Անհրաժեշտ է ստեղծել նորագույն տեխնոլոգիաների մշակման և կիրառման վերահսկող մարմին․ Արտակ Հովսեփյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Տարվա կիսատ մնացած գործերից

Հուլիսի 23֊ին Ազգային արագացման հանրային նախաձեռնությունը հանդես եկավ նորագույն տեխնոլոգիաների մշակման և կիրառման վերահսկող ազգային մարմնի ստեղծելու առաջարկությամբ ելնելով այն խոր համոզմունքից, որ մենք թևակոխել ենք տեխնոլոգիաների աննախադեպ կիրառման ժամանակաշրջան, երբ ազգերի հաղթաթղթերը պայմանավորված են լինելու ոչ այնքան մարդկային ռեսուրսներով, որքան տնօրինած տեխնոլոգիաներով։Պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ նոր տեխնոլոգիաները վճռորոշ դեր են կատարել աշխարհաքաղաքական քարտեզների ձևավորման հարցում։ Առավել նշանակալից են եղել վառոդի և միջուկային զենքի գյուտերը։ Այսօր այդ դերակատարությունն ունի արհեստական բանականությունը համընդհանուր մեքենայացման, ռոբոտաշինության հետ միասին, որի կանխատեսվող ազդեցությունը լինելու է աննախադեպ։

44֊օրյա պատերազմը և մինչև օրս մեր դեմ շարունակվող հիբրիդային արշավը հստակորեն ցույց տվեցին տեխնոլոգիական նոր միջոցների վճռորոշ դերակատարությունը։ Հայկական կողմը անկարող գտնվեց պաշտպանվել անօդաչու սարքերից, ինքնակառավարվող հռթիռներից, որոնց զանգվածային կիրառումն աննախադեպ էր 44֊օրյա պատերազմի ընթացքում։ Միաժամանակ թշնամական ճամբարը գործի դրեց նաև հիբրիդային բոլոր զենքերը՝ նոր տեխնոլոգիական հենքով։

60 հազար «հայալեզու օգտատերերը»՝ ֆեյքային ֆաբրիկաները, քարոզչական առավելապես մեքենայական կառույցներն իրենց գրառումներով, մեդիանյութերով ուղղակի կաթվածահար արեցին հայկական համացանցը և պայթեցրեցին հանրային դաշտը պատերազմի առաջին շաբաթից հետո։ Այսօր էլ այդ կառույցները արևմտյան ու բավականաչափ ռուսական ֆաբրիկաների հետ ձեռք֊ձեռքի բռնած շարունակում են իրենց սև գործը` հողին հավասարեցնելով այն ամենը, ինչ մնացել էր հայ հասարակությունից վիրտուալ՝ համացանցային տարածքում։ Արդյունքում հայկական գործոնը և սուբյեկտայնությունը, համարձակ կարելի է ասել, որ զերոյացվել են՝ դառնալով ծիծաղի և քամահրանքի առարկա ամբողջ աշխարհով մեկ։

Անհնար է հիշել մեկ պարտված ազգի, որն այսքան ողորմելի ու անպաշտպան վիճակում հայտնվեր, որպիսին այսօր ներկայանում է հայությունը, որն անգամ զրկված է որևէ ազգի կամ համայնքի բարոյական աջակցությունից։Հետևաբար պետք է օր առաջ գնահատել և համարժեք արձագանքել նոր տեխնոլոգիական մարտահրավերներին ու սպառնալիքներին։

Առաջին անգամ դրանք հստակորեն ձևակերպվել են տխրահռչակ Կլաուս Շվաբի «4֊րդ արդյունաբերական հեղափոխություն» կոչվող հռչակագիր֊ծրագրում։ Ինչպես արդարացիորեն ահազանգում են դարի լավագույն մտածողները, այդ հեղափոխության օբյեկտը ոչ թե շրջակա միջավայրն է, ինչպես նախորդների դեպքում, այլ հենց մարդն է։ Հենց մարդկային վարքագծի կառավարումն է դառնում հեգեմոն ուժերի գերագույն նպատակ «հետկապիտալիզմ» (post-capitalism) կոչվող ժամանակաշրջանում։

Եւ այստեղ նրանք հայտարարում են, որ կանգ չեն առնելու մարդու անձնական տարածք, անգամ կենսաբանական մարմին ներխուժելու և ոչ մի փորձի առջև։ Կարծում եմ կարիք չկա հերթական անգամ կրկնելու, որ այս թիրախային «նոր նորմալ» աննորմալությունը զուրկ պետք է լինի բոլոր ավանդական տեսակային առանձնահատկություններից, այդ թվում ազգությունից, դավանանքից, համայնքային ավանդական կապերից։ Թիրախավորված է անգամ հասարակության առաջնային օղակը՝ ընտանիքը սեռային պատկանելիության ագրեսիվ փորձարկումների հետևանքով։

Եթե արևելյան տափաստաններից ներխուժած քոչվոր ցեղերը Չինաստանից բերած վառոդով ուղղակիորեն հայաթափեցին Հայկական լեռնաշխարհը, ապա մեծ երևակայություն պետք չէ պատկերացնելու, թե ինչ սարսափելի հետևանքներ կլինեն հայկական այս վերջին օջախում բնակվողների համար, երբ միաժամանակ գործի դրվեն նորագույն տեխնոլոգիական բոլոր գործիքները՝ զենքերը խորքային այն ուժերի կողմից, որոնք մենաշնորհային եղանակով այս պահին վերահսկում են համաշխարհային ռեսուրսների գերակշիռ մասը և ճակատագրի հեգնանքով խաղադրույք են կատարել թուրք֊ադրբեջանական֊իսրայելական֊պակիստանական դաշինքի վրա։

Հանրային ամենաբարձր հեղինակություններից բաղկացած խումբը՝ խորհուրդը, որը մենք առաջարկել ենք ձևավորել, պետք է մշակի համարժեք պաշտպանության՝ տեխնոլոգիական վերազինման ծրագիր առավելապես սեփական միջոցներով։

Ծրագրի առանցքը պետք է լինի արհեստական բանականության մշակումը զուտ ազգային հայեցողությամբ ու նպատակահարմարությամբ։ Առաջնահերթորեն պետք է ձերբազատվել «արհեստական» տերմինից, որն առավելապես ասոցիացվում է դրսից եկող լուրջ վտանգների ու սպառնալիքների հետ, և փոխարինել այն (ազգային) «հավաքական» բառով, որը ի սկզբանե ցույց կտա, որ մեր նպատակը մեքենայական այնպիսի բանականությունն է, որն արտացոլելու է հայերեն լեզվամտածողության վրա հիմնված մեր հավաքական գիտակցությունը պատմական իր բոլոր շերտերով, ազգապահպան հիմնասյուներով, դարերի փորձություն անցած բարոյական, արժեքային, արդար կառավարման և համակեցության նորմերով ու պատկերացումներով։

Միայն այս պարագայում այդ հզոր զենքը կպաշտպանի մեզ օտար ազդեցություններից և չի վնասի առանց այն էլ ագրեսիվ քաղտեխնոլոգիաներով մշակված հանրային փխրուն օրգանիզմը։Անհրաժեշտ է մշակել էթիկական հստակ նորմեր Հայաստանում ձևավորվող տեխնոլոգիական այս նոր ոլորտի համար, որոնք թույլ կտան վերահսկելի դարձնել այնտեղ իրականացվող բոլոր աշխատանքները, որպեսզի նոր տեխնոլոգիաները որպես սուր դանակ օգնեն, պաշտպանեն, այլ ոչ թե վնասեն։

Ոլորտը կարիք ունի մասնագիտական կոդեքսի։ Յուրաքանչյուր մասնագետ պարտավոր է հետևել նրան իր մշակումների ժամանակ։ Բանական համակարգեր մշակող մասնագետը պակաս պատասխանատվություն չի կրում, քան բժիշկը կամ զինվորականը, քանզի ժամանակակից պայմաններում այս մասնագետներից ավելի քան կախված է թե մարդկանց ֆիզիկական գոյությունը և թե մտավոր ու հոգեբանական վիճակը։ Խնդիրը բարդ է նրանով, որ Հայաստանի ՏՏ և ինժեներական համայնքը Կարեն Վարդանյանից հետո ապակողմնորոշված է և կրկին բռնել է օտար երկրներին ու վերազգային կորպորացիաներին լաքեյական ծառայություններ մատուցելու արատավոր ուղին։

Ավելի ցավալի է այն փաստը, որ նրանցից շատերը դարձել են ապազգային այս իշխանության հենարան՝ իրենց ակնհայտ կոլաբորացիոնիսական վարքագծով։Ընդհանուր առմամբ Բարձրագույն վերահսկողական այս մարմինը պետք է կատարի հետևյալ գործառույթները․ ֊ նախանշի գերակա ուղղությունները, ֊ ուղղորդի ծրագրային աշխատանքները, ֊ անհրաժեշտության դեպքում նպատակաուղղի հանրային ռեսուրսներ կոնկրետ խնդիրների լուծման վրա կամ ընդհակառակը արգելափակի այն նախագծերը, որոնք ընթանում են կասկածելի ուղիներով կամ հայտնվել են տեղապտույտի մեջ՝ վատնելով թանկարժեք ռեսուրսներ։

Փորձագիտական խմբերի ձևավորմամբ Խորհուրդը պետք է մշակի օրենսդրական առաջարկություններ ԱԺ֊ի համար։ Բարձրագույն վերահսկողական մարմինը կարող է և պետք դառնա նոր ձևավորվող ազգային ցանցի հոգեբարձուների խորհուրդ։

Այս վերջին ամիսների ընթացքում մենք հանդիպումներ և քննարկումներ ենք անցկացրել բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ունենալով հանրայինբարձր հեղինակություն կարող են առաջադրվել որպես նորագույն տեխնոլոգիաների մշակման և կիրառման վերահսկող մարմնի թեկնածուներ։

Այս պահին թեկնածությունների թարմացված ցուցակը ունի հետևյալ տեսք․

Վահրամ Մխիթարյան ֊ ֆիզիկոս, ԳԱ Ֆիզիկայի ինստուտի գիտաշխատող, հայերենի թվայնացման պիոներ, «ՀայՀամակարգիչ» ընկերության հիմնադիր, որը մշակել է առաջին հայկական ստեղնաշարը, տառատեսակները և թվայնացման հիմնական ստանդարտները

Հրանտ Հրաչի Խաչատրյան ֊ Ճարտարագետ-ռադիոտեխնիկ, Անկախության հռչակագրի հեղինակ

Կարին Տոնոյան ֊ հայ բանասեր, լրագրող, հաղորդավար։ «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն

Գոհար Ջրբաշյան ֊ Ժողովրդագրության և առողջապահության քաղաքականության մասնագետ

Կարինե Նալչաջյան, հ․գ․թ, հոգեբան, Էթնիկական հոգեբանության մասնագետ

Տարոն Սիմոնյան – Taron Simonyan, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, իրավաբան, պետական գործիչ և քաղաքական գործիչ, ԱՐԲԱՆԷ․ «և զարթնում է լաոն» | Մենագրություն և 20֊ից ավել գիտական հրապարակումների հեղինակ

Gayane Harutyunyan, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտաշխատող, առաջադեմ տեխնոլոգիական հիմքով ռազմաարդյունաբերության հայեցակարգի հեղինակ

Aram Baghyan, ՀՀ ռազմաօդային ուժերի մայոր, ավիացիոն ինժեներ, ներկայումս ռազմաարդյունաբերական ոլորտում առաջատար մասնագետ և կառավարիչ։

Դեռևս իրենց համաձայնությունը չեն տվել Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, որի պատճառով էլ հետաձգվում է այս կարևոր ինստիտուտի կայացումը։ Մենք դեռևս ելնում ենք այն համոզմունքից, որ առանց Եկեղեցու ոչ մի ինստիտուտ կամ կառույց չի կարող կոչվել լիարժեք ազգային։Անձամբ ես 2021 թվականի ընթացքում բազմիցս անգամ խոնարհորեն լսել եմ մեր Եկեղեցու սուր քննադատությունն ու կշտամբանքները, թեև, անկեղծ ասած, 25 տարի հեռու լինելով Հայաստանից ես ուղիղ պատասխանատվություն չեմ կրում կատարվածի համար։ Ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, թե էլ ինչ նախապայմաններ ու հանգամանքներ են պետք, որ Եկեղեցին գոնե մեկ ընդառաջ քայլ անի դեպի այն ուժերը, որոնք ամեն ինչ մի կողմ դնելով կամավորագրվել և փորձում են հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնել։

Ընդամենը մի օրինակ․ եթե այս տարվա մարտին Եկեղեցին արձագանքեր Աշխարհաժողով նախաձեռնության կոչին, միգուցե Հայաստանը չէր ստանա արտահերթ ընտրություններ կոչված խայտառակությունը, որը վերատադրելով կապիտուլյանտ ու ռենեգատ ուժերի իշխանությունը էլ ավելի խորացրեց այս առանց այն էլ անտանելի քաղաքական ճգնաժամը։Ինչևէ, հակաճգնաժամային կառավարումն ունի իր տրամաբանությունն ու կանոնները։ Եկեղեցին կմասնակցի թե չի մասնակցի այս կոնկրետ նախաձեռնությանը, Բարձրագույն այս խորհուրդը անպայմանորեն կայանալու է։Ես ներողություն եմ խնդրում բոլոր թեկնածուներից և հավաստացնում եմ, որ շատ մոտ ժամանակներում մեկնարկելու են կազմակերպչական աշխատանքները։

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

Թողեք մեկնաբանություն

Բաժանորդագրվել