Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Լույս է տեսել պատմաբան Գրիշա Սմբատյանի «Կապան․ հետապնդող հիշողություն» աշխատությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Լույս է տեսել պատմաբան, բանահավաք, մանկավարժ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012 թ.), Սյունիքի գրչության կյանքում մեծ ներդրում ունեցող անխոնջ եւ պայծառ մտավորականներից մեկի՝ Գրիշա Սմբատյանի “Կապան․ հետապնդող հիշողություն” աշխատությունը։ Գիրքը ընդգրկում է 20-րդ դարի առաջին կեսի կապանյան իրադարձությունները: Այն հեղինակի՝ աքսորի պատմությանը նվիրված հերթական ուսումնասիրությունն է, որ բովանդակում է հիշողություններ Կապանի անցյալից: Հեղինակի օգտագործած վավերագրությունները, հուշագրությունները, սեփական նախաձեռնությամբ գրառված հաղորդումները, արխիվային նյութերը հիմք են եղել աշխատանքի փաստագրականության եւ գիտականության համար: Առանձին հատվածներում հանդիպում են պատմաբանի պարզաբանումները, ծանոթագրությունները, պատմական տարբեր դեպքերին վերաբերող գնահատականները: Գրիշա Սմբատյանը լավագույնս ծանոթ է Կապանի ամեն մի գյուղի՝ 20-րդ դարի երկրորդ քառորդի դեպքերին, անձանց, մասնավորապես բռնադատվածների եւ նրանց ընտանիքների ճակատագրերին: Նվիրումով եւ տարեգրի դիտողականությամբ կազմված աշխատությունը բարձր գնահատանքի է արժանի ոչ միայն աքսորագիտության բնագավառում, այլեւ Սյունիքի պատմության բազմադարյան էջերի ցանկում: Անաչառ վերաբերմունք է նկատվում գրքում ընդգրկված դեպքերը եւ անձերը քննելիս, որը ավելի ուշագրավ ու արժեքավոր է դարձնում աշխատությունը թե՛ գիտականության, թե՛ հուշագրականության տեսանկյունից:


Առանձնահատուկ լեզու եւ ոճ ունի գիրքը: Հեղինակը հնարավորինս փորձել է հետեւել ժամանակաշրջանի լեզվամտածողությանը: Պահպանված են փաստագրական նյութերի բնագրային հիմնական արտահայտությունները, պատումի շարահյուսվածքը: Խոսքը կենդանի է, անմիջական, ընկալելի: Չնայած գրքի գիտավավերագրական ուղղվածությանը՝ այդուհանդերձ, այն հեշտ է ընթերցվում, գյուղական աշխարհի տխուր հիշողությունները ընթերցողին մասնակից են դարձնում անցյալի դեպքերին: Ցավն էլ կարծես հիշողություն ունի… Երբ թվում է՝ ամեն ինչ ավարտված է, եւ կյանքը նոր ընթացք է ստանում, հանկարծ մասնակից ես լինում մի նոր ցավի տխրահանդեսին, որի նախափորձը ձեւավորվել էր անցյալում ու հետապնդում է մարդուն որպես անցյալից վաստակած ցավի արձագանք… Գրքում ընթերցողը կնկատի, թե ինչպես է հեղինակը փորձում լավատեսորեն միջամտել դեպքերին ու ճակատագրերին, որովհետեւ այդպես էին ապրում նաեւ մոտ անցյալի մշակն ու խաշնարածը, բանվորն ու ինժեները՝ հոգսաշատ, բայց ուրախ, սովյալ, բայց հույսով, աքսորված, բայց վերադարձի սպասումով, անհանցանք բանտարկված, բայց ազատության տենչով… Գրքի ոչ մի տողում լավատեսությունը չի լքում հերոսներին… Գիրքը պարուրված է խոր փիլիսոփայությամբ, «մարդուն» փնտրելու եւ գտնելու աստվածաշնչյան խորհրդով… Սյունիքի քերթողական դպրոցը շատ աշխատություններ է թողել հայոց մեջ: Այս գիրքը իր լիիրավ դերն ու գնահատականն է ունենալու Սյունիքի մատենագրության ցանկում: Մեծահույս եմ, որ այս շնորհակալ աշխատանքը շարունակական կլինի:

Նյութը sarc.am կայքէջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել