Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Կարինե Բեկնազարյան-Մխիթարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Բարև Ձեզ, պարոն Փաշինյան,

Գրում եմ Ձեզ այսօր՝ 2021թ հուլիսի 9-ին, որպես ՀՀ ընկճված, պարտված, նվաստացած, ծաղրված, արդեն որերորդ անգամ խաբված ու սխալված քաղաքացի։

Երկար տարիներ Ֆրանսիայում ապրելուց հետո, 2018թ-ի հեղափոխությունից ոգևորված, մեր ընտանիքը հնարավորություններ էր փնտրում Հայաստան վերադառնալու՝ երկրի վերակառուցմանը մասնակից լինելու, արտասահմանում ձեռք բերած գիտելիքներն ու փորձն այստեղ կիրառելու համար։

2019թ-ի դեկտեմբերին այդպիսի հնարավորություն ստեղծվեց Մարսելի հայ համայնքի շնորհիվ․ ինձ առաջարկվեց աշխատանք Հայաստանում՝ Սյունիքի մարզում, որպես մասնավոր բժշկական կենտրոնի տնօրեն։ Առաջարկը սիրով և պատասխանատվության մեծ զգացումով ընդունեցի։

Ֆրանսիական մարդասիրությամբ, բարությամբ ու հանդուրժողականությամբ վարակված՝ կիսվելու և ունեցածը տալու մեծ ոգևորությամբ, մենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներս, մեր երեք զավակների հետ 2020թ հուլիսին տեղափոխվեցինք նոր Հայաստան։

Ես սկսեցի իմ աշխատանքը Սյունիքում, իսկ ամուսինս՝ Ֆրանսիայում կիրառական ՄՌՏ-ի (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ) բարձրակարգ մասնագետներից մեկը, սկսեց տարբեր նախարարություններում, պետական և մասնավոր կառույցներում, համալսարաններում ներկայացնել գիտական, կրթական և հետազոտական տարբեր պրոյեկտներ, մասնակցել «Ներուժ», «Ի գործ» և այլ՝ հայրենադարձության համար նախատեսված տարբեր ծրագրերի։

Պատասխան կամ չկար, կամ էլ այդ պրոյեկտների անհրաժեշտություն Հայաստանում չկար։

Ամիսներ շարունակ նման մասնագետի կարիք կարծես թե չկար, մինչդեռ հետսովետական մի շարք երկրներից հրավերները գնալով շատանում էին։

Իմ աշխատանքը հետաքրքիր էր, չելենջը հետևյալն էր՝ լինել սպիտակ ագռավ հին և նոր Հայաստանների առողջապահական ամենակոռումպացված ոլորտում՝ աշխատել սրտամկանի սուր ինֆարկտ ունեցող հիվանդների հետ առանց ատկատի։

2013թ-ից ֆրանսիահայերի կողմից հիմնադրված մեր բժշկական կենտրոնը հենց այդպես էլ աշխատել է և շարունակում է աշխատել՝ ի հեճուկս ամբողջ առողջապահական համակարգի (հին ու նոր չկա, բոլորը նույնն են)․․․

Պարոն Փաշինյան, գուցե որպես վարչապետ և չորս զավակների հայր, Ձեզ հետաքրքրի, թե ինչպես են մեր երեխաներն ինտեգրվել Հայաստանում․բակում՝ հիանալի, մշակութային խմբակներում՝ լավ էր, իսկ այ կրթական համակարգը․․․ խայտառակություն է։

Փառք ու պատիվ մեր մանկավարժներին, որ Covid-ի պայմաններում և եղած դպրոցական ծրագրերով կարողանում են անել անհնարինը։

Սյունիքում մենք անցկացրինք 11 ամիս։ Մեր զավակների համար աշունը, ձմեռն ու գարունն անկրկնելի գեղեցիկ էին։ Բնությունը հրաշքներ է գործում Զանգեզուրում։

Միաժամանակ այդ ամիսները մեզ համար հայոց հազարամյակների խորքից եկած պատմության խտացումն էր՝ իր ողջ հերոսությամբ և ողբերգությամբ։

Ափսոս, որ Դուք, որպես ՀՀ վարչապետ և զինված ուժերի գլխավոր հրամանատար, միայն ցիտում եք հպարտ պարտվողի տողերը․․․

Չերկարացնեմ նամակս, մի քանի օրից մեր ընտանիքը վերադառնում է Ֆրանսիա։

Շատերը սա կանվանեն վախկոտություն, կեսից ետ կանգնելու, հանձնվելու, Հայաստանը լքելու որոշում․ իրավունք ունեն։

ՀԳ․

Պարոն վարչապետ, մենք պարտվեցինք։ Դուք հպարտ եք, ես՝ ոչ։

Մի քանի ամիս է մտածում եմ՝ որտեղի՞ց այդ հպարտությունը Ձեզ․․․

Կարինե Բեկնազարյան-Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել