Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիսում երեխաների զարգացման և ժամանցի կենտրոնների մեջ առանձնահատուկ դերակատարություն ունեն գրադարանները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Էլմիրա Բալասանյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.

Չգիտեմ, ով ինչպե՞ս է մտածում, բայց այսօր ես հպարտությամբ եմ ուզում նշել, որ մեր քաղաքում երեխաների համար աջակցության, զարգացման, հանգստի և ժամանցի կենտրոնների սնկի պես աճելն ինձ ուրախացնում է։ Բազմաթիվ երեխաներ իրենց հանգիստը , առօրյան անց են կացնում այդ կենտրոններում։ Այն 1–1,5 ժամը , որ երեխաների հետ զբաղվում են իրենց տարիքային խմբերում , սովորեցնում են գիտելիքներ, տալիս՝ հմտություններ, լիովին բավարար է , որ այդ ընթացքում ծնողը կարողանա «ինքն իրենով» զբաղվել։

Երիտասարդ մայրիկներն այդ 1––1,5 ժամի կարիքն իրոք ունեն։ Նրանք էլ են ուզում սիրուն լինել, հարդարված ու խնամված և նաև մանկական ճռվողյունից մի փոքր կտրված։

Իսկ, որ երեխաների հետ տարվող աշխատանքներին ակտիվ լծվել են նաև մանկական գրադարանները, դա արդեն մի ուրիշ թեմա է։ Երեխաներին գրքի, գրականության հետ կապելու գործը այսօր համակարգիչների, հեռախոսների , առատ ու բազմազան ինֆորմացիայի աղբյուրների առկայության պայմաններում, այնքան էլ հեշտ չի։ Գորիսի կենտրոնական գրադարանի թիվ 2 մասնաճյուղը / Հին Վանքի տափ/ ունենալով 23000 կտոր գիրք, 1990 թ –ից հետո ծրագրային ոչ մի գրականություն չի ստացել։ Այս ու այն հովանավորների ու գիրք նվիրողների կողմից ստացած գրքերն էլ ոչ ընթերցվող են ոչ պահանջարկ ունեն։ Ճիշտ է, վերջերս ստացել են հեքիաթների պատկերազարդ գրքեր, բայց ծրագրայինը էլի չկա։

– Ընթերցողը նաև Շեքսպիր է ուզում , հայ դասականներ ․․․ դե, ինչպես սպասարկես։ Ընթերցողը ետ է գնում էլ գրադարան չմտնելու որոշումով,– ասում է Մարինե Դոլունցը։

– Վերջերս,– պատմում է գարադարանավարուհի Գոհար Յուզբաշյանը,– մեզ մոտ ,, Մարդը կարիքի մեջ կազմակերպության աջակցությամբ սկսել է գործել մանկական կենտրոն։ Երկու տարիքային խմբերով գրադարան են հաճախում երեխաներ , ովքեր արդեն մերվել են աշխատակիցների հետ, կարող են անգամ վոլեյբոլ խաղալ նրանց հետ , քննարկել օրվա լուրերը, նկարել ու քանդակել, նախապատրաստվել հետաքրքիր միջոցառման ու էքսկուրսիաների գնալ։

Երկարամյա գրադարանավարուհի Արևիկ Լալաբեկյանն ասում է, որ իրենց շատ օգնում է ստացված ժամանակակից տեխնիկան՝ համակարգիչը, պրոյեկտորն ու մեծ էկրանը, մանկական գույքն ու գրքերը։

– Պատրաստվում ենք էքսկուրսիա գնալ Բակունցի տուն թանգարան , – ասում են գրադարանավարուհիները։ – Դրա համար հանձնարարել ենք երեխաներին ընթերցել Ակ․ Բակունցի «Սպիտակ ձին»։ Հենց գրողի տուն թանգարանում էլ կկազմակերպենք քննարկումը։

– Մանկական կենտրոնի ստեղծումը գրադարանում նպաստում է արդյո՞ք երեխաներին գրադարանի, գրքի հետ կապելուն, –հարցնում եմ ես։

Պատասխանը դրական է։ Դե, ուրեմն գրադարաններին՝ նոր կյանք ու գործունեության լայն հնարավորություններ։

Ու․․․ եթե կարողանայինք գրադարանների աշխատանքն ավելի լավ պայմաններում վերակառուցել/ մաքուր, չոր, լուսավոր, առանց խոնավության հոտի ու գոնե փոքր ի շատե վերանորոգված/, ապա ․․․սպասում եմ ձեր առաջարկներին մեկնաբանություններում։

Հեռանում եմ գրադարանից։ Ականջիս դեռ ընկեր Գոհարի հետ գնդակով խաղացող երեխաների ուրախ ճռվողյունն է, աչքերիս՝ գրադարանավարուհիների մտահոգ դեմքերը։ Սառույցը տեղից շարժվել է։ Լավ է լինելու։

Սիրով՝ մանուկներին սիրող Էլմիրա։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել