«Ադրբեջանի հատուկ ծառայությունները վճռականորեն կճնշեն ցանկացած բացասական իրավիճակ»,֊ հայտարարել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Ալի Նագիևը՝ հուլիսի 26-ին Չոլպոն-Աթա քաղաքում ելույթ ունենալով թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների 24-րդ խորհրդաժողովի հանդիպման ժամանակ։
Իր ելույթում նա նշել է, որ որոշ հարևան երկրների տարածքում մի շարք արմատական շրջանակների գործունեությունը կանոնավոր կերպով շարունակվում է, որի նպատակն է խարխլել կայունությունն ու անդորրը տարածաշրջանում և Ադրբեջանի ներսում։
Ալի Նագիևն ընդգծել է. «Ցավոք, Հայաստանում ռեւանշիստական ուժերը դեռ չեն հրաժարվել իրենց սադրիչ մտադրություններից, և այս երկրի ընդդիմությունը լուրջ փորձեր է անում խաթարելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը»։
Պետական անվտանգության ծառայության ղեկավարը նշել է նաև, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների զգոնության արդյունքում սրա հետ կապված հնարավոր բացասական իրավիճակները վճռականորեն կկանխվեն։
