Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Դեկտեմբերի 10-ին Դավիթ Սարապյանի ՝ առասպելական Դևի հիշատակի օրն էր

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

Այսօր Դավիթ Սարապյանի՝ առասպելական Դևի հիշատակի օրն է

Հադրութի Տողը Դավիթ Սարապյանի նախնյաց տունն էր: Հադրութի Տողը պետք է ազատագրվեր:

Եվ ՏՈՂն առաջինն էր, որ ազատագրվեց Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Անհնարինի դեմ համարձակ մտքով ու սլացիկ հասակով ելած Դևն էր, որ լեգենդար Կոմանդոսին առաջարկելու էր մի քանի ուղղություններից գրոհ սկսել, երբ ավարտած լինի իր փառահեղ գիշերային գործողությունը:

Իր պապական տունը թշնամու շտաբ էր դարձել: Երբ ինքը գիշերվա խավարում հասներ իր մանկության կտուրներին, երբ ռուսերենով դուրս հրավիրեր ազերի ՕՄՕՆ-ականների հրամանատարին ու նռնակը «նվիրեր» նրան, ու երբ նախնյաց տունն անհրաժեշտաբար ճարճատեր կրակների մեջ, բուն ռազմական գործողությունը կարող էր մեկնարկել: Ինքը պատրաստ էր չվերադառնալ այդ առաքելությունից:

Արկադի Տեր-Թադևոսյանը հետագայում բոլոր առիթներով պիտի շեշտեր, թե ով է իրականում իրեն՝ ռազմական գործի գիտակ ու փորձառու սպային, վտանգներն ու հնարավորությունները ռազմական տրամաբանությամբ հաշվարկող զինվորականին «ստիպել» անհնարը հնարավոր դարձնել:

«Դավիթն ասաց մի բան, որը…հետո հասկացա՝ հիմքն էր մեր հաղթանակի․․․ «Оборона смерти подобна, մենք էդ գյուղը պիտի ազատենք»․․․ 4 հոգի ինքը, 20 հոգի՝ ես․․․, չհասկացա՝ ո՞նց կարող էինք սովետական բանակի դեմ դուրս գալ՝ 200 հոգի։ Կան մարդիկ, ․․․ որոնց մարտական ոգին այնքան ուժեղ էր, որ․․․ իրենք պիտի զոհաբերվեին հերոսաբար․․․ Դավիթն ինձ ուժ տվեց, ․․․ Դավիթն իմ մեջ թողեց այն սկիզբը․․․, որ ես հավատացի, որ մենք կարող ենք անել այն, ինչ արեցինք Ղարաղաբում»։

Հադրութի Տողը ազատագրվեց: Դավիթը ողջ մնաց: Վերադարձավ Երևան, որ մորն ասեր՝ քո գյուղը վերադարձրի, հաջորդը հայրիկի Կարինն է: Եվ նորից մեկնեց Արցախ: Մշտապես ամենաթեժ կետերում էր: Շահումյանի շրջանի մահաբեր մարտերում: Թոդանի ազատագրումը նրա հերթական նվաճումը դարձավ: Ուզում էր բարձունքում վայելել այն: Այնտեղ էլ ընկավ դարանակալ թշնամու գնդակից…

30 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 10-ին:

30 տարի հետո այս օրը Հադրութի Տողը վերստին պիտի ազատագրվի: Ո՞վ է մեզնից հաջորդ Դավիթը: Երանի՜ պատասխանը «ես»-ի փոխարեն «մենք»-ը լինի:

Մենք լավ պատմություն չունենք, բայց այն գեղեցիկ է: Այդ պատմության մեջ Սասնա տան որդիներն առասպելանում են, Արմաղանները նոր Դավիթներ ծնում, այդ պատմության մեջ ոգեղենությունը խանգարում է մեզ իսպառ ոչնչանալ, բայց այդ պատմությունը նաև հոգնել է մեզանից և դեռ համբերատար սպասում է, որ Մարմնի զոհաբերությունը մի օր վերածվի ամենօրյա կարգապահության, անդադար աշխատանքի ու պատասխանատվության, վերջապես՝ մտքի ու գիտության թռիչքների:

Դավի՛թ, օգնի՛ր մեզ քո անմահության բարձունքներից:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել