Գերմանիայի իշխանությունները, հետևելով ԱՄՆ-ին և Եվրամիությանը, նույնպես ձեռնամուխ են եղել Վրաստանի հետ հարաբերությունների վերանայմանը։ Այդ մասին civil.ge-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։
«Ես կխոսեմ Գերմանիայի անունից և կասեմ, որ մենք նույնպես վերանայում ենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ։ Մենք շատ վաղեմի և սերտ կապեր ունենք Վրաստանի հետ։ Մենք որոշում ենք կայացրել այլևս նոր պարտավորություններ չստանձնել Վրաստանի նկատմամբ։ Այդ պատճառով Գերմանիան Վրաստանի հանդեպ նոր ֆինանսական պարտավորություններ չի ստանձնի»,- հայտարարել է Ֆիշերը։
Դեսպանը նաև հավելել է, որ գերմանացի զինվորականները հրաժարվել են մասնակցել «Արժանի գործընկեր 2024» բազմազգ զորավարժություններին, որոնք անորոշ ժամկետով հետաձգելու մասին ավելի վաղ հայտարարել էին ամերիկյան իշխանությունները: Գերմանական կողմը նաև չեղյալ է հայտարարել իրավական թեմայով վրաց-գերմանական խոշոր համաժողովներից մեկի անցկացումը, որն անցյալ տարի կայացել էր Թբիլիսիում, իսկ այժմ պետք է անցկացվեր Բեռլինում:
Հիշեցնենք, որ նախօրեին Թբիլիսիում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին հայտնել էր Վրաստանի պաշտպանության նախարարությանը 30 միլիոն եվրո հատկացնելու որոշման սառեցման մասին: Նրա խոսքով՝ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը նույնպես կասեցված է։