Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
12 hարց Լիլիթ Մկրտչյանին (և «Բարձունք»ի թիմին). Աննա Աղլամազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

«Բարձունք»ի հարգելի՛ անդամներ,Երեկ ձեր ֆեյսբուքյան էջում գրառում եք կատարել՝ շեշտելով, որ Լիլիթ Մկրտչյանի հետ կապված «շարունակում են թիրախային կերպով կատարվել տարատեսակ հրապարակումներ՝ իբրև թե թուրքերի հետ ինչ-որ համագործակցության մասին»։

1.

ՀԱՐՑ. Կբացատրե՞ք՝ ի՞նչ է նշանակում «իբրև թե»։ Լիլիթ Մկրտչյանը մասնակցել է կոնկրետ ծրագրի, որտեղ ներգրավված են եղել նաև թուրքեր։ Դուք այս փաստը ժխտո՞ւմ եք։ (Ահա Արտակ Մովսիսյանի անդրադարձն այդ ծրագրի բովանդակային մասին՝ https://www.youtube.com/watch?app=desktop&v=m-I0UZKdjBw…

2.

Ձեր հայտարարության մեջ նաև ավելացնում եք․ «Համոզված եղե՛ք, որ տարածվող լուրերը զրպարտանք են»:

ՀԱՐՑ․ Կոնկրետ կնշե՞ք, որ լուրերի մասին է խոսքը և կոնկրետ ի՞նչն եք դուք որակում «զրպարտանք»։

3.

Ուշագրավ է ձեր գրառման վերջաբանը․ «․․․այս խնդրով մտահոգություն և հարցեր ունեցողներին հրավիրում ենք «Բարձունք»՝ զրուցելու թե՛ Լիլիթի, թե՛ մեզ հետ՝ եղած բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար»։

ՀԱՐՑ․ Հարցեր ունեցող բոլոր ՀՀ քաղաքացիներին հերթով հրավիրում եք ձեր գրասենյա՞կ։

Տեղեկացնեմ, որ Լիլիթ Մկրտչյանի գործունեությունն այլևս նեղ շրջանակներից դուրս է․ նա գլխավորել է մեր հանրակրթության համար մեծ կարևորություն ունեցող առարկայախմբի չափորոշիչների (լրա)մշակման աշխատանքները, որոնց հիման վրա պետք է գրվեն շուրջ 20 նոր դասագրքեր։ Ուստի, Լիլիթ Մկրտչյանի գործունեությամբ կարո՛ղ են և պարտավո՛ր են հետաքրքրվել շատ շատերը և հնչեցնել հարցեր, որոնց պետք է պատասխանել հանրային ձևով և ոչ թե հրավիրել մարդկանց ձեր գրասենյակ։

Ուստի, եթե հարկ համարեք այս թեմայով պարզաբանումներ ներկայացնել (հարցազրույցի, ասուլիսի կամ այլ ձևաչափով) , խնդրում եմ հիմնավոր պատասխաններ հնչեցնել թե՛ վերոնշյալ երեք, թե՛ ներքոշարադրյալ ինը հարցերին։

4.

«Մեդիալաբի» կայքում հրապարակված հոդվածում Լիլիթ Մկրտչյանը նշում է․ «․․․առարկայական խմբի ծրագրերի նախնական փաստաթղթի մշակման աշխատանքներին սկսել եմ մասնակցել հոկտեմբերից, երբ ԱՐԴԵՆ ձևավորված, հաստատված ու գրված էր հանրակրթական պետական չափորոշիչների մայր փաստաթուղթը, որի հիմնական դրույթների հիման վրա կազմվել են հետագա առարկայական ծրագրերը։ Այսինքն՝ ես արդեն սկսել եմ մասնակցել այն ժամանակ, երբ արդեն այդ դրույթները ՈՐՈՇՎԱԾ ԷԻՆ»։ (Օգոստոսի 3, 2020 թ․) https://medialab.am/85319/

ՀԱՐՑ․ Ի՞նչ փորձագիտական խումբ է աշխատել այդ մայր փաստաթղթի մշակման վրա։ Ովքե՞ր են այդ մայր փաստաթղթի հեղինակները։ Ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունն իմ հարցմանն ի պատասխան չտրամադրեց այս տեղեկատվությունը։

5.

Լիլիթ Մկրտչյանը «Սիվիլնեթի» եթերում նշեց, որ նախքան այս ռեֆորմի իրականացումը կատարվել է կարիքների գնահատում, և այդ փաստաթուղթը հրապարակված է ԾԻԳ-ի կայքում։ https://youtu.be/53pzY5_R0yM?t=3106

ՀԱՐՑ․ Ե՞րբ է կատարվել կարիքների գնահատումը։ 2015 թվականի՞ն։ ԾԻԳ-ի կայքում հարյուրավոր հետազոտություններ են զետեղված․ ինչպե՞ս գտնենք այդ փաստաթուղթը։ Կնշե՞ք այդ փաստաթղթի վերնագիրը։

6.

Լիլիթ Մկրտչյանի հեղինակությամբ 2017 թ․-ին լույս է տեսել «Կրթական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1991-2005 թթ.» գիրքը։

ՀԱՐՑ․ Ի՞նչ հիմնական ասելիք ունի այս գիրքը և ի՞նչ եզրահանգումների է գալիս հեղինակը։

7.

2017 թվականի ապրիլին ստեղծվում է «Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը», որը սերտորեն համագործակցում էր «ԵՊՀ. Ռեստարտ» նախաձեռնության հետ։ (https://youtu.be/LmkPwRuHR6U?t=110)։ «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» համակարգող թիմի անդամներից են Լուսինե Խառատյանը և Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանը (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1058164284622787&id=100012876762586

ՀԱՐՑ․ Քանի որ Լիլիթ Մկրտչյանը «Դասախոս․ Ռեստարտ»ի անդամներից է(էր), կմանրամասնե՞ք՝ ինչպիսի համագործակցության մասին է խոսքը։ Լիլիթ Մկրտչյանը համաձա՞յն է Խառատյանի և Այվազյանի առաջ քաշած կեղծ, հակահայկական և դե ֆակտո թրքամետ թեզերի հետ։ Օրինակ, Խառատյանը կրկնում է թուրք պատմակեղծարարներին՝ ասելով․

«․․․ մեր էս սովորական շրջանառված տերմինները՝ Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան, թյուրիմացության տեղիք են տալիս (!), և մարդկանց թվում է, թե Հայաստան պետությունը էդպես երկար գոյություն է ունեցել (!), ու այն որ պետականաշինությունը իրականում մեր մոտ ընդամենը 25 տարվա (!) պատմություն ունի, էդ հարցը քննարկելը շատ ավելի դժվարանում է (!)»։ (2016 թ.) https://youtu.be/awf2nJtYDq0?t=409

Ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը։

8.

«Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը» պահաջում էր անհապաղ չեղարկել ռազմահայրենասիրական դաստիարակությունը, իսկ Լուսինե Խառատյանը կեղծ և մանիպուլյատիվ հայտարարություններ էր անում առ այն, որ կա հանրային բողոքի ալիք և որ ռազմահայրենասիրական դաստիարակության չեղարկումը հանրային պահանջ է։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1195520914220456&id=100012876762586

ՀԱՐՑ․ Կիսո՞ւմ է Լիլիթ Մկրտչյանն այն կարծիքը, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է անհապաղ չեղարկել։

9.

2019 թ.-ին հրատարակված «Պատմության ուսուցաման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» գրքում նշված է, որ այս ծրագրում, ի թիվս այլոց, ներգրավված են Լ․ Մկրտչյանի «Երիտասարդ պատմագետների ասոցացիան» և Գևորգ Տեր-Գաբրիելյանի ղեկավարած «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը»։ https://epfarmenia.am/…/Alternative_History_Education…

ՀԱՐՑ․ Լիլիթ Մկրտչյանը ծանո՞թ է Գևորգ Տեր-Գաբրիելյանի գործունեությանն ու տարիներ շարունակ նրա հնչեցրած մտքերին։ Եթե համագործակցում է նրա հետ, ինչպե՞ս կմեկանաբանի Գ․ Տեր-Գաբրիելյանի հետևյալ մտքերը։

Ա) «Եթե Արցախյան պատերազմը չլիներ, կարող ա լիներ հայերի մի քանակ, որը ընդհանրապես չառնչվեր Ցեղասպանության հարցին․ անցած-գնացած պատմություն է, եթե քո ընտանիքին չի վերաբերում (օրինակ, եթե դու [Հայաստանի] արևելյան մասերից ես)»։ (2015 թ․) https://youtu.be/gmX1yUyYjt4?t=505

Բ) «Եթե դիտում ես, հայ գրականությունը ամբողջությամբ քննադատություն է, պրովոկացիա է իր ժամանակակիցների հանդեպ (!)։ Ամբողջությամբ տխուր, ողբերգական դեպքերի արձանագրություն և վերլուծություն է (!)»։ (Հուլիս, 2020)https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1169768370129044&id=100012876762586

10.

Մինչև 2018 թվականի հեղափոխությունը մի շարք օտար ֆոնդերի ուշադրության կենտրոնում են հայտնվում հատկապես հայոց պատմության և հայ գրականության դասավանդման խնդիրները։ Օրինակ, 2017 թվականին «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը» հրապարակում է «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» հետազոտությունը։ Մասնակիցների թվում են Արքմենիկ Նիկողոսյանը, Գայանե Մկրտչյանը և այլք։ Ինչպես և Լիլիթ Մկրտչյանը, Գայանե Մկրտչյանը 2018-ից հետո ընդգրկվում է հանրակրթական չափորոշիչների (լրա)մշակման խմբում։ https://epfarmenia.am/…/Tolerance_Intolerance_in…

ՀԱՐՑ․ Կարդացե՞լ է արդյոք Լիլիթ Մկրտչյանն այս գիրքը։ Ի՞նչ կարծիք ունի այստեղ հնչող թեզերի մասին (գրքում անդրադարձ կա նաև հայոց պատմության դասագրքերին):

11.

Լիլիթ Մկրտչյանը ծանո՞թ է 90-ականներին ընթացքի մեջ դրված բլեյանական բարեփոխումների մանրամասներին։ Տեղյա՞կ է, որ Արայիկ Հարությունյանի և Աշոտ Բլեյանի գլխավորությամբ իրականացված(վող) կրթական «ռեֆորմները» մի շարք առանցքային կետերով կրկնում են միմյանց։

Ինչպե՞ս է Լ․ Մկրտչյանը բացատրում այս նմանությունները։ Ի՞նչ գնահատական է նա տալիս բլեյանական ռեֆորմին։ Ճի՞շտ ուղղությամբ էր այն շարժվում։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1075594006213148&id=100012876762586

12.

ՀԱՐՑ․ Ի՞նչ կարծիք ունի Լիլիթ Մկրտչյանը Սորոսի հիմնադրամի գործունեության մասին առհասարակ։ Տեղյա՞կ է, թե որքանով է այն ներգրավված ՀՀ-ում ընթացող կրթական բարեփոխումներում։ Ծանո՞թ է, օրինակ, 2013 թվականին հրապարակված մի հետազոտությանը, որտեղ փաստացի նշվում է, որ Հայաստանում կրթական ռեֆորմը պետք է սպասարկի բաց հասարակության արժեքների սերմանումը, որոնց հավատարիմ է Սորոսի հիմնադրամը։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1193496537756227&id=100012876762586

«Բարձունք»ի և Լիլիթ Մկրտչյանի կարծիքով բարեփոխումները պետք է կատարվեն ըստ Հայաստանի անվտագության ռազմավարության և առաջնահերթությունների՞, թե՞ օտար օրակարգեր սպասարկող ֆոնդի առաքելության։ Եվ վերջում․ ձեր կարծիքով ինչո՞ւ Թուրքիայում և Ադրբեջանում փակվեցին Սորոսի գրասենյակները։

Հարցերը շատ են, բայց այս պահին բավարարվենք այսքանով։

Շնորհակալություն։

#Կրթական_ռեֆորմ

Աննա Աղլամազյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել