Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Զանգեզուր գավառի և Գորիս գավառակենտրոնի ստեղծման պատմությունը (XIX դար)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

1822թ. Ղարաբաղի Մեհտի-Ղուլի խանի` Շուշիից փախչելուց հետո Ղարաբաղի խանությունը հայտարարվեց Ղարաբաղի պրովինցիա և ժառանգական խանին փոխարինեց ռուսական իշխանության կողմից նշանակված պաշտոնյան՝ կոմենդանտը: Այդ կացությունը տևեց մինչև 1841թ. սկիզբը, երբ սենատոր Հանի մշակած օրինագծի համաձայն` Անդրկովկասում նոր վարչական բաշխում կատարվեց և դրա հետ միաժամանակ՝ ամբողջ վարչական, դատական, ֆինանսական ապարատի արմատական վերակառուցում: Երկու տասնամյակների ընթացքում Զանգեզուրում պահպանվեց մահալական վարչությունը, և մելիքները շարունակեցին պետական ֆունկցիաներ կատարել, սակայն փոխվեցին նրանց կառավարած տերիտորիաների սահմանները և այդ ֆունկցիաների բնույթը:

1830-ական թվականներից սկսվում է մահալական կենտրոն Գորիս բնակավայրի դերի բարձրացումը: Այն մինչ այդ էլ հայտնի էր որպես առևտրական ուղիների հանգուցակետ, ուր մշտապես գործել են տոնավաճառներ: Զանգեզուր մահալի մելիքն էր Գորիսի հին իշխանական տոհմի ներկայացուցիչ Հարություն-Թունին: Նա կառավարում էր պապենական օրենքներով, սակայն զգացվում էր, որ մելիքությունները մայրամուտ են ապրում: Ռուսական պետությունն Անդրկովկասում նախապատրաստում էր արմատական վարչական ռեֆորմ:

Ղարաբաղի խանության վերացումից հետո ռուսական իշխանությունները Տաթևի մահալի արևելյան մասը Գորիս կենտրոնով առանձնացնում են որպես մի նոր վարչական միավոր՝ Զանգեզուրի մահալ: Ահա այդ ժամանակվանից էլ պաշտոնական ճանաչում է ստանում Զանգեզուր—Ձագեձոր տեղանունը: Դա հիմնականում ընդգրկում էր հին Ձագեձորի տարածքը: Հետագայում, երբ Զանգեզուր տեղանունը ավելի լայն հասկացություն է դառնում՝ իր մեջ ընդգրկելով նաև Կապանն ու Սիսիանը, բուն Զանգեզուր ասելով շեշտվում էր, որ խոսքը վերաբերում է Գորիսի հովտին՝ հին Ձագեձորին:

Նոր վարչական ռեֆորմն իրականացվեց 1840թ.՝ սենատոր Հանի մշակած նախագծով: Զանգեզուր մահալը դարձավ Շուշիի գավառի գավառամաս: Գավառամասի կենտրոնը մնաց Գորիսը: Սակայն գավառամասը սկսեց ղեկավարել տեղապետը՝ ռուս չինովնիկը: Դա մեծ հարված էր մելիքներին: Նրանցից վերցվեց դատական գործն ու խիստ սահմանափակվեցին վարչական իրավունքները: Մելիքների ինքնասիրությունը վիրավորված էր: Երբ նախկին մահալական մելիք Հարությունին առաջարկվեց Գորիս գյուղի ժողովրդի ընտրությամբ դառնալ քյոխվա-գյուղապետ՝ նա արհամարհանքով հրաժարվեց:

Մահալների մելիքներից վերցվեց երկրի պաշտպանության պարտականությունը: Դա վաղուց անցել էր ռուսական պետական կանոնավոր զորքին, թեպետ Սյունիքի որոշ հայ մելիքներ, ինչպես մելիք Թանգի 2-րդը՝ Բռնակոթում և Ռուստամ բեկ Օրբելյանը՝ Տաթևում, շարունակում էին կրել հազարապետի տիտղոսը:

Ռուսական հասարակական կյանքի օրենքները դժվարությամբ էին մուտք գործում լեռնաշխարհ: Պատմական վավերագրերը վկայում են բազմաթիվ ընդվզումերի մասին: Ռուսական զորակոչի օրենքի կիրառումը 1829 թ. հուզումների ալիք առաջացրեց ողջ Անդկովկասում, այդ թվում և Զանգեզուրում:

1849-68 թթ. Զանգեզուրը մտնում էր Երևանի նահանգի մեջ:

Ինչպես Հայաստանին, այնպես էլ Սյունիքի հոգևոր կյանքին լուրջ հարված հասցրեց ցարական կառավարության կողմից 1836 թ. ընդունած եկեղեցական նոր կանոնադրությունը: 1837 թ. վերացվում է տակավին 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնված Սյունիքի մետրոպոլիտությունը, Տաթևի հոգևոր թեմը և վանքը սկսվում է ղեկավարվել առաջնորդական տեղապահների կողմից: Տաթևը եպիսկոպոսանիստ էր դարձել դրանից շուրջ 1000 տարի առաջ՝ 837 թվականից: Այն եղել է հայոց միջնադարյան հռչակավոր հոգևոր և ուսումնական կենտրոն: Տաթևի վանքի անունը կապված է հայ եկեղեցու երկու սրբերի՝ եռամեծար Գրիգոր Տաթևացու և ամենայն հայոց կաթողիկոս Մովսես Գ Տաթևացու (1629-1632) հետ: Տաթևի հոգևոր թեմի վերջին մետրոպոլիտները տեղացիներ էին՝ Մարտիրոս Սյունեցին և Սիմոն ուստա Տաթևացին: Մարտիրոս սրբազանը 1828 թ. վերանորոգեց Շինուհայր-Տաթև ճանապարհը, հատկապես բարեկարգեց Սատանայի կամրջի անցքը, որով արդեն կարող էին անցնել «Ձին բեռամբ»: Նա նորոգեց նաև Շինուհայրից Հալիձոր ճանապարհին ընկած «միջի խութի կապն»: Նորոգման ծախսերի համար գումարը՝ 100 հոլանդական ոսկի, նրան նվիրել էր գեներալ Պասկևիչը, որին նա ներկայացել էր ռազմաջոկատով:

Մելիքները, շարունակելով կրել իրենց տիտղոսները և ունենալով սեփական կալվածքեր, ավելի շուտ սկսեցին նմանվել ռուս ազնվական-կալվածատերերի: Հայ հասարակական կյանքը ձեռք է բերում ռուսական «դիմագիծ»: Հասարակական կյանքում սկսեցին ավելի ազդեցիկ դեր խաղալ առևտրականները: Փոխվում էր նաև կենցաղը:

Սենատոր Հանի նոր վարչական բարեփոխությունները դժգոհություններ առաջացրին ինչպես Արևելյան Հայաստանի, այնպես էլ ողջ Անդրկովկասի հասարակական շերտերի մեջ: Այդ դժգոհությունները ցարական իշխանություններին ստիպեցին վերանայելու և շտկելու որոշ օրենքներ:

Բեկական և աղալարական կանոնադրությունները վերաբերում էին նաև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններին՝ Ղարաբաղին, Զանգեզուրին և Հայաստանի հյուսիսային երեք ուղեմասերին (դիստանցիաներին): Կանոնադրություններով սահմանվում էր կալվածատերերի կողմից գյուղացիներին հատկացվելիք հողաբաժնի չափը, նշվում էին այն ֆեոդալական-ճորտատիրական պարհակները, որ ստացված հողաբաժնի դիմաց պետք է կատարեին գյուղացիները՝ հօգուտ կալվածատերերի, թվարկվում էին հողատերերին շնորհված ոստիկանական-դատական ֆունկցիաները, որոշվում այն կարգը, որի համաձայն գյուղացին կարող էր հեռանալ տվյալ կալվածատիրոջ հողից:

Ըստ բեկական կանոնադրության` հողատերը պարտավոր էր 15 տարին լրացած արական սեռի յուրաքանչյուր գյուղացու տալ 5 դեսյատինից ոչ պակաս հարմար հողակտոր: Աղալարական կանոնադրությամբ նախատեսվում էր, որ գյուղացու հողաբաժինը մնալու է նույնը, ինչ որ է մինչ 1847 թվականի դեկտեմբերի 28-ը, որ աղալարները իրավունք չունեն այն պակասեցնել, իսկ եթե տնօրինության տակ ունեն ազատ հողամասեր, ապա պարտավոր են գյուղացիների հողաբաժինը հասցնել բեկական գյուղացիների հողային նորմային: Այս որոշումը այնդպես էլ չիրականացվեց:

1836-1842 թթ. կիրառված հարկային նոր՝ կոպարային կամ դրույքային սիստեմին փոխարինելու եկավ դրամական տուրքի սիստեմը, որը մեծ դժգոհություն առաջ բերեց գյուղացիության մեջ, թեև դա ամենևին էլ չխանգարեց այն կենսագործելու կյանքում:

Դրամական տուրքերի գանձմանը վերաբերող կանոնները մշակվեցին բյուրոկրատական դիվանատների խուլ անկյուններում և այդ մասին որևէ վաղաժամ հայտարարություն չեղավ, քանի որ դա «կարող էր ժողովրդի մեջ անհիմն լուրեր առաջացնել և երկյուղ ծնել»: Նիկոլայ I-ը Անդրկովկասի իր պաշտոնյաներին հրահանգ էր տալիս՝ պայմաններ ստեղծել ապագա մեծ եկամուտների ապահովման համար:

Հարկային նոր սիստեմով Հայաստանի և հյուսիսային Ատրպատականի բոլոր գյուղացիները ճանաչվեցին պետական գյուղացիներ՝ բաժանվելով երկու կարգի՝ պետական հողի վրա ապրող գյուղացիներ և մուլքադարական հողի վրա ապրող շինականներ:

Հարկային այս սիստեմին անցնելուց հետո էլ մուլքադար գյուղացիները պետք է վճարեին բոլոր նախկին տուրքերը, մի բան, որ մեծագույն դժգոհությունների և բախումների պատճառ է դառնում կալվածատիրական գյուղերում: Ինչ վերաբերում է թիուլդարներին, ապա նրանք «իրենց պատկանող եկամուտը ստանում են նախկին հիմունքներով»: Տուրքերի վճարման գործում գյուղացիության վրա հաստատվեց համապարտ երաշխավորության սկզբունքը:

XIX դարի 30-ական թվականների վերջից, ինչպես կալվածատիրական գյուղերում, այնպես էլ պետական գյուղացիության շրջանում, աճում էր դժգոհությունը:

Սյունիքում գյուղացիական ամենախոշոր ելույթը, որով զբաղվեց ինքը՝ Կովկասի փոխարքան, տեղի է ունեցել 1849 թ. Տեղ գյուղում: Հավատափոխ Ղասըմի ժառանգները հանցավոր ճանապարհով տեր դարձան այդ գյուղին: Ռուս աստիճանավորների կողմից 1823 թ. գյուղերի ցուցակագրության մեջ Տեղը նշված է որպես Ասադ բեկի սեփականություն: Նա Ռուստամ բեկի որդին էր, երբ իշխանությունների կողմից մտցվեց ազգանուն կրելու օրենքը, Ասադը գրվեց Ռուստամբեկով: 1847 թ. ընդունված կալվածատերերի և գյուղացիների փոխհարաբերությունները որոշող կանոնադրությունը բաց էր թողել Ասադ բեկի իշխանության սանձերը: Նա սկսեց իր հպատակների հետ վարվել որպես լիակատար ճորտերի, հատկապես անխնա էր վարվում Տեղի գյուղացիների հետ՝ հնարելով նորանոր հարկեր և տուրքեր: Գյուղացիների համբերության բաժակը լցվեց, և երբ սահմանները որոշող մի պետական հանձնաժողով եկավ Տեղ գյուղ, գյուղացիները հայտարարեցին, որ գյուղի հողերը պատկանում են համայնքին և ոչ թե շինծու կալվածատեր Ասադ բեկին ու իրենք այլևս չեն ուզում ենթարկվել նրան: Այդ ելույթը Շուշիի գավառապետի կողմից որակվեց որպես ապստամբություն իրենց աղայի դեմ: Ժողովրդական ապստամբությունը ղեկավարում էր Տեղ գյուղի քահանա Սահակ Բաբայանը: Գործին խառնվեց նաև Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը: Նրա պնդմամբ՝ գյուղ եկավ հատուկ քննիչ: Գյուղացիների կողմից նրան ներկայացված բացատրության մեջ պարզվում է դաժան կալվածատիրոջ կամայականությունների պատկերը: Ասադ բեկը գյուղացիներից պահանջում էր մի քանի տասնյակ անօրինական հարկեր: Ահա դրանցից մեկը. «Ամեն տարի ութ անգամից ավելի ձու կը հավաքե եւ ճուտ, որ ամենեւին սովորություն չկա այս կողմերում»: Ինչպես և սպասվում էր, ռուսական իշխանությունները, որոնց «զակոնը» լավ գիտեին թուրք բեկերը, պաշտպանեցին կալվածատիրոջը: Սակայն տեղացիների ընդվզումն ընկճելը դյուրին գործ չէր: Հուզումները շարունակվեցին ընդհուպ մինչև 1852 թ.: Անդրկովկասի քաղաքացիական վարչության պետ իշխան Բեհբութովը Տեղ գյուղի ապստամբության առիթով գրում է. «…բնակիչները հասել են մոլեգնության, իսկ … Ասադ բեկը ծայրահեղության»: Ի վերջո գյուղացիական հուզման հրահրիչ և հանցավոր է ճանաչվում քահանա Ս. Բաբայանը և ապստամբությունը դաժան ձևով ճնշվում է: Ապստամբության ընթացքում, անշուշտ, խոսել է նաև հայերի ազգային դեմքը փրկելու ձգտումը: Ալիշանի վկայությամբ՝ 1850 թ. Տեղ գյուղում եղած գերմանացի ճանապարհորդը նշում է, որ գյուղը պատկանում է «Էսատ բեկ Թաթարին», գյուղում ապրում էին մահմեդականներ, նաև կային քոչվոր վրանաբնակներ: Համարձակ ելույթից հետո գյուղը վերստին ձեռք է բերում ազգային դիմագիծ:

Սյունիքը Երևանի նահանգի կազմի մեջ մնում է մինչև 1868 թ. նոր վարչական ռեֆորմը, որով բուն հայկական տարածքները՝ Սյունիքն ու Արցախը, նորից անջատվում են Երևանի նահանգից: Ցարական իշխանությունները վախենում էին Արևմտյան Հայաստանում սկսված հզոր ազգային-ազատագրական պայքարի արձագանքներից: Նոր վարչական ռեֆորմով Գորիսը դառնում է Ելիզավետպոլի[1] (Գանձակի) նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն: Այդ գավառը նահանգի մեջ ամենաընդարձակն էր, ընդգրկում էր նաև հարթավայրային Զանգեզուրը՝ ընդհուպ մինչև Արաքս գետը:

1891 թ. նահանգի բնակչությունը կազմում էր 774963 մարդ: Բնակչության 53.3 տոկոսը հայ էր:

Զանգեզուրի գավառը կազմավորվեց 1868 թ. փետրվարի 25-ին: Նորաստեղծ գավառում ներառվեցին տարածքներ Շուշիի և Օրդուբադի գավառներից: Սկզբնական շրջանում գավառի տարածքը 6829.7 քառակուսի վերստ էր (1 վերստը 1.06 կմ է): Գավառի բնակչությունը սկզբնական շրջանում 137871 էր, գերակշռող մասը հայեր էին: Հարավ-արևելքում գավառը սահմանակից էր Պարսկաստանին. սահմանն Արաքս գետն էր: Գավառում կար 326 գյուղ՝ միավորված 75 գյուղական համայնքում: Բնակչության մեծագույն մասը նստակյաց կյանք էր վարում. հիմնականում զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, հանքարդյունաբերությամբ:

Պաշտոնական շրջանառության մեջ մտավ Զանգեզուր տեղանունը (տեսանվան ստուգաբանությունը տե՛ս՝ Մ. Քումունց, «Զանգեզուր տեղանվան ստուգաբանության շուրջ»): 200 տարուց ավելի՝ ընդհուպ մինչև 21-րդ դարը, Հայաստանի Հանրապետության հարավարևելյան մասը կազմող Սյունյաց բնաշխարհի մի մեծ տարածքի (Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի ենթամարզեր) համար գործածվել է Զանգեզուր տեղանունը: Զանգեզուրը նախկինում (և՛ ռուսական տիրապետության ժամանակ, և՛ խորհրդային իշխանության տարիներին) օգտագործվել է որպես գավառանուն (համապատասխանաբար՝ 1868-1918 թթ. և 1921-1930 թթ.):

1995 թ. դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչատարածքային նոր բաժանմամբ ստեղծվեց Սյունիքի մարզը՝ Կապան կենտրոնով: Վերականգնվեց Սյունիք պատմական ու տոհմիկ երկրանունը՝ փոխարինելով Ձագեձոր-Զանգեզուրին: Զանգեզուրը աստիճանաբար դուրս է գալիս գործածությունից, փոխարենը ավելի հաճախ է օգտագործվում Ձագեձորը:

Կովկասի փոխարքայության Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառը եղել է ամենաընդարձակը նահանգի մեջ: Նրա մեջ մտնում էին Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրու, ինչպես նաև նախկին Զանգելանի, Կուբաթլիի, Լաչինի շրջանները: Գավառը բաժանված էր ոստիկանական տեղամասերի կամ գավառակների: Վերջիններս իրենց հերթին բաժանվում էին ավելի փոքր վարչական միավորների՝ գյուղական համայքների: Գավառում մշտական բնակություն հաստատեցին ռուս չինովնիկությունը և զինվորականությունը: Գավառում բարձր պաշտոնները, մասնավորապես գավառապետի պաշտոնը, համարյա մշտապես զբաղեցրել են ռուսները (եղել է նաև վրացի):

Զանգեզուր գավառի պատմությունը դեռևս առանձին և հիմնարար ուսումնասիրության նյութ չի դարձել: Եվ հիմա դժվար է ճշգրտորեն ասել, թե 1868-1917 թթ. (ցարական իշխանության շրջանում) ովքեր և երբ են կառավարել գավառը: Առայժմ հայտնի են մի քանի գավառապետների անուններ՝ Անտոն Կարաև, Ստարացկի, Ռուստամբեկով, Պֆելլեր, Ավալիանի, Անտոնով, Պիվարովիչ, Տատև:

Օրակարգի հարց է դառնում գավառակենտրոն բնակավայրի տեղի ընտրության և կառուցման խնդիրը: Որպես գավառակենտրոն առաջարկվել են 3 բնակավայրեր՝ Գորիս գյուղը, ինչպես նաև Կապանի Զեյվա և Արծվանիկ բնակավայրերը: Ընտրությունը կանգ է առնում Կյորես-Գորիսի վրա: Ստ. Լիսիցյանը մեզ է հասցրել մի ավանդական զրույց այն մասին, թե ինչպես է ընտրվել գավառակենտրոն Գորիս քաղաքի տեղը:

Պատմում են, որ իբր գավառապետ Կարաևը շքախմբով շրջելէ ողջ Զանգեզուրը և լուսնյակ գիշերով ընտրել Գորիս գյուղի դիմացի տափարակը, ուր սովորաբար տեղի էին ունենում տոնավաճառներ և աշխույժ առևտուր. «Գավառապետը և նրան ուղեկցող ձիավորները հիացած կանգ են առնում այս հրապարակի առջև, որտեղ արդեն հատ-հատ սկսել էին կառուցել առանձին տներ, խանութներ, արհեստանոցներ: Տեղնուտեղը միաձայն որոշվում է քաղաքը այստեղ հիմնել»:  Այսպիսով, տեսնում ենք, որ դեռ մինչև քաղաքի հինադրման վերջնական պաշտոնական որոշում ընդունելը, տափարակում արդեն կառուցված են եղել արհեսատանոցներ, խանութներ և նույնիսկ բնակելի տներ: Ուրեմն, Գորիս քաղաքի տարածքում բնակավայրի հիմնադրումը, թեկուզ տարերայնորեն, ավելի վաղ է սկսվել:

Գորիս տեղանունը պարունակող թերևս հնագույն գրավոր հուշարձանը ուրարտական Ռուսա I թագավորի (735-714թթ. Ք. ա.)՝ Սևանի լճափին Ծովինարի սեպագիր արձանագրությունն է (Գորիս տեղանվան ստուգաբանությունը տե՛ս՝ Մ. Քումունց, «Հնդեվրոպական *g´հou̯oro- արմատը Գորիս տեղանվան մեջ» )

Գորիս բնակավայրի (քաղաքի) տարիքի մասին՝ վկայակոչենք հայտնի սեպագրագետ Հ. Կարագյոզյանի խոսքերը.

«…Նուազագույն հաշւումներով 2740-ամեայ գրաւոր յիշատակութեամբ վկայուած մի քաղաք, որի շուրջը տարածուած էր հնագույն Գուրիա երկիրը»:[2]

Գորիս գյուղը իր անհարմար տեղանքով չէր կարող լիովին բավարարել գավառակենտրոնի պահանջները, որտեղ պետք է լինեին մի շարք պետական հիմնարկներ՝ գավառային վարչություն, դատարան, գանձարան, ոստիկանական, բժշկական և այլ ծառայություններ:

Գորիս քաղաքը հիմնադրվեց ու զարգացավ ի հաշիվ հնագույն Գորայք-Գորես-Կյորես բնակավայրի: Գյուղը կամ շենը ինչքան էլ ցավալի տարավ իր մայրամուտը, այնուամենայնիվ նրան տվեց իր կենսահյութը և նվիրական Գորիս-Կյորես անունը: Լեոն վկայում է, որ նոր հիմնադրված քաղաքի հայրերը քաղաքի համար նոր անուն էին պատրաստել, բայց բնական է, որ հաղթել է Գորիս-Կյորեսը: «Պալտոնավորների» օտարաբան միտքը թերևս իր հետքն է թողել միայն ռուսական պաշտոնական գրություններում նշվող Գերյուսի կեղծահունչ անվան մեջ: Հին ու նոր կյորեսների, ծնվող քաղաքի և մեռնող գյուղի պայքարը խորությամբ և մեծ գեղարվեստական շնչով նկարագրել է Ակ. Բակունցը: Այդ հակադրության մասին խոսում է նաև Լեոն:

Հնաբնակ գորիսեցիները մեկ առ մեկ կարող են թվարկել գորիսյան շինարար վարպետների անունները, նրանց տոհմերը: Այդ տոհմերից մի քանիսի ժառանգներն արդեն 100-150 տարի՝ չորրորդ, հինգերորդ, նույնիսկ վեցերորդ սերունդով շարունակում են որմնադիրի, քարագործի, քանդակագործի պապենական մենաշնորհ արհեստը: Իրավացի է Նուբար Պապուխյանը, երբ գրում է. «Քաղաքի ճարտարապետության մեջ Զանգեզուրի ժողովրդական ավանդական գծերն այնքան ակնբախ են ներկայացնում, որ անհնար է անջատել այն ժողովրդի ստեղծագործական ժառանգությունից»:[3] Այնպես որ Գորիսի հմայքը և ճարտարապետական արժեքը ոչ այնքան քաղաքի հատակագծման մեջ է (որն հանիրավի վերագրվում է ինչ-որ մի գերմանացու), այլ նրա կառույցների, շենք-շինությունների, դրանց արտաքին դիտարկելի լուծումների, ասել կուզի գորիսեցի շինարար-վարպետների տաղանդի դրսևորման մեջ է: Իսկ ինչ վերաբերում է քաղաքի հատակագծմանը, ապա երևի թե կատեգորիկ-արմատական նշանակություն ունի քաղաքի մեծանուն զավակի՝ Ակսել Բակունցի հաղորդումը: Իսկ նա գրում է. «Այսպես՝ մի փողոցը կոչվում էր Մանուչար Բեյի փողոց, մյուսը՝ թագավորական, երրորդը՝ նահանգապետ Կավալյովի անվան, չորրորդն այն առաջին գավառապետի, որ ռազմական աչքաչափով նկարահանել էր գետահովիտը, ապա քանոնով բաժանել հավասար վանդակների, յուրաքանչյուրը չորս հարյուր քառակուսի սաժեն»: [4] Գորիս քաղաքի հիմնադիրները եղել են Մանուչար Բեկ Մելիք-Հյուսեինյանը և Ակսել Բակունցի հիշատակած Զանգեզուրի առաջին գավառապետը՝ Ն. Ստարացկին:

Գորիս քաղաքի հիմնադիրներից Մանուչար բեկ Մելիք-Հյուսեինյան, Գորիսի նշանավոր մելիքական տոհմի ներկայացուցիչը: Այս բացառիկ նկարը տպվել է «Ազգագրական հանդես»-ի 1898 թ. թիվ 2-ում:

Գորիս քաղաքի հիմնադիրներից Մանուչար բեկ Մելիք-Հյուսեինյան, Գորիսի նշանավոր մելիքական տոհմի ներկայացուցիչը: Այս բացառիկ նկարը տպվել է «Ազգագրական հանդես»-ի 1898 թ. թիվ 2-ում:

Հ. Միրզոյանի «Հայրենի եզերք» գրքում գրված է, որ կիևցի ճարտարապետ Գալինա Պոլյակովան որպես զբոսաշրջիկ լինելով Գորիսում և լսելով Ստարացկու մասին, վերադառնալով Կիև ու հետաքրքրվելով Ստարացկու ով լինելով, նամակով գրել է. «Ն. Պ. Ստարացկին (Ստարիցկի) ուկրաինացի գրող և թատերագետ Միխայիլ Ստարիցկու տոհմաճյուղն է, լեհական ծագումով, ծնված Պոլտավայի նահանգում, մոտավորապես 1822-1825 թվականներին: Ըստ պատմածների, ուներ գեներալի աստիճան և ծառայել է Անդրկովկասում»: [5]

Գորիս քաղաքի կառուցումը ղեկավարել և նշահարման աշխատանքները կատարել են ինժեներներ Ջանուշյանը, Խարչենկոն, Կոշլովը: Ջանուշյանը եղել է նաև ընդհանուր շինարարական աշխատանքների ղեկավարը: [6]

Գորիսի տափարակի առաջին շինությունները հավանաբար եղել են ռուսական բանակի զորանոցները, որոնք կառուցված են եղել թերևս այն ժամանակվանից, երբ Գորիսը դարձել է ռուսական սահմանամերձ ռազմական հենակետ: Այդ մասին պարզորոշ վկայություն է տալիս Ակ. Բակունցը. «Գետի կամրջով գյուղից հեռացավ նա, որ ոսկի ուներ, և, երբ բարձրացան մելիքների ջրաղացի գլուխը, մի անգամ էլ նայեցին հսկումի կանգնած ժայռերին, քոչը վայր դրին սպիտակ զորանոցի մոտ և տափարակի վրա փորեցին նոր տների հիմքերը: Այսպես առաջացան քաղաքի տները»: Գորիս քաղաքի կառուցապատման աշխատանքները հիմնավոր բնույթ ստացան 1870 թվականից: Հետազոտողների մեծ մասն էլ այդ թվականը համարում է Զանգեզուր գավառի կենտրոն Գորիս քաղաքի հիմնադրման տարեթիվ: Հայ քաղաքաշինության և ճարտարապետական արվեստի մասնագետները գտնում են, որ Գորիսում առկա է քաղաքի կառուցման ժողովրդական ստեղծագործությունը:

Թեկուզ փոքր տարածքի վրա, բայց հարթ տեղանքը թույլ է տվել կատարելու Գորիս քաղաքի կանոնավոր հատակագծման նախագիծ: Հինգ երկայնակի և հինգ լայնակի փողոցներ ուղիղ անկյան տակ հատել են միմյանց և ստեղծել կանոնավոր թաղամասեր: Այդ թաղամասերը քաղաքի կենտրոնում ունեցել են ավելի փոքր չափսեր՝ 106×106 մմ, իսկ կենտրոնից հեռու ավելի մեծ չափսեր՝ 106×212 մմ: Փոքր կենտրոնական թաղամասերը բաժանված են եղել 6 տնատեղ-հողամասերի՝ յուրաքանչյուրը 400 սաժեն (1800 մ2) տարածքով, իսկ ոչ կենտրոնական թաղամասերն ունեցել են նույն տարածքով 12 հողամասեր: Հետագայում այդ չափսերը՝ կապված սեփականատերերի ժառանգների կողմից նոր տների կառուցման հետ՝ խախտվել են: Մեկ լայնական (ներկայիս Կոմիտաս) և մեկ երկայնական (Անկախության) փողոցներ ունեն 21 մ լայնություն, իսկ մնացածները՝ 17 մ լայնություն: Նշահարողները ենթարկվել են Ռուսաստանում 1742 թ. գոյություն ունեցող հրամանին, որով Մոսկվայի փողոցների լայնությունը սահմանված է եղել 8 սաժեն: 1752 թ. այդ չափսերը փոխվել են մինչև 10 սաժեն, որը կազմում է մոտ 21 մ:

Քաղաքի հատակագծման ժամանակ նախ և առաջ հաշվի է առնվել շուկայի գոյությունը: Քաղաքի կառուցապատման միջուկում պահպանվեց առևտրական կենտրոնը՝ ընդարձակ հրապարակով և քաղաքային զբոսայգով: Սակայն անհիմն չէ և այն ավանդական զրույցը, ըստ որի քաղաքի հատակագծման հիմքում ընկած է եղել քրիստոնեական խաչի պատկերի գաղափարը: Մեկ կենտրոնական լայնակի և մեկ կենտրոնական երկայնակի մյուսներից ավելի լայն փողոցները հատվել են քաղաքի հարթության ուղիղ կենտրոնում և կազմել մի հսկայական խաչի պատկեր: Այդ վարկածի օգտին է խոսում և այն, որ հսկայական խաչի թևերի հատման կետում կառուցվել է քաղաքի ամենաբարձր շենքը՝ ոսկե փայլփլուն գմբեթներով ռուսական ժամը: Եկեղեցու կառուցումն ավարտվել է 1897 թ.: Սպիտակ բազալտ քարից կառուցված այդ եկեղեցին քանդվել է 1926 թ:

Գորիսում քաղաքի կառուցապատման հենց սկզբից ուշադրություն է դարձվել նաև քաղաքի արտաքին հարդարանքին ու կոմունիկացիաներին: Փողոցներն անխտիր ունեցել են հետիոտն երթևեկելի մայթեր, առուներ և այգին ջրելու համար օգտվել են այդ առուներից, առանց խախտելու քաղաքի սանիտարական կարգ ու կանոնը: Քաղաքի փողոցներում սկզբից ևեթ արգելվեց խոտ ու հունձ կրողների երթևեկը, անասունների նախիրների անցուդարձը: Այդ պատճառով Գորիս գյուղի անասնատերերը, քաղաքի հասցեին հայհոյանք տեղալով, օգտվում էին Վարարակնի ուղղությամբ ձգվող հին ճանապարհից:

Այսպիսով, XIX դարի երկրորդ կեսին Սյունյաց հինավուրց լեռների գրկում ձևավորվում է մի քաղաքային բնակավայր:

Ընդհանրապես Սյունիքում և մասնավորապես Գորիսի շրջանի տարածքում երբևէ խոշոր քաղաքներ չեն եղել: Հայտնի է, որ Սյունիքի հնագույն մայրաքաղաքը՝ Շաղատը և կամ միջնադարյան Կապանը, եղել են պարզապես խոշոր ավաններ: Գորիսի տարածքում ևս եղել են խոշոր ավաններ՝ ինչպես Շինուհայրը կամ Տեղը: Բայց դրանք հին կամ միջնադարյան Հայաստանի քաղաքների հետ համեմատվել չեն կարող: Հիմնադրվող Գորիսը միանգամից քաղաք չդարձավ՝ այն պարզապես հիմնվեց որպես վարչաառևտրական կենտրոն, որի ընդարձակման տեմպերը պայմանավորված էին լեռնային պայմանների ընձեռած սուղ հնարավորություններով և երկաթուղու բացակայությամբ:

[1] Հին հայկական Գանձակ քաղաքն է, ներկայումս՝ Գյանջա: Քաղաքը Ելիզավետպոլ է անվանվել ի պատիվ Ալեքսանդր 1-ին կայսեր կնոջ:

[2] Յովհաննէս Կարագեոզեան, Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբյուրներում, հատոր I, Գիրք 1, Երևան, 1998, էջ 135:

[3] Պապուխյան Ն., Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, Երևան, 1972, էջ 36:

[4] Բակունց Ա., Երկեր, 3-րդ հատոր, Երևան, 1982, էջ 465:

[5] Միրզոյան Հ., Հայրենի եզերք, Երևան, «Հրազդան» 2000, էջ 23:

[6] Հախվերդյան Ս., նշվ. աշխ., Երևան 2005, էջ 180:

Ըստ Ս. Գ. Հախվերդյանի , Ա. Մ. Հակոբյանի 

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել