Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Գիտատոն», որ կարող է մասշտաբային դառնալ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Երևանում այս  օրերին «Կենսաբանների հաջորդ սերունդ» գիտակրթական ծրագրի շրջնակում անցկացվում է «Գիտատոն» միջոցառումը։ Ծրագիրն իրականացվում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում:

ՀԿ համահիմնադիր, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Գասպարյանը Panorama.am-ի հետ զրույցում նման միջոցառման անցկացումը կարևորում է մի քանի առումով։

«Հասարակության շրջանում հաճախ գիտությունն ասոցացվում է գումարներ չտրամադրելու, երբեմն աղքատության հետ։ Հասարակությունը գիտության մասին պատկերացում գրեթե չունի։ Մեր նպատակն է նման կարծրատիպերը կոտրել, բարձր դասարանցիներին ու բուհերի ցածր կուրսերի ուսանողներին կապել բարձր որակի հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների ու լաբորատորիաների հետ՝ ցույց տալու, որ գիտությունը լուրջ արդյունքներ է գրանցում, որ գիտության մեջ խնդիրներից բացի կան դրական ձեռքբերումներ»,-ասում է Գասպարյանը։

Նախ տեսահոլովակներ են պատրատել ու տարածել առաջատար գիտահետազոտական հիմնարկների, լաբորատորիների մասին, ապա «Գիտատոն»-ի մասնակցության համար մրցույթ են հայտարարել, ընտրել երեսուն աշակերտ ու ուսանող Երևանից, Գեղարքունիքից, Կոտայքից, Սյունիքից, Շիրակից։

Տարբեր դպրոցներից ու բուհերից ընտրված մասնակիցներն օրվա առաջին կեսի ընթացքում լսում են կենսաբանության տարբեր ուղղությունների մասին զեկուցումներ Հայաստանում անցկացվող առաջատար հետազոտությունների մասին։

Նրանք բաժանված են 5-6 հոգանոց խմբերի, ունեն մենթորներ, որոնք երիտասարդ գիտնականներ են ու նրանց հետ աշխատանքի ընթացքում ներկայացնում են հետազոտական գաղափարներ կենսաբժշկության, բնապահպանության, կենսատեխնոլոգիների, մոլեկուլային կենսաբանության, գենային ճարտարագիտության ոլորտներում։

«Հիմա նրանք աշխատում են այդ հետազոտությունների ու դրանք պրեզենտացիաների վերածելու ուղղությամբ։ «Գիտատոն»-ի երրորդ մասի ժամանակ մասնակիցներն այցելում են գիտահետազոտական հիմնարկներ, իրենց աչքով տեսնում են, թե ի՞նչ փորձեր են իրականացվում այնտեղ, ի՞նչ հագեցվածություն ունեն դրան, ի՞նչ է կատարվում դրանց պատերից ներս»,-միջոցառման վերաբերյալ մանրամասներ է ներկայացնում ՀԿ համահիմնադիրը։

Գասպարյանն ընդգծում է, որ նման միջոցառում նույն հաջողությամբ կարող է անցկացվել ֆիզիկայի, քիմիայի կամ գիտության այլ ճյուղի վերաբերյալ, կարող է լինել ավելի մաշտաբային՝ ընդգրկելով հարյուրավոր մասնակիցների։ Առաջին անգամ անցկացվող միջացառման ընթացքում կազմակերպիչներն արդեն կարևոր ձեռքբերումներ են արձանագրել։

«Երեխաները կապվում են մենթորների հետ, իսկ դա նշանակում է սկսում են հետևել գիտական պրոցեսին։ Երեխաներին արդեն շատ է հետաքրքրում գիտությունը, քանի որ տեղում նրանք տեսնում են, թե ինչ է կատարվում։ Գիտահետազոտական հիմնարկներ մուտքը թույլ կտա նաև ապագայում ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։ Մասնակիցները ձեռք են բերում նաև հմտություններ, օրինակ, ինչպես գրել գիտական հոդվածներ, դրամաշնորհներ։ Այսինքն բացի մասնագիտական գիտելիքներից  միջոցառումը տրամադրում է նաև նման հմտություններ, որ նրանք դառնան լավ գիտնական»,-արձանագրած հաջողությունները թվարկում է կենսաբանը։

Միջոցառման շնորհիվ աշակերտներն ու դասախոսները շփվում են երիտասարդ գիտնականների հետ՝ տեսնելով գիտության երիտասարդ դեմքը։ Այդպիսով կոտրվում է նաև այն կարծրատիպը, որ գիտությամբ զբաղվում են օրինակ 80-ամյա պապիկները։

«Տարիքային ճեղքի բացակայության պատճառով աշակերտ-ուսանող-երիտասարդ գիտնական կապը շատ հեշտ ու արդյունավետ է ստացվում։ Մենթորներն իրենք էլ շատ մեծ հաճույքով են աշխատում»,-նշում է կազմակերպիչը։

«Գիտատոն»-ի ավարտին լավագույն հետազոտության հեղինակները կստանան մրցանակներ, բացի այդ հնարավորություն կտրվի շարունակել հետազոտությունները, որից հետո սեպտեմբերին կներկայացվեն դրա արդյունքները։  Միջոցառման հեղինակները նշում են, եթե մասնակիցները  հետագայում նույնիսկ չզբաղվեն գիտությամբ, հստակ գիտակցելու են գիտության ու դրան տրամադրվող հատկացումների ավելացման կարևորությունը, դառնալու են գիտահեն դասախոս ու մանկավարժ։  Գասպարյանը նշում է, որ շատ լավ կլիներ եթե  ֆինանսավորում լիներ ու  միջոցառումն էլ դառնար ամենամյա ու առավել մասնակցային։
«Կրկնում եմ, միջոցառման նպատակն է ցույց տալ, որ ոչ թե ամեն ինչ շատ վատ է, այլև ցույց տալ դրականը»,-ասում է ՀԿ համահիմնադիրը։

Գործող գիտնականը միաժամանակ բարձրաձայնում է գիտության զարգացմանը խոչընդոտող խնդիրներից, որոնք չեն սահմնանափակվում ֆինանսավորման սակավությամբ։ Քարաքոսերի ու սնկերի ուսումնասիրման լաբորատորիայի ստեղծման համար ԳՊԿ-ից ստացած դրամաշնորհ շահած կենսաբանը կրակն է ընկել վերանորոգման, սարքավորումների ձեռքբերման համար օրենքով նախատեսված մրցույթների պահանջի ձեռքը։

«Բյուրոկրատական քաշքշուկներ են, որոնց մեջ հայտնվում է գիտնականը։ Ու խոսքն այն սարքավորումների մասին է, որոնք օգտագործվելու են գիտական հիմնարկում հետազոտության իրականացման համար։ Խոսքը բիզնեսի մասին չէ, որ բերելու ես ու վաճառել։ Մրցույթների արդյունքում չգիտես, թե ինչ որակի սարքավորում ես ստանալու։ Բացի այդ պրոցեսը դանդաղում է։ Ուղղակի գնումների դեպքում էական գումարներ կխնայվեն, դրանք էլ կներդրվեն գիտության մեջ։ Ահա այս խնդիրների շուրջ պետք է քննարկում անել, հասկանալ լուծումները, հակառակ դեպքում նման խնդիրները բարդացնում են գիտնականի կյանքը, հիասթափեցնում նրան»,-նշում է Արսեն Գասպարյանը։

Կենսաբանի խոսքով, դրամաշնորհային ծրագրերը սովորաբար լինում են 2-3 տարվա ժամկետով, մինչդեռ ինքը 2-3 ամիս է դեռ վերանորոգման մրցույթների մեջ է, մեկը չի կայանում, մյուսն են հայտարարում։

«Սա շատ կարևոր հարց է, մրցույթների հարցը պետք է լուծվի։ Պետք է հասկանալ խնդիրն ու լուծել, օրենսդրությամբ պետք է ֆիքսեն, որ գիտությունն առաջնահերթություն  ու պետք է նրանց համար մրցույթները հանել»,-ասում է նա։

Իր գիտական աստիճանը Գերմանիայում ստացած կենսաբանը խոստովանում է, որ երբեմն նման խնդիրների պատճառով է, որ երիտասարդ մասնագետները հայրենիք չեն վերադառնում, քանի որ չկա ճկունություն։ Օրինակ, Գերմանիայում մրցույթների ու այլ հարցերով գիտնականը չէ, որ զբաղվում է։

Ի դեպ, Գասպարյանն  առաջարկում է պետբյուջեի հատկացումների մասին առանձին տողով նշել գիտության հանրայնացման ու գիտնականի կերպարի ներկայացման ծախսը։

«Եթե հիշողությունս չի դավաճանում, Գերմանիայում անձնագրում նշում են գիտական աստիճանը՝ այդպիսով կարևորելով մարդու աշխատանքը, նրան հասարակության մեջ առավելություն է տրվում»,-նշում է կենսաբանական գիտությունների թեկնածուն ու ավելացնում, որ մտքեր ունեն գիտության փառատոն անցկացնելու մասին։

Աղբյուրը՝ Panorama.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել