Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սերն է ամեն ինչի սկիզբն ու ընթացքը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
19 Views

Սերն է ամեն ինչի սկիզբն ու ընթացքը
Արամ Մաշուրյանի տոհմածառում գեղարվեստի հետ կապ ունեցողներ չկան։
Նկատի ունենք՝ պրոֆեսիոնալ առումով։
Ինչ խոսք՝ կապը զորեղ բան է։

Ի վերջո միջավայր ասված բանը կա, ընտանեկան տեսանելի ու անտեսանելի թելերով փոխանցվող դաստիարակություն կամ ուսուցում հասկացությունները կան, շատ բաներ «բոնուսի» կարգով են տրվում, շատ բաների էմպիրիկ ճանապարհով չես հասնում, պոետի ասածի հանգույն շատ հմտություններ, գաղտնիքներ «դժվար վարժությամբ» չես ձեռք բերում․․․ Մի խոսքով՝ առավելություններ են, որ տրվում են ճակատագրով։ Սակայն թվարկվածները դեռևս ամեն ինչ չեն, քանզի, որպես ինչ-որ բանի հասնելու պարտադիր պայման, դրանց մեջ ամենակարևորը՝ մարդուս, անհատի կանխատրամադրվածությունը չկա, որ դառնալու է ճակատագիր, բնավորություն, Աստծո կողմից շնորհված անցնելիք ճանապարհ։

Այո, Արամ Մաշուրյանի բավականին զորեղ տոհմածառում կամ այդ տոհմածառի տեսանելի անցյալում գեղարվեստի հետ առնչություն ունեցող չկա, սակայն նրա կյանքում եղել է մեկը, ով ունեցած ազդեցությամբ հանգուցային դերակատարում է ունեցել։ Խոսքը մեր գեղարվեստի ճանաչված վարպետներից Համլետ Ասատրյանի մասին է, ում առաջին անգամ արդեն հեռավոր թվացող 2000-ին Գորիսում կազմակերպված սիմպոզիումում է տեսել, սեպտեմբերյան սառնաշունչ օրվա մեջ վայելել բաց օդում ոչ միայն չորս ժամ վարպետի կողքը լինելու, այլև նրա ստեղծագործական շունչը զգալու բերկրանքը։

Իր հերթին վարպետն էլ իր բաժին զարմանքից անմասն չի մնացել։ Պատանյակը գեղանկարչին անակնկալի է բերել ոչ միայն իր համառությամբ, բնությունը կարդալու ու կտավին փոխանցելու բավականին հետաքրքիր ունակությամբ, այլև անսովոր համարձակությամբ՝ ի վերջո քեզանից մեծին տուն հրավիրելու կողքին հրավիրելու վստահություն էլ պիտի ունենալ։

Կգա ժամանակ, Արամ Մաշուրյանը կունենա, հաստատ կունենա կյանքն ու հետևում մնացած ստեղծագործական ուղին լուսաբանող արվեստի խորագիտակներ, որոնք ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ քննության կառնեն այդ ուղին՝ արվեստասերին ավելի մատչելի ներկայացնելու համար այն բաժանելով փուլերի։ Կգա, կգա՛ այդ ժամանակը, իսկ մենք առայժմ վայելենք նրա բուռն որոնումների, ինքնահաստատման ստեղծագործական փոթորկումների այս շրջանը, որի հիմքը գեղարվեստական մտածողության մեջ ունեցած ուղղորդիչ դերով դրել է Համլետ Ասատրյանը (սա իր՝ Ա․ Մաշուրյանի խոստովանությունն է)։ Հ․ Ասատրյանի կողքին շնորհալի երիտասարդ ստեղծագործողի համար գեղանկարչության իմացության առումով ֆունդամենտալ նշանակություն է ունեցել Արմեն Աթայանը՝ մեկ այլ ուսուցիչ, իսկ գույնի ընկալումը ձևավորել է․․․Այ, հենց այստեղ է, հենց սրան առնչվող հարցով է, որ Արամ Մաշուրյանին, պատկերավոր ասած, դեմ տվեցինք պատին ու չկարողացավ գտնել պատասխանը, թեպետ այն այնքա՛ն ակնհայտ մակերեսին է, որ չտեսնելն անհնար է։ Բայց թե բնականաբար իր հարաբերական չիմացության մեջ մենք հո նրան չե՞նք թողնի որոնումների ծանր փնտրտուքի մեջ ու այսպես կասենք՝ Արամ Մաշուրյանին գույնի զգացողությունը տվել է իր հայրենի Սյունյաց աշխարհը, որն օրվա լույսի հարափոփոխում անգամ իր կապտամանուշակագույն տոնայնության մեջ նույնքան կայուն է, նույնքան արևաշող ու արևածին, որքան մոնումենտալ է Լեռնաշխարհն իր ողջ առնականությամբ։

․․․Ասված բան է, որ խոսքը խոսք է բացում։ Սյունյաց աշխարհի մոնումենտալությունն իր պինդ դրոշմն է դրել երիտասարդ արվեստագետի ստեղծագործության վրա, ու ես ակամայից հիշեցի մեր առաջին հանդիպումը, որ գորիսյան պլեների շրջանակում էր, «70 Ճանապարհ դեպի տաճար» փայլուն հղացման տրամաբանության մեջ, ու թե ինչպես Մարտիրոս Բադալյանը՝ մեր արդեն ավագ սերնդի գեղանկարիչներից մեկը, նայեց նրա վրձնածն ու շուռ եկավ դեպի ինձ․ «Պինդ վրձին ունի այս տղան։ Գիծն ամուր է, գույնի զգացողությունը՝ տեղը»։
Արամի հետ իմ այս երկրորդ հանդիպումն արդեն նրա արվեստանոցում էր։ Թե իր արվեստի մեջ մինչև ուր, ի՛նչ բարձրության կհասնի դեռ որ Քրիստոսի տարիքն ունեցող այս նկարիչը, շատ բաներով պայմանավորված կլինի կյանքի հանգամանքներից, այդ նույն կյանքի տված, տալիք դասերից, այդ նույն կյանքի կեռմաններում նրան հանդիպելիք մարդկանցից, բայց որ նրա արվեստի կողքին նրան ոչ պակաս բնութագրող մի իսկություն էլ կա, չի կարելի լռության մատնել։ Դա Երևանի մանկական գեղագիտական կենտրոնի Գորիսի մասնաճյուղն է 2014-ից Արամ Մաշուրյան տնօրենով։ Թե ինչ վիճակով է ստանձել մասնաճյուղը, շրջանցենք, բայց որ կրթամշակութային այս օջախը ոտքի կանգնեցնելու հարցում քիչ ջանք չի թափել, չտեսնելու էլ չտանք։

Կենտրոնն ունի ավելի քան 200 սան։ Ասել է թե այդքան մարդ կտրվում է փողոցից, ներառվում է ուսուցման մի համակարգ, որտեղ կարևորը միայն արվեստի այբուբենի հետ ծանոթանալը կամ դրա գաղտնիքներին հաղորդակից լինելը, գեղագիտական կրթություն, դաստիարակություն ստանալը չէ։ Եթե միայն սրանք լինեին կենտրոնի կոչվածությունը, Արամ Մաշուրյանը հաստատ Արամ Մաշուրյան չէր լինի կամ կիսով չափ Արամ Մաշուրյան կլիներ։ Այստեղ տրվող թերևս ամենախոշոր դասը հայրենիքը ճանաչելն է՝ հայրենաճանաչողությունը։
Իսկ հայրենիք ճանաչելը սկսվում է նրա նկատմամբ ունեցած սիրուց, ինչը և հաստատում է նա թե իր անցնող յուրաքանչյուր օրով և թե ծնունդ առնող նոր կտավներով։

Մարտին Հուրիխանյան

Աղբյուրը՝ internews.info

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել