Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սահմանը մե՞կն է. հայ-ադրբեջանական սահմանին սահմանապահ զորքերի տեղակայման մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Անընդհատ թվում է, թե այլևս զարմանալու տեղ չի մնացել, բայց ՀՀ ղեկավար պաշտոններում հայտնված դեմքերի ֆանտաստիկ տրամաբանությունը նորից ու նորից տհաճորեն ապշեցնում է։ Ըստ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, «ՍԱՀՄԱՆԸ ՄԵԿՆ Է՝ ԿԼԻՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԹԵ ՄԵԿ ԱՅԼ ԵՐԿՐԻ ՀԵՏ։ Արդեն կան սահմանի որոշակի հատվածներ, որտեղ ծառայություն են իրականացնում Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։ Ընթանում են համապատասխան գործընթացներ՝ սահմանի որոշակի հատվածներ հանձնելու սահմանապահ ծառայության իրականացման համար» (https://a1plus.am/hy/article/410861…)։

Ասել կուզի՝ հայ-վրացական, հայ-իրանական, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմաններն իրարից որևէ կերպ չեն տարբերվում, ուստի նրանց հսկողությունն ու պաշտպանությունն էլ պետք է նույն կերպ իրականացվի՝ փոքրաթիվ ու թեթևազեն սահմանապահ ստորաբաժանումների միջոցով։ Զգլխիչ է։ Ըստ երևույթին, ԳՇ պետը տեղյակ չէ, որ Ադրբեջանը ներխուժել և օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքներից մեծ կտորներ։ Տեղյակ չէ, որ Ի. Ալիևը մի քանի օր առաջ սպառնում էր «կանխարգելիչ պատերազմ» սկսել Հայաստանի դեմ։ Նրա ականջին չեն հասել Սյունիքը, Վարդենիսը և Երևանը գրավելու Ի. Ալիևի հոխորտանքները։ Հավանաբար, ԳՇ պետը համարում է, որ Արցախի հայությունն էլ ՀՀ զինուժի օգնության կարիքն այլևս չունի և երբեք չի ունենալու։ Արտակ Դավթյանն արդեն ապրում է Փաշինյանի կանխագուշակած «խաղաղ դարաշրջանում» և ցանկանում է մեզ էլ շտապ այնտեղ տեղափոխել։

Դարձյալ հիշեմ Երկրորդ Համաշխարհայինը։ Պատկերացնու՞մ եք, 1941-1945 թթ. ԽՍՀՄ ճակատը գերմանա-ֆաշիստական զորքերի հետ նույն կերպ պաշտպանվեր, ինչպես ԽՍՀՄ սահմանն, օրինակ, Աֆղանստանի կամ Մոնղոլիայի հետ։ Այսինքն՝ գերմանական բանակների հետ առաջին գիծը «հսկեին» 10-20 հոգանոց սահմանապահ ստորաբաժանումները, այլ ոչ թե ծանր զրահատեխնիկայով զինված Կարմիր բանակի կորպուսները, դիվիզիաներն ու գնդերը։

Ադրբեջանի հետ ՀՀ սահմանի հսկողությունն ու պաշտպանությունը կտրուկ թուլացնելու այս դավաճանական նախաձեռնությունը Հայաստանը վերջնականապես ծնկի բերելու և հետագայում մեկ հարվածով ոչնչացնելու ծրագրի բաղկացուցիչ մասն է։

——————————————————————-

Այս կապակցությամբ հարկ եմ համարում ամբողջությամբ մեջբերել նաև երեկվա գրառումս (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1059595761245001&id=100015837611475&notif_id=1629570943970916&notif_t=feedback_reaction_generic&ref=notif).

«Հայաստանի Հանրապետության սահմանն Ադրբեջանի հետ խաղաղ սահման չէ, այն ՌԱԶՄԱՃԱԿԱՏ է։ Ընդ որում, մի քանի տեղ ադրբեջանական զորքը ներխուժել է մեր միջազգայնորեն ճանաչված տարածք և զավթել տասնյակ քառակուսի կիլոմետրեր։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հրապարակայնորեն խոստանում է առաջիկայում զավթել նաև Սյունիքն ու Վարդենիսը, իսկ հետագայում՝ նաև Երևանը։

Բայց այս ամենը ՀՀ կառավարության համար որևէ նշանակություն չունի։ ՀՀ բանակի բարեփոխման իր նոր վայ-հայեցակարգով փաշինյանականները նախատեսում են սահմանային հսկողությունն ու պաշտպանությունն ամբողջապես փոխանցել Սահմանապահ զորքերին։

Հարց եմ տալիս. ո՞վ է տեսել, որ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԸ «հսկեն» թեթևազեն ու փոքրաքանակ սահմանապահ ուժերը։ Կարո՞ղ եք արդյո՞ք պատկերացնել, որ, օրինակ, 1942 թ. Ստալինգրադի, Լենինգրադի և Մոսկվայի մատույցներում կանգնած լինեին ոչ թե Կարմիր բանակի զորամասերը, այլ… սահմանապահ ստորաբաժանումները։ Չէ՞ որ սա բացարձակ անհեթեթություն է, որը նույնիսկ ֆանտաստիկայի ժանրում չի տեղավորվում։

Իրականում, այս անհեթեթությունն ունի իր պարզ բացատրությունը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտով ՀՀ կապիտուլյացիան դեռևս չի ավարտվել։ Այժմ մենք գործ ունենք սողացող կապիտուլյացիայի հետ։ Որքան Ալիևն ավելի շատ է սպառնում և հոխորտում, այնքան ՀՀ կառավարությունն ավելի է թուլացնում ՀՀ պաշտպանունակությունը՝ ցեղասպան թշնամու խոշորածավալ հարձակումների նախաշեմին։

Այս ամենը, կարծես, քիչ է, նախատեսվում է նաև ժամկետային զինծառայողների թվի կրճատում։ Խելքի՛ աշեցեք…

ՍՈՂԱՑՈՂ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ ՄԻ ՕՐ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ ԲԵՐԵԼՈՒ-ՀԱՍՑՆԵԼՈՒ Է ՀՀ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԿՈՏՈՐԱԾԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՄԱՆ։

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՈՒՂԻՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ Է։

Հ.Գ. Ահա նաև այս խնդրի մասին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խառնիճաղանճ մտքերն ու «հիմնավորումները».

«Ժամկետային զինծառայողների թվի կրճատում կլինի, ավելի շուտ՝ զինծառայության ժամկետի կրճատում: Պրոֆեսիոնալ բանակը չի նշանակում պայմանագրային զինծառայություն, դա ենթադրում է, որ մարդն իր ամբողջ ժամանակը պետք է տրամադրի ծառայությանը: Օրինակ՝ պայմանագրային ծառայության դեպքում որոշակի ժամանակահատված դիրք են պահում, որոշակի ժամանակ էլ ազատ են: Մենք ուզում ենք ամբողջապես փոխել այս մոտեցումները: Մենք ուզում ենք, որ սահմանային հսկողությունն ու պաշտպանությունն ամբողջապես փոխանցվի Սահմանապահ զորքերին. այդ նպատակով ԱԱԾ-ն պետք է ընդլայնի սահմանապահ զորքերի թվաքանակը, իսկ բանակն ամբողջապես պետք է կենտրոնանա ռազմական գործում հմտանալու վրա, իսկ երբ սահմանների պաշտպանության անհրաժեշտություն առաջանա, միայն այդ դեպքում զբաղվի ռազմական գործողություններով» (https://news.am/arm/news/659194.html)»։

Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել