Գորիսի համայնքապետարանը շարունակում է ջանքեր գործադրել Քարահունջ բնակավայրի այգիներ տանող ճանապարհների բարելավման ուղղությամբ՝ նպատակ ունենալով աջակցել գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչներին։ Ներկայումս ընթանում են դեպի այգիներ տանող ճանապարհների հարթեցման աշխատանքներ, որի արդյունքում էապես կթեթևանա գյուղացիների հոգսը։
Հողային ճանապարհների հարթեցումը հնարավորություն է տալիս գյուղատնտեսական տեխնիկային և բեռնատար մեքենաներին ավելի հեշտ հասնել դաշտավայրեր ու այգիներ։ Սա իր հերթին նպաստում է գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և բերքի անվնաս տեղափոխմանը։
Բացի ճանապարհների հարթեցումից, Գորիսի համայնքապետարանը նախատեսում է նաև սկսել ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքները։ Ոռոգման ջրի հասանելիությունը կենսական նշանակություն ունի Քարահունջի գյուղատնտեսության համար, և նոր ջրագծերը կապահովեն այգիների ոռոգման կայունությունը՝ նպաստելով մշակաբույսերի աճին ու բերքատվությանը։