրապարակից գոռալու մարդ է:
Իմ համոզմունքն է, որ Հայաստանը չի կարող լինել պարզապես ևս-մի-նորմալ-երկիր: Մեր ուզածը դա չէր, համենայն դեպս՝ իմ ուզածը դա չէր: Մարդիկ էլի կշարունակեն արտագաղթել՝ որքան էլ լավ պայմաններ չստեղծեք, որովհետև միշտ կգտնվի մի երկիր, որտեղ պայմաններն ավելի լավն են: Տարբերությունը կլինի զուտ ճաշակի հարց՝ հայկակա՞ն խոհանոցն ես նախընտրում, թե՞ թայլանդական: Միայն թե ես լուրջ կասկածներ ունեմ, որ մեզ թույլ կտան պարզապես ՆՈՐՄԱԼ երկիր լինել: Այսօրվա աշխարհի մարտահրավերներն այնքան հուժկու են, որ ճար չունես՝ պիտի համապատասխան հոգեմտավոր բարձրության վրա լինես՝ դրանց դիմակայելու համար, թե չէ ալիքը կսրբի-կտանի՝ քեզ էլ, քո տունն էլ: Либо гений, либо дерьмо – третьего не дано:
Էստեղ մնում է միայն արդարության հարցը: Մարդիկ արդարություն են ուզում (երշիկի արդար բաշխում): Արդարություն կոչվածը ամենահեշտ խաղարկվող դրամն է: Սերժը չի՛ մեղավոր, որ Հայաստանում անարդարություն է տիրում. եղեք արդար, և անարդարությունը կվերանա: Դա շատ պարզ բան է: Ու ես հույս ունեի, ես իրոք հավատում էի, որ Հայաստանը ստեղծագործող մարդու երկիր է՝ իմ երկիրն է: Որ ես էստեղ անելիք ու ասելիք ունեմ, ու ոչ միայն ես: Բայց երբ բռի ու բռնի կերպով ուզում են ՆՈՐՄԱԼ երկիր կառուցել… հա, գիտեմ, դիսկուրսն արդեն պլինտուսի աստիճանի է, և իմ գրածը զառանցանքի է նման: