Ի գիտություն Տեղ համայնքի բնակիչների
Էկոնոմիկայի նախարարության կողմից շարունակվում է Կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացումը, որի շրջանակներում գյուղացիական տնտեսությունները կարող են ձեռք բերել նաև շարժական կթի ագրեգատներ։ Շարժական կթի ագրեգատների գները տատանվում են 300-ից 500 հազար դրամի միջակայքում։ Դրանց օգտագործումը կարող է նպաստել կաթի որակական և անվտանգության ցուցանիշների բարելավմանը և դրանց համապատասխանեցմանը ստանդարտներով սահմանված չափանիշներին։
Ծրագրի շրջանակներում լիզինգը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝
մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,
տրամադրվող լիզինգի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում:
Սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի’ 6 տոկոսային կետը, իսկ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում,
լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի 20%-ի չափով կանխավճար,
յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1000.0 մլն դրամը,
հիմնական գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս: Բացի այդ, լիզինգառուի դիմումով ֆինանսական կառույցների կողմից կարող են սահմանվել լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով:
Ծրագրից օգտվելու նպատակով տնտեսվարողները կարող են դիմել հետևյալ ֆինանսական կառույցներից որևէ մեկին’ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ, «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ, «Արմսվիսբանկ», «Կոնվերս բանկ», «Ամերիաբանկ», «Արմենիա Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ, «Ինեկոբանկ», «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ, «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ և «Նորմա Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ներին, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ին, «Հայէկոնոմբանկ» և «Յունիբանկ» ԲԲԸ-ներին:
Ծրագրի պայմաններին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայք-էջից հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/page/1349: