Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Արցախյան պատերազմը, Զանգեզուրի միջանցքը իրանա-թուրքական հարաբերությունների համատեքստում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Արցախյան վերջին պատերազմը զարմանալիորեն մեր փորձագիտական հանրույթի կողմից բովանդակային վերլուծության նյութ չի դառնում, այնինչ նախորդող և հաջորդող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները ուղղակիորեն կապված են մեզ հետ:

Մի քանի կարևոր արձանագրումներ անենք: 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման արդյունքում դիտարկվում էր Թուրքիայի կողմից իրանական նավթի գնումների և Իրանի կողմից թուրքական ապրանքների ներմուծման կրճատում: 2019 թվականի ապրիլից հետո, երբ Միացյալ Նահանգները վերացրեցին Թուրքիային և իրանական նավթի 7 այլ խոշորագույն գնորդներին տրամադրվող արտոնությունները, իրանական հում նավթի և նավթամթերքների ներմուծումը Թուրքիա կրճատվեց 63 տոկոսով, իսկ ավանդական դրական սալդոն առևտրաշրջանառության մեջ՝ 79 տոկոսով:

Հատկանշական է, որ 2015 թվականին երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմում էր 14 միլիարդ և խնդիր էր դրված մինչև 2023 թվականը հասցնել 100 միլիարդի: Նշված շրջանում Իրանը հանդիսանում էր գազի երկրորդ խոշորագույն մատակարարը Թուրքիայի համար՝ տարեկան 10 միլիարդ խմ: Նմանատիպ իրավիճակ էր նավթի առումով, որտեղ Իրանը երկար տարիներ թիվ մեկ մատակարարն էր 51 տոկոսով: Տնտեսական պատժամիջոցների սահմանումից հետո այդ ցուցանիշը նվազեց մինչև 28.5 տոկոս, իսկ առաջին տեղում հայտնվեց Իրաքը՝ 32 տոկոս, որտեղ փաստացի հաստատվել էր իրանական պրետեկտորատ:

Թուրք-իրանական հարաբերությունները նավթագազային ոլորտում, ի դեպ, յուրահատուկ բաղադրիչ ունեն: Թուրքիան հավակնում է դառնալ տարածաշրջանային հաբ դեպի Եվրոպա էներգակիրների արտահանման համար, այդ թվում՝ իրանական, և խնդիր ունի Իրանից կախումը չեզոքացնել: Ժամանակ առ ժամանակ Անկարայից այդ առումով հնչում են դժգոհություններ: Հիշեցնեմ, որ 2012 թվականին Թուրքիան դիմել էր Միջազգային արբիտրաժային դատարան՝ պահանջելով 25 տոկոսով նվազեցնել իրանական գազի գինը: Համեմատության համար, թուրքերը 2015 թվականի առաջին կիսամյակում 1000 խմ իրանական գազի համար վճարում էին 431 դոլլար, ռուսական գազի համար՝ 377, իսկ ադրբեջանականը գնում էին 290 դոլլարով: Ըստ որում, իրանական գազի արտահանման ծավալում Թուրքիայի մասնաբաժինը կազմում էր համարյա 90-95 տոկոս, սակայն, անգամ այդ պարագայում պարսիկները շարունակում էին պահպանել կրիտիկական ազդեցությունը գնորդի վրա՝ փաստացի պարտադրելով գինը: Մի փոքրիկ հիշատակում կանեմ Թուրքիայում 81 նահանգներից 80-ում էներգանաանջատումների մասին և նախագահ Ահմադինեժադի կառավարման տարիներին ձմեռային սաստիկ ցրտերի ժամանակ գազի մատակարարումների ժամանակավոր դադարեցման:

Համանման իրավիճակ է նաև տրանսպորտային ոլորտում, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բեռնատարային պատերազմներ: Թուրքական բեռնատարների համար իրանական տարածքի շրջանցումը չափազանց թանկ հաճույք է: Կհիշեցնեմ 2014 թվականի ձմռանը թուրք-իրանական և իրանա-թուրքմենական սահմաններին թուրքական բեռնատարների հսկայական կուտակումները, որ վկայում էին դեպի միջինարևելյան շուկա թուրքական առևտրի նկատմամբ իրանական կողմի փաստացի վերահսկողության մասին: Դեռևս 1994 թվականին Թեհրանի և Անկարայի միջև ստորագրված համաձայնագրով թուրքական բեռնատարները իրանական տարածքով տրանզիտի համար վճարում էին նաև վառելիքի գնի տարբերությունը, ըստ որում, այս կարգավորումը հակառակ ուղղությամբ չէր տարածվում իրանական բեռնափոխադրողների վրա: Գումարային արտահայտությամբ Իրանը թուրքական բեռնատարներից գանձում էր 750 դոլլար տրանզիտային հարկ, իսկ իրանական մեքենաները Թուրքիայի տարածքով երթևեկում էին անվճար: 2014 թվականի հոկտեմբերին թուրքերը սահմանեցին համարժեք վճար՝ նպատակ ունենալով ստիպել պարսիկներին վերանայել վարձաչափը, ինչին Ռոուհանիի կառավարությունը պատասխանեց հոկտեմբերի 10-ի որոշումով՝ կրկնակի թանկացման մասին՝ 1500 դոլլար տրանզիտի համար: Հատկանշական է, որ իրանական կողմը քննարկում էր բազմակի ավելի բարձր վարձավճար:

Ինչևէ, թեման շատ մեծ է և կարելի է բազմաթիվ փաստեր վկայակոչել, որոնք ակնհայտ են դարձնում վերջին Արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության շարժառիթները թուրք-իրանական հարաբերությունների համատեքստում, ինչպես նաև Իրանի կենսական շահերը: Սա գրում եմ հատուկ նրանց համար, ովքեր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ներկայում շրջանառող թեման պրիմիտիվացնում են: Պնդում եմ, որ այդ մարդիկ ուղղակի քաղաքական դեգեներատներ չեն ու շատ լավ հասկանում են ամեն ինչ: Այս ամենի համատեքստում չի կարելի բացառել նաև Հայաստանում որոշումներ ընդունող անձանց թուրքական իստիբլեշմենթի կողմից ուղղակի աջակցության, այդ թվում՝ ֆինանսական, պարզ կասեմ՝ վճարման հավանականությունը: Ի դեպ, չարժե մտածել, թե պարսիկներն այս ամենը հեշտությամբ կուլ կտան: Լրջանալ է պետք վերջապես:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել