Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ալիևի հայտարարություններին պետք է մոտենալ կասկածանքով. Վարդան Ոսկանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Հայաստանի իշխանությունների ոչ թափանցիկ աշխատաոճի պայմաններում դժվար է հասկանալ՝ կա՞ արդյոք սեղանին դրված փաստաթուղթ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ, սակայն ամբողջական տեսքով դժվար թե նման փաստաթուղթ լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Վերջինս, անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որում Ադրբեջանի նախագահը խոսում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, սեղանին դրված կոնկրետ առաջարկների և տարածաշրջանում երկարատև խաղաղության մասին, ասաց, որ հնարավոր է՝ լինի որոշակի պայմանավորվածություն նման փաստաթղթի կազմման բանակցությունների շուրջ:

«Բաքվի բռնապետի հայտարարություններին պետք է մոտենալ մեծ կասկածանքով, դա կարևոր պայման է: Այս պահին Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմնակից չեն ո՛չ Հայաստանը և ոչ էլ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: Պատահական չէ, որ նույն հարցազրույցի շրջանակներում Ալիևը բավականին կոշտ է արտահայտվում Ռուսաստանի հասցեին: Ուստի, ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում էլ խնդիր կա»:

Վարդան Ոսկանյանի կարծիքով որևէ պարագայում ՀՀ-ն չպետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև այն շատ խնդրահարույց է հենց Արցախի կարգավիճակի առումով: 

«Եթե ուշադիր լինեք, Ալիևը խուսափում է «Արցախ» կամ իրենց եզրաբանությամբ «Ղարաբաղ» բառի օգտագործումից: Նույն հարցազրույցում Արցախի Հանրապետության տարածքը կոչում է «ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածք»: Այսպես՝ քարոզչական տիրույթում նա փորձում է ստեղծել տպավորություն, թե արցախյան հիմնախնդիրը իբր լուծված է: Բաքվի բռնապետը պարզապես փորձում է  օգտվել ստեղծված իրավիճակից և ցույց տալ՝ իբր Հայաստանում հաշտվել են պարտության հետ՝ հիմք ընդունելով ընտրություններում իշխող ուժի հաղթանակը: Մեր դիվանագիտությունը պետք է շատ հստակ աշխատի»,– ասաց նա: 

Ըստ իրանագետի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի, իսկ դա նշանակում է նաև Թուրքիայի միջև, մեղմ ասած, կան տարաձայնություններ և դրանք թաքցնել չի լինում: «Ալիևի մոտ զայրույթ է առաջացրել հայկական բանակը սպառազինելու ռուսական կողմի պատրաստակամությունը: Այս առումով որոշակի պատուհան է ստեղծվել Հայաստանի համար՝ դիվանագիտությամբ ամրապնդելու մեր դիրքերը: Այս պայմաններում Ադրբեջանի հետ որևէ խաղաղության պայմանագիր ստորագրել չի կարելի, քանի որ Բաքվի բռնապետի լկտի պահվածքը տեղ չի թողնում կասկածելու, որ իր վերջնանպատակը Հայաստանը թուրք-ադրբեջանական դաշինքից վասալական կախման մեջ պահելն է»: 

Անդրադառնալով Ալիևի կողմից պարբերաբար հնչեցվող «Զանգեզուրի միջանցք»-ին և դրա կարևորությանը, Ոսկանյանն ընդգծեց, որ մի դրական հանգամանք կա, որը պետք է շեշտել. Հայաստանում թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը չեն ուզում լսել միջանցքի մասին: 

«Ադրբեջանն այսօր խնդիր ունի իր պատկերացրած «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված: Ալիևը այդ միջանցք կոչեցյալը փորձում է որպես պատրվակ բերել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած կոմունիկացիաների բացման պարտավորությունը չկատարելու համար: Քարտեզին նայելով՝ ակնհայտ է դառնում, որ շատ քիչ տեխնիկական աշխատանք է պահանջվում, որպեսզի գործի Երասխ-իրանական Ջուլֆա երկաթգիծը Նախիջևանի տարածքում, այն պարագայում, երբ Մեղրիի հատվածում երկաթգիծ չկա: ՀՀ-ի համար պետք է բացվի նախիջևանյան ուղղությամբ դեպի Իրան ելքը կամ հյուսիսային ուղղությամբ դեպի ՌԴ ելքը՝ Տավուշով: Եթե ապաշրջափակաման  այս հատվածները Ադրբեջանին հետաքրքիր չեն, ապա Հայաստանի համար բոլորովին հետաքրքիր չէ Մեղրիով 2 թշնամական պետություններին հաղորդակցության հնարավորություն ընձեռելը»,– ասաց նա:

Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Հայաստանը որևէ պարագայում ոչ մի զիջման չպետք է գնա, քանի որ խոսքը մեր պետության լինելիության մասին է: 

Աղբյուրը՝ tert.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել