Մենք ինքներս պետք է հավատանք այն ամենին, ինչ սովորեցնում ենք մեր երեխաներին:
Վուդրո Վիլսոն
Ինչու՞ է կարևոր դաստիարակությունն առանց սթրեսի և պատժի: Դաստիարակությունը չափազանց բարդ, միաժամանակ շատ հետաքրքիր գործընթաց է, որովհետև այն երեխաները, ում հարգանքով և վստահությամբ են վերաբերվում, հուզականորեն ավելի կայուն են:
Տարիքային առանձնահատկություններով պայմանավորված՝ երեխաներն ավելի լիարժեք են սկսում պատկերացնել և ընկալել վարքագծի հստակ շրջանակներն ու սահմանները, ինչպես նաև ընդօրինակում սեփական շրջապատից և սովորում հարմարվել կյանքին:
Երեխաները տարբեր խառնվածքն են ունենում, և դա այն կենսաբանական հիմքն է, որի հիման վրա հետագայում ձևավորվում է բնավորությունը:
Երեխաների բնավորությունը ձևավորվում է՝ սկսած 2-5 տարեկանից, ուստի այդ տարիքի երեխաների հետ շփման ու դաստիարակության հարցում անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել:Երեխայի վրա անդադար բղավելու և նրան հաճախ պատժելու փորձառությունը ճիշտ չէ , որովհետև այդ դեպքում կարելի է բախվել բազում խնդիրների:Նման պահվածքը կարող է հանգեցնել՝
ա) հոգեբանական տրավմաների,
բ) շրջապատի հանդեպ հարգանքի բացակայության,
գ) արտաքին աշխարհին հարմարվելու և ուրիշների հետ շփվելու անկարողության:
Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է երեխայի նկատմամբ լինել շատ նրբանկատ և խուսափել տարածված սխալներից:
Դաստիարակության առանձնահատկությունները՝ խառնվածքով պայմանավորված:
Ընդհանուր առմամբ խառնվածքով պայմանավորված՝ համապատասխան մոտեցումն ավելի արդյունավետ է դարձնում շփումը երեխայի հետ, ինչպես նաև նպաստում է նրա ներդաշնակ և համակողմանի զարգացմանը: Միաժամանակ կարևոր է դիտարկել երեխայի վարքն` իրավիճակներով պայմանավորված: Այս դեպքում մոտեցումը փոքր–ինչ այլ է: Անդրադառնանք խառնվածքի տեսակներին, որոնք հիմնականում չորսն են՝ սանգվինիկ, խոլերիկ, ֆլեգմատիկ և մելանխոլիկ:
Նշենք, որ դաստիարակության տեսանկյունից սանգվինիկը ամենաճկուն և ենթարկվող խառնվածքն է:
Դաստիարակելով խոլերիկներին`ցանկալի է սահմանափակել այն արագությունը, որով նրանք ձգտում են ապրել, իսկ դրա համար անհրաժեշտ է արհեստականորեն դադար ստեղծել. օգնել նրանց նախասիրությունների, հետաքրքրությունների, առաջնահերթությունների և զբաղվածության ընտրության հարցում: Միայն այսպիսի պայմաններում փոքրիկ խոլերիկները կկարողանան իրենց բնավորությունը կիրառել ճանաչողական նպատակներով:
Ֆլեգմատիկների դաստիարակության գործընթացում ցանկալի է մեծ ուշադրություն դարձնել այնպիսի հատկությունների զարգացման վրա, ինչպիսիք են՝ հետաքրքրասիրությունը և հաղթելու ցանկությունը, կարևոր է ստեղծել հուզական իրավիճակներ, որոնք կստիպեն փոքրիկի նյարդային համակարգին առավել ակտիվ կերպով արձագանքել:
Մելանխոլիկ փոքրիկների դաստիարակության գործընթացում ցանկալի է ավելի շատ ինքնուրույնության և ընտրության հնարավորություն տալ: Այնուհանդերձ, կարևոր է հստակ պատկերացնել՝ յուրաքանչյուր խառնվածք առանձնահատուկ է, ուստի կարևոր է դաստիարակության գործընթացը կազմակերպել՝ հիմնվելով անձնային որակների և յուրահատկությունների վրա:
Ինչպես արդյունավետ խրախուսել երեխային
Խրախուսանքն առաջին հերթին պետք է լինի տեղին: Երեխային խրախուսում են օգտակար հմտության, լավ նախաձեռնության, բարի գործերի համար: Փոքրիկին խրախուսելիս կարևոր է հաշվի առնել նրա տարիքը, սեռը և անձնային առանձնահատկությունները:
Արդյունավետ խրախուսանքը իրականացվում է նպատակային: Այս դեպքում կարևոր է հարկ եղած դեպքում
հետաքրքրքրություն ցուցաբերել երեխայի հաջողությունների հանդեպ, համեմատել երեխայի նախկին և նոր ձեռքբերումները, ոգևորել և քաջալերել փոքրիկին: Երբ խոսքը վերաբերում է գովեստներին, ապա տվյալ դեպքում պետք է գովել երեխայի արարքը , այլ ոչ թե անձը:
*. Երեխային պետք է գովել այն ժամանակ, երբ նա չի սպասում: Օրինակ, երբ նկատում ենք, որ նրա
առաջադիմությունը գնալով ավելի է բարձրանում, բարձր ցուցանիշներ է գրանցում: Այս դեպքում երեխան ձգտում է ավելիին, քանի որ տեսնում է արդյունքը: Կարող ենք օգտագործել <<ապրե՛ս>>, <<կեցցե՛ս >>բառերը և շարունակել գովաբանել այնպիսի խոսքերով, որոնք տպավորիչ են երեխայի համար և դրական հույզեր են առաջացնում: Անկասկած, այդ օրը փոքրիկն ավելի երկար է հիշում:
* «Ինձ չիհաջողվում, կօգնե՞ս…»:Երբ երեխայից օգնություն ենք խնդրում կամ խորհուրդ ենք հարցնում, այդ քայլով երեխան իրեն արժևորված է զգում, ձեռք է բերում ինքնավստահություն: Այդպիսով՝ ծնողը, ուսուցիչը կամ երեխայի հետ անմիջական շփման մեջ գտնվող մեծահասակը նպաստում են նաև երեխայի մեջ ինքնասպասարկման հմտությունների ձևավորմանը. չէ՞ որ մեծերն են իրենից օգնություն հայցում և իր կարծիքը հարցնում (այս մոտեցումը նպատակահարմար է կիրառել 5 տ-ից հետո): Դրանով նպաստում ենք նաև երեխայի կայուն ինքնագնահատականի ձևավորմանը:
Միաժամանակ կան խոսքեր, որոնք նվազեցնում են երեխայի ինքնավստահությունը, օրինակ՝ եթե նրան հաճախ ենք համեմատում այլ երեխաների հետ՝ ասելով, որ մյուսներին հաջողվում է այս կամ այն գործը կատարելը, իսկ իրեն՝ ոչ: Երեխայի ուժերը թերագնահատելով՝ նշում ենք, որ անպատասխանատու է:Այս ամենը բացասաբար է անդրադառնում հատկապես այն ժամանակ, երբ փոքրիկին դիտողություն ենք անում ուրիշների ներկայությամբ: Ցանկալի չէ նաև սեփական օրինակը բերել՝ նշելով, որ այդ տարիքում իրենց ամեն ինչ հաջողվում էր:
Ի վերջո, երեխայի համար իսկական ուրախություն ու խրախուսանք կարող է լինել մեղմ հայացքը, քնքուշ հպումը, գրկախառնությունը, խաղերը, մի խոսքով, այն ամենը, ինչ անվանում են սիրո և վստահության լեզու:
Սիրո և վստահության լեզուներն են՝ նվերները, օգնությունը, ժամանակը, բառերը, հպումները:
Ներկայացնենք իրավիճակներ, որտեղ հստակ ներկայացված է, թե երեխան դրանցից որի կարիքն ունի տվյալ պահին, նույնը նաև մեծահասակների դեպքում է:
Նվերներ. Ես վստահ չեմ, որ նրանք ինձ սիրում են: Երբեք ինձ անակնկալներ չեն մատուցել, ինչպես Արմենին: Գնում են այն, ինչ ինձ պետք չէ, չգիտեն նույնիսկ , թե ինչ կուզենայի ստանալ ծննդյանս օրը:
Օգնություն. Ինձ ոչ-ոք չի օգնում ՝ կատարեմ տնային աշխատանքները, ահա թե որն է վատ գնահատականներիս պատճառը:
Բառեր. Երբ նա ինձ ասաց, որ անպատասխանատու եմ, որ չեմ փոխվի և երբեք չեմ հասնի նպատակիս: Ասում է, որ անհարգալից եմ և անշնորհք:
Ժամանակ. Երբ ես փորձում եմ խոսել ծնողներիս հետ, ինձ երբեք ժամանակ չեն հատկացնում. կամ հեռուստացույց են դիտում կամ տնային գործերով են զբաղված, կամ էլ՝ ինչ-որ ուրիշ բան են անում:
Հպումներ. Իմ հայրն ինձ այլևս չի գրկում, ինչպես առաջ: Երևի կարծում է, որ արդեն մեծ եմ և այլևս դրա կարիքը չունեմ: Բայց ես կարոտում եմ նրա գրկախառնություններին: Դրանք ինձ ստիպում են զգալ, որ ես առանձնահատուկ եմ:
Ժենյա Վարդանյան
Հոգեբան, Եվրոպական քոուչինգի ֆեդերացիայի քոուչ( ECF),փորձագետ, թրեյներ