Հայաստանում գիտության արագ և շարունակական զարգացման համար պետք են մասշտաբային ծրագրեր․ ԵՄ Դեսպան

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ԵՄ պատվիրակությունում հյուրընկալել էր «Գիտուժ» նախաձեռնության անդամներին։ Այս մասին տեղեկացնում է նախաձեռնության լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանում գիտության զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու դրանց հաղթահարման հնարավոր հեռանկարները, ինչպես նաև գիտության մեջ առկա ներուժի գնահատման և ռազմավարության մշակման կարևորությունը։   

Քննարկման ընթացքում դեսպանը հատուկ ընդգծել է գիտական էկոհամակարգի զարգացման, հետազոտությունների և ենթակառուցվածքների արդիականացման ու միջավայրի բարելավման մեջ պետական և մասնավոր ներդրումների կենսական նշանակությունը՝ Հայաստանի տնտեսական առաջխաղացման և հասարակության բարեկեցության համար։  

«Հայաստանին անհրաժեշտ է գիտության ոլորտի կուռ ռազմավարություն և հարակից՝ իրականացումն ապահովող բարեփոխումներ` կառավարման, ֆինանսավորման և գիտահետազոտական հաստատությունների էկոհամակարգի ուղղություններով։ ԵՄ-ն այսուհետ ևս հանձնառու է աջակցելու բարեփոխումներին, ներդրումներին և զարգացմանը Հայաստանում»,- ընդգծել  է դեսպանը հանդիպման ընթացքում։  

Ըստ դեսպանի՝ Հայաստանին տրվող ԵՄ-ի 2,6 մլրդ եվրո աջակցությամբ իրականացվող ուղենշային ծրագրերում հատուկ տեղ ունեն գիտության ու նորարարության  զարգացման, ինչպես նաև գիտական ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված ծրագրերը։ «Հարկավոր է, որպեսզի Հայաստանի կառավարությունը՝ գիտակցելով առաջնահերթությունները, հստակ ռազմավարություն ունենա, գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախագծեր մշակի և ընդգրկի ԵՄ-ի աջակցությամբ իրականացվելիք ծրագրերի մեջ»,- հավելել է դեսպանը։

«Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանում գիտական էկոհամակարգի արագ և շարունակական զարգացումն ապահովելու համար Հայաստանին պետք են համարձակ և մասշտաբային ծրագրեր իրականացնել՝ ներդրումներ կատարել գիտական ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացման մեջ։ «Այս առումով կարծում ենք, որ ԵՄ աջակցության ծրագրի 3-րդ ուղենիշի շրջանակում պետք է գիտության զարգացմանը և գիտական ենթակառուցվածքների արդիականացմանը նպաստող ծրագրեր իրականացվեն։ Օրինակ, այդպիսի ծրագրերից կարող են լինել գիտական գերազանցության կենտրոնների ստեղծումը և զարգացումը», հավելեց Արամ Ջիվանյանը։ 

«Գիտուժ» նախաձեռնությունն ուրախ է տեսնել, թե ինչպես է ԵՄ դեսպանը հատուկ ընդգծում և կարևորում գիտությանը տրվող հատկացումների նշանակությունը և խրախուսում գիտատեխնիկական գործունեության ծրագրերի մեջ ներդրումներ կատարելը։ 

«Եթե մենք ուզում ենք ունենալ մրցունակ և ժամանակակից գիտություն, ապա մեր առաջիկա գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի համապատասխան ռազմավարության մշակումը և գիտական  էկոհամակարգի զարգացմանը նպաստող հավակնոտ գիտական ծրագրերի իրականացումը»,- ասում է «Գիտուժ»-ի անդամ Աշոտ Արզումանյանը։

Նյութը hetq.am կայքէջից

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

Թողեք մեկնաբանություն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել