Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ազգային անվտանգությունը շատ լուրջ գործունեություն պետք է ծավալի. Սոֆյա Հովսեփյանը՝ Մայր Հայաստանի արձանի շուրջ քննարկումների մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Լոս -Անջելեսում բնակվող և ֆեյսբուքյան հայկական տիրույթում հետևորդների մեծ թիվ ունեցող, Նիկոլ Փաշինյանին անմնացորդ հավատարիմ Քրիստինե Հալաջյանը իր վերջին ուղիղ եթերներից մեկում անդրադարձել է Գյումրիում տեղադրված «Մայր Հայաստանի» արձանին։ Վերջինս հայտարարել է, որ մեծ ամոթ է արձանի կուրծքն ու ոտքերը բաց լինելը։ Այս ուղիղ եթերին շատերն էին անդրադարձել՝ սա որակելով որպես անկախ Հայաստանի, Մայր Հայրենիքի գաղափարի դեմ ուղիղ հարձակում։ Թեմային անդրադարձել էր նաև 7-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ինչին հաջորդել էր Հալաջյանի (հանրության շրջանում հայտնի է «Լոսի Քիսո» մականունով), հետևորդների, ֆեյքերի մասսայական հարձակումը։ Իրականում սա բավականին վաղուց սկսված գործընթաց էր և տարբեր պահերի գլուխ էր բարձրացնում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սոֆյա Հովսեփյանը։

«Սա ամենաթողության հետևանք է, երբ ինչ-որ մարդիկ իրենց շատ կարևորված են զգում, որովհետև խոսում են իշխանության օգտին և իշխանությունը որևէ կերպ չի կանխում այդ դատարկ խոսակցությունները, հայհոյանքները, մեղադրանքները ցանկացած անձի հանդեպ։ Եվ իրենք դրանից ոգևորվում են ու արդյունքում սկսում են տարբեր ուղղություններով քիթները խոթել։ Այս ամենը սկսել է դեռ բավականին վաղ՝ հետպատերազմյան ժամանակահատվածում։ Ասեմ, թե ճանապարհը ինչպես է գծվել։ Լսել եմ, որ Ամերիկայից գումարներ էին գալիս զոհվածների ընտանիքների համար ու կային Գյումրիում ու տարբեր մարզերում խմբեր, ովքեր տանում այդ ընտանիքներին գումար էին տալիս, տեսանյութեր էին նկարում, հրապարակում էին, որ Ամերիկայից ուղարկվել է և հենց այդ աղջկա կուրացիայով էր այդ ամեն ինչը արվում։ Հիմա ինքը եկել է Հայաստան, գնացել է Գյումրի, նույն այդ խմբերի հետ այցելել է Յոթ վերք եկեղեցին, որտեղ անհասկանալի ինչ-որ աղոթքներ է արել։ Դրանից առաջ ինքը տեսանյութ էր հրապարակել, որ նորից ինչ-որ տեղեր աղոթքներ է արել՝ աղանդավորական ինչ-որ վիճակներում, իր մեքենայից ուղիղ եթերներ էր հրապարակում, որտեղ աղոթում են, չար ուժեր են վանում և այլն, և այլն։ Դրան հաջորդեց արդեն Մայր Հայաստանի արձանի հետ կապված խոսակցությունները»,-ասաց Հովսեփյանը։

Նախկին պատգամավորը նշեց, որ սա միտումնավոր, արժեքային ցանկացած բան ոչնչացնելու մեծ ցանկությամբ սանձարձակություն ունեցող մարդկանց մեծ համախումբ է, որ իրար գտել են՝ օգտվելով նաև պատերազմից ու ճգնաժամային իրավիճակից։ Հատկապես որ շատերը սահմանային լարվածությունների ֆոնին նմանատիպ հարցերին կարող են բավականաչափ կարևորություն չտալ։

«Օրինակ սահմանային լարվածությունը հաստատ մեզ թույլ չի տալիս ուշադրություն դարձնել քիսոների, արտյումների կամ ինչ-որ մարդկանց վրա, ռոմանների և այլնի, իրենք այդ առիթն օգտագործում են, գտնում են այդ թույլ լսարանը, մեծացնում և ժամանակ առ ժամանակ տարբեր գաղափարներ են առաջ քաշում։ Հիմա էլ հերթը հասել է Գյումրու Մայր Հայաստանին, խոսվում է այսպես ասած ամոթից, որ կուրծքը բաց արձան է, որ ինքը չգիտեր, որ մայր կոչվածի սիմվոլը պետք է ամաչի, որովհետև դա Քիսոյին դուր չի գալիս կամ սատանայական, չար ուժեր են և այլն և այլն։ Եվ ամենասարսափելին նաև այն է, որ այդ տեսանյութերն այնքան տարածում են ունեցել, որ մանկավարժների շրջանակում արդեն կան հավանություններ։ Իսկ դա շատ վտանգավոր է, որովհետև օրինակ մի որոշ ժամանակ անց, մանկավարժներից մեկը,ով հավանել է այս կնոջ ասածները և Մայր Հայաստանի մոտ նա կարող է նաև մեջբերում անել, որ ժամանակին այդ արձանի տակ եղել է օձ, որ կան չար ուժեր և այլն և այլն։ Այսինքն, այն իրական պատմությունը, որը որ կա Մայր Հայատսանի ստեղծման օրվանից, թե ինչպես է դա Երևանի համար ստեղծվել և հետո գնացել Գյումրի, թե ինչ պատմություն ունի, ինչ միտք ու բովանդակություն ունի բաց կրծքով արձանի խորհուրդը, ամեն ինչը դրվի կողքի և երեխաներին մատուցեն այն, ինչը որ կոպիտ ասած այդ Քիսոն մատուցեց ու բավականին լուրջ դիտումներ և տարածումներ ունեցավ»,-ասաց նախկին պատգամավորը։

Հովսեփյանը շեշտում է, որ սա ազգային անվտանգության խնդիր է և կարծում է, որ շատ լուրջ անելիք ունի պետությունն ու իշխանությունները, որովհետև սա ապտակ է արժեքներ կրող ցանկացած անձին։ Մեր հարցին, թե արդյոք այս գործողություններն ինչ որ տեղից ուղղորդվում են, թե ոչ, վերջինս ասաց, որ վստահ է, որ սա հստակ իշխանությանը պաշտպանող խումբ է. «Մարդիկ են, ովքեր հանդես են գալիս հեղափոխության պահապաններ այսպես ասած, անվան տակ և իրենք են գոռում ամերիկաներից, լոսից, Գյումրիից, որ առհասարակ չի հայտնվել ռազմաճակատում ու որևէ գործողություն չի ունեցել, հստակ խոսում է դավաճանության, դավաճանների ու թալանի, չգիտես ինչի մասին, երբ իրենք ամենաշատը ներգրավված են եղել ժուլիկությունների և մի շարք այլ գործընթացների մեջ։ Եվ երբ սա չի կասեցվում՝ արդեն իսկ ակնհայտ ցույց է տալիս, որ սա հստակ համակարգված գործողություններ են»։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ից ակնկալիքներին, Հովսեփյանը նշում է, որ եթե արձագանքած լիներ՝ այդ մասին կիմանայինք։ Նախկին պատգամավորը նկատում է, որ թերևս ԱԱԾ-ն նման դրսևորումները նորմալ է համարում, որովհետև ոչ մի ձևով գնահատական չեն տալիս տեղի ունեցածին։ «Ինչ-որ հարցով, կարծում եմ նաև, որ Ազգային անվտանգությունը շատ լուրջ գործունեություն պետք է ծավալի, քանի որ արդեն այս խմբավորումներն այնքան են մեծացել, որ իրենք հետևորդների բանակ ունեն չափազանց մեծ և սա նույնպես անվտանգային խնդիր է, ինչին պետք է ուշադրություն դարձնել»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ երկու օր առաջ Երևանում տեսել են «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ռուսաստանյան առաջնորդին, իսկ Քրիստինե Հալաջյանը ևս համարվում է «Կյանքի խոսքի» հետևորդ, նաև տեղեկություններ կան, որ այս երկու օրը Հայաստան են ժամանելու Կյանքի խոսքի այլ ներկայացուցիչներ ևս, ենթադրվում է, որ այս կրոնական կազմակերպությունն ինչ-որ միջոցառում է նախատեսում Հայաստանում և արդյոք դրա կոնտեքստում պետք է փնտրել հակաեկեղեցական քարոզչություն, 7-րդ գումարման Ազգային ժողովի նախկին պատգամավորը վստահ է՝ սա հակահայակական գործունեություն է ընդհանուր առմամբ։

«Կյանքի խոսքը դեռ ապրիլյան պատերազմից՝ այսինքն 2016 թվականից բավականի ինտենսիվ կերպով գործում է զոհվածների ընտանիքներին այդ դրամահավաքներ տալու և իրենց շուրջը քաշեու ձգտումներով։ Սա այդքան եկեղեցու դեմ չի, որքան առհասարակ ժողովրդի դեմ է։ Եվ եթե անգամ եկեղեցու դեմ, ապա իրենք ուղիղ չեն գործում, այլ շատ գրագետ սխեմավորված, քայլ առ քայլ և կարծում եմ, որ եկեղեցին այս առումով շատ անելիք ունի։ Այո, եկեղեցին այսօր չունի գումարներ, որպեսզի տանի ամեն ընտանիքի տա օրինակ հարյուր դոլար, բայց եկեղեցին պետք է մեծ ռեսուրսներ գեներացնի մարդկային ռեսուրսների, որպեսզի այն ընտանիքները, որոնք ունեն հոգեբանական ծանր ապրումներ, իրենց կողքին նաև իրենք լինեն, որովհետև պետությունն ընդհանուր քաղաքականություն չի վարում հոգեբանական աջակցություն տրամադրելու և ինչ-որ չափով եկեղեցու ուսերին է դրվել նաև այս ծանրաբեռնվածությունը։ Եվ եթե եկեղեցին ավելի մոտ լինի գոնե խոցելի այդ ընտանիքներին՝ կարծում եմ հոգեորսության ռիսկը կփոքրանա, իսկ եթե ոչ, ապա դա բավականին մեծ ռիսկ է ոչ միայն եկեղեցու, այլև հայ ժողովրդի գոյության խնդրի առաջ ենք կանգնում»,- շեշտեց Սոֆյա Հովսեփյանը։

Հայկա Ալոյան

Աղբյուրը՝ armdaily.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել