Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Առողջ մարդը երջանիկ և առողջ քաղաքացիական հասարակության կորիզն է. Կարինե Բեկնազարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
16 Views

Գորիսի և շրջակա գյուղերի դպրոցականների շրջանում Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի կողմից անցկացված շարադրությունների մրցույթի մասին զրուցել ենք կենտրոնի տնօրեն Կարինե Բեկնազարյանի հետ:

– Ողջույն, տիկին Բեկնազարյան: Առաջարկում եմ այսօր խոսենք Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի ոչ մասնագիտական գործունեության մասին: Վերջերս կենտրոնի կողմից հայտարարվել էր շարադրությունների մրցույթ Գորիսի և շրջակա գյուղերի 5-12-րդ դասարանների աշակերտների համար առողջության թեմայով՝ «Բնությունն ու առողջ ապրելակերպը», «Ինչո՞վ է բնությունը օգնում առողջությանը», «Առողջության դերը մեր ընտանիքում» և այլ վերնագրերով: Ո՞րն էր այս մրցույթը կազմակերպելու շարժառիթը:

– Շարժառիթը հետևյալն էր, որ մեր երիտասարդ սերնդին՝ երախաներին, պատանիներին, հնարավորինս շատ փոխանցենք առողջ ապրելակերպի սկզբունքները: Նախ հասկանանք՝ որքանով են տեղեկացված աշակերտները, որքանով է այդ հարցը ակտուալ Գորիս քաղաքում և շրջակա բնակավայրերում, և ըստ մեր ունեցած տեղեկությունների, ըստ արդեն շարադրությունների արդյունքի՝ հասկանանք, թե ինչ աշխատանք պետք է տանենք երիտասարդների, երեխաների, ընտանիքների շրջանում: Այսինքն՝ սա ավելի լայն սպեկտր է իր մեջ ներառում, քան զուտ միայն հիվանդների հետ աշխատանքը, որովհետև մեր կենտրոնը, լինելով միակը տարածաշրջանում սրտանոթային հիվանդությունների բուժման, կանխարգելման վիրահատությունների առումով, առաջնահերթ նպատակ ունի կանխարգելել այս հիվանդությունները, աշխատանք տանել բնակչության բոլոր տարիքի, սեռի, սոցիալական խմբերի մարդկանց հետ հիվանդությունները կանխարգելելու համար: Հիմնական նպատակը դա էր:

– Իսկ արդյունքում ի՞նչ հասկացաք. արդյո՞ք աշակերտների շրջանում կա բավարար տեղեկացվածություն սրտանոթային խնդիրների և առհասարակ առողջական խնդիրների կանխարգելման վերաբերյալ: Ի՞նչ այլ մեխանիզմներով կարելի է խթանել այդ գիտելիքների տարածումը:

– Թեմաները ընդհանուր էին, մենք սրտանոթային խնդիրների մասով շեշտադրում չէինք արել, կոնկրետ մեզ հետաքրքիր էր առողջությունը լայն իմաստով, առողջության դերը ընտանիքում, բնության ներգործությունը, առողջ ապրելակերպի ներգործությունը:

Մոտ 350 շարադրություն ընթերցելու արդյունքում զարմանալիորեն և հաճելիորեն պարզ դարձավ, որ երեխաները շատ ավելի լավ են պատկերացնում առողջ ապրելակերպի դերը, բնության ազդեցությունը մարդկանց առողջության վրա, քան, ցավոք սրտի, մեծահասակները: Այսինքն, այստեղ հասկացանք, որ երեխաների միջոցով ծնողների, տատիկ-պապիկների վրա ազդելու մեծ լծակներ ունենք մենք, մեծ հնարավորություն ունենք, որովհետև երեխաները շատ ավելի լավ են պատկերացնում, շատ ավելի հեշտ են ընկալում և շատ ավելի ազատ են համագործակցում էս թեմաներով: Այսինքն, սա եղել է մեր առաջին, բայց, հուսամ, ոչ վերջին միջոցառումը: Սա կլինի շարունակական, ցանկություն կա չսահմանափակվել միայն Գորիսով և շրջակա գյուղերով, այլ ընդլայնել, մարզային մրցույթներ կազմակերպել, ինչու չէ՝ հետագայում նաև, օրինակ, Վայքը, Արցախը ներառել մեր ծրագրերի մեջ:

– Հրաշալի գաղափար է: Նշեցիք, որ 350 աշակերտ ներկայացրել էր իր շարադրությունը. հատկապես ո՞ր համայնքներն էին ավելի ակտիվ և որ տարիքային խումբը:

– 5-րդ դասարանից բարձր աշակերտների մասնակցությունն էինք նախատեսել: Մասնակցել են թվով 20 դպրոցներ, ակտիվությունը գրեթե հավասարաչափ է եղել: Եթե հաշվենք ըստ քանակի՝ միջին դպրոցի աշակերտներն ավելի շատ են եղել, բայց որակական առումով ավագ դպրոցն ավելի գրագետ էր: Նորմալ է՝ տարիքի, փորձի հետ կապված, բառապաշարի հարստության, կենսափորձի հետ կապված ավելի լավ աշխատանքներ էր ներկայացրել, դրա համար մենք հիմնականում ընտրեցինք 8-րդ դասարանի և ավելի բարձր դասարանների աշակերտների գրավորները:

Շատ ակտիվ էր հենց Գորիս քաղաքի ավագ դպրոցը, 4-րդ և 1-ին դպրոցները, շատ հրաշալի աշխատանքներ ենք ունեցել: Շատ ակտիվ էր Տեղ համայնքը, Կոռնիձորը, Քարահունջը, որ գյուղերն էլ մասնակցել են, ակտիվություն ցուցաբերել են: Ցավոք, մի քանի համայնք մեր ուղարկած հասցեներից չկարողացան մասնակցել, որոնցից էր Հարժիսը: Հարժիսը լավ պոտենցիալ ունի, չգիտեմ՝ ինչի հետ կապված չմասնակցեցին: Լսել ենք, որ երեխաները լավ են աշխատում, կարծում եմ մյուս անգամ կընդգրկենք նաև իրենց:

Շատ հետաքրքրական էր Տաթև համայնքի մասնակցությունը: Ինչպես բոլորին, իրենց էլ էինք հրավեր ուղարակել էլ. փոտով, մեզ ասել էին, որ անպայման մասնակցելու են, խոսել էինք, ասել էին՝ հա, այսինչ օրը կգաք գրավորները կտանեք: Ես որոշեցի անձամբ գնալ բոլոր գրավորները վերցնել, նախ տնօրենների հետ ծանոթանալ, անձնական անմիջական շփում հաստատել և ցույց տալ, թե որքան է դա կարևոր մեզ համար: Այլ բան է, երբ աշխատակցին ես ուղարկում, այլ բան է, որ տնօրենն անձամբ ներկայանում է: Շատերը զարմացան, բայց հասկացան, թե որն է դրա նպատակը՝ որքան դա մեզ համար կարևոր է: Շատ ջերմ ընդունելության ենք արժանացել բոլոր դպրոցների կողմից: 

Հասանք Տաթև, դպրոց գնացինք, տնտեսվարը դուրս եկավ, ասաց՝ ճիշտն ասած մենք գրավորները չենք պատրաստել: Ասացի հնարավոր չէ, եկեք զանգենք տնօրենին: Զանգեցինք տնօրենին, ով առողջական խնդիրների հետ կապված տեղում չէր: Ինքը շփոթել էր COVID-ի հետ կապված հանրապետական շարադրությունների հետ: Ես ճշտեցի, որ առողջության թեմայով է և ասացի, որ շատ հետաքրքիր մրցանակներ են լինելու, ափսոս կլինի՝ Ձեր երեխաները չմասնակցեն: Նա խնդրեց մեկ օր ժամանակ, ասաց վաղը ժամը հինգին շարադրություններն ուղարկենք: Իսկապես հաջորդ օրը մոտ 20 հատ շարադրություն ուղարկեցին, որոնցից շատ լավ գրավորներ առանձնացրեցինք:

Երբ որ մարդկանց ճիշտ տեղեկացնում ենք նպատակը, թե ինչի համար է, շահագրգռվածությունն առաջանում է: Այդ համայնքն էդտեղ շահեց:

– Իսկ հե՞շտ էր ընտրել լավագույններին:

– Չէ, շատ դժվար էր: Մի քանի հոգով ենք աշխատել շարադրությունների վրա: Սկզբից ընտրել ենք, երկու մասի ենք բաժանել, որոնք արժանի էին երկրորդ փուլ անցնելու, հետո երկրորդ փուլից քիչ-քիչ մաղելով գնացել ենք:

Գիտե՞ք ինչն էր դժվար, երբ որ գիտենք, որ ամեն թերթիկի, ամեն տետրի հետևում մի երեխա կա, ու ինչ սպասումով, ինչ պատրաստվածությամբ, ինչ հոգու թրթիռով են մասնակցել շարադրություններին, դժվար էր մեկին ընտրել, մեկին չընտրել, բայց խաղի կանոններն էդպիսինն էին, պետք է ընտրեինք լավագույններին:

Սկզբում մտածում էինք անել երեք մրցանակային տեղ, ավելի խոշոր գումարով կամ նվերով, հետո մտածեցինք, որ արժե ամեն դպրոցից գոնե մեկ կամ երկու աշակերտի առանձնացնել, որ իզուր չհամարեն իրենց աշխատանքը: Եվ որոշեցինք՝ ավելի լավ է շատ քանակով երեխաների առանձնացնել, մի քիչ յուրքանչյուրին հատկացվելիք գումարը պակասի, բայց ավելի ընդհանուր ինչ-որ բան կազմակերպենք, քան երեք հոգու առանձնացնենք: Էդ դեպքում մյուսները կհամարեն, որ իզուր են մասնակցել:

– Իսկ Ձեր կարծիքով Հայաստանում սրտանոթային հիվանդությունների և առհասարակ առողջական խնդիրների կանխարգելման հարցում ամենաէական գործոնները որո՞նք են, ի՞նչ մեթոդներով կարելի է պայքարել դրանց դեմ:

– Ես համեմատականներ պետք է դնեմ Հայաստանի և Ֆրանսիայի միջև, որովհետև երկար տարիներ Ֆրանսիայում ապրելով՝ ցանկալի է, որ լավ օրինակները բերենք և կիրառենք Հայաստանում: Ամենաառաջնայինը, բնականաբար, պետության առողջապահական քաղաքականությունն է, այսինքն՝ որքանով է պետությունը, առողջապահության նախարարությունը, կառավարությունը կարևորում իր քաղաքացու առողջությունը: Եթե համեմատական տանենք այլ երկրների հետ, այնտեղ մեդիադաշտում շատ մեծ դեր ունի պետական մասնակցությունը առողջ ապրելակերպ քարոզելու գործում: Այսինքն՝ հասարակ մի բան, ծխախոտի հետ կապված՝ որքան է ծխախոտը վնասակար առողջությանը, գովազդներ կան սոցիալական ինչքան ուզեք, բացատրական աշխատանք՝ ինչքան ուզեք, ալկոհոլի հետ կապված՝ շատ մեծ է, թմրանյութերի հետ կապված՝ շատ մեծ է: Այսինքն՝ պետությունը, կառավարությունը, անկախ նրանից, թե հինգ տարով Սոցիալ-դեմոկրատներն են ընտրվել թե Աջերը, թե Ձախերը, բոլորովին կարևոր չէ, ընդհանուր պետական քաղաքականություն ունի՝ առողջ ապրելակերպը սերմանելու սերնդի մեջ. հասկացնել, բացատրել հասկանալի ձևով՝ գովազդային հոլովակներով կլինի, բրոշյուրներով կլինի, թռուցիկներով կլինի՝ ինչ է առողջությունը, ինչպես պետք է պայքարել առողջ և երկար կյանք ունենալու համար, որոնք են մեխանիզմները, լծակները: Ինձ համար ամենակարևորը դա է՝ որքանով է պետությունը ներգրավված առողջությունը որպես հիմնական արժեք քաղաքացու կյանքում բացատրելու, կրթելու, ձևավորելու: Դա կարող է լինել դպրոցներում, կարող է լինել պոլիկլինիկաներում կամ այլ հաստատությունում:

Օրինակ՝ նորածիններով այստեղ զբաղվում են պոլիկլինիկաները, իսկ արտերկրում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, գոյություն ունի հատուկ կառույց, որը նորածինների և նրա ընտանիքների անդամների հետ կապված խորհրդատվություն է տալիս: Այսինքն՝ փոքր տարիքից, նորածին տարիքից ընտանիքին բրոշյուրներ և գրքույկներ են տալիս, որոնց մեջ շատ մանրամասն բացատրվում է՝ ինչն է օգտակար, ինչն է վնասակար, ինչպես կարելի է խուսափել…, այսինքն 0-ից մինչև կյանքի վերջ մշտապես պետությունը աջակցում է, օգնում է, կրթում է, բացատրում է, թե ինչպես անենք, որպեսզի ավելի երկար ապրենք, ավելի առողջ ապրենք: Ինձ համար թիվ մեկը դա է:

Երկրորդը առողջապահական համակարգը, բժիշկները, մեր բուժաշխատողներն են, ովքեր պետք է ամենօրյա աջակցություն, բացատրական աշխատանք տանեն, իրենց գիտելիքներով, իրենց աշխատանքով օգնեն, որպեսզի կանխարգելենք հիվանդությունները: 

Երրորդ օղակն ինձ համար ընտանիքն է: Շատ կարևոր է, թե ընտանիքում առողջության գաղափարն ինչ մակարդակի վրա է: Այսինքն՝ եթե ընտանիքները, ցավոք սրտի այսօր դա էդպես է, ծանր սոցիալական խնդիրների առջև են կանգնած, շատ դժվար է այդ սոցիալական խնդիրները լուծել և մտածել առողջ կյանքի, առողջ ապրելակերպի, առողջ սննդի, հանգստի, զբոսանքի, այդ ամեն ինչի մասին: Այսինքն՝ շատ-շատ-շատ աշխատանք ունենք՝ սկսած անհատից, վերջացրած պետական մակարդակով:

– Իսկ ո՞րն է առողջ լինելու Ձեր բանաձևը:

– Երեխաների գրավորներից պիտի օգտվեմ, որովհետև երեխաները շատ բանաձևեր են առաջարկել շարադրություններում: Իհարկե, առողջ լինելը իր մեջ երկու կոմպոնենտ է ինձ համար պարունակում, և մեր աշակերտներն էլ, կարծես թե, համաձայն են դրա հետ՝ ֆիզիկական և մտավոր, հոգևոր առողջություն: Ֆիզիկական առողջությունը սկսում է ճիշտ շնչելուց, ճիշտ քնելուց, ճիշտ սնվելուց, այսինքն՝ օրվա մեջ ինչքան ժամանակ ենք տրամադրում մաքուր օդում զբոսնելուն, որքանով ճիշտ ենք սնվում, ինչ առողջ և անառողջ սովորություններ ունենք, որքանով ենք ձգտում վերացնել այդ վնասակար սովորույթները. դա ֆիզիկական առողջությունն է: Որքանով հաճախ ենք դիմում բժիշկների օգնությանը կանխարգելիչ ստուգման համար, չենք սպասում, որ խորանա հիվանդությունը, այսինքն՝ եթե կա ախտանիշ, փորձում ենք կապ հաստատել բժշկական կենտրոնի մասնագետի հետ՝ խորհրդատվության և խորհուրդները ճիշտ ձևով կիրառելու:

Մտավոր, հոգևոր առողջությունը… Մի փոքր դժվար է այստեղ աշխատանքը: Դա ավելի գլոբալ է, քանի որ պատերազմական վիճակով ենք անցել, COVID-ը արդեն տարիուկես է մարդկանց խենթացրել է բոլոր երկրներում. դժվար է նման պայմաններում մարդկանց առողջ ապրելակերպը, առողջ քարոզարշավը տանել, որովհետև արգելքները շատ են նման դեպքում:

Երբ որ համադրվում է ֆիզիկական, հոգևոր և մտավոր առողջությունը, ստացվում է առողջ մարդ, երջանիկ անհատ, երջանիկ քաղաքացի, որը պատրաստ է շատ լավ աշխատել, շատ արդյունավետ է իր մոտ ստացվում և աշխատանքը, և կյանքը: Այսինքն՝ երջանկության, առողջ քաղաքացիական հասարակության կորիզն է առողջ մարդը:

– Վերադառնալով մրցույթին՝ բոլոր մասնակիցները ստացան խորհրդանշական նվերներ, իսկ հաղթող շարադրությունների հեղինակները մշակութային-ճանաչողական խիտ ծրագրով երկօրյա շրջագայություն ունեցան: Կպատմե՞ք մի փոքր, թե ինչ ծրագիր էր դա:

– Այո, ծրագրի վրա աշխատել ենք էլի մի քանի օր, տարբերակներ կային, բայց ընտրեցինք մշակութային, ճանաչողական տարբերակը՝ ցույց տալու համար, թե որքան հարուստ մշակութային ժառանգություն ունի հայ ազգը, և հետո՝ խթանելու համար, որ երեխաները գնան պատմեն իրենց դասարաններում, դա էլ շղթայական ձևով գուցե տարածում գտնի:

Ծրագիրը հետևյալն էր. ներառել էինք տուն-թանգարաններ՝ գրողների, արվեստի շրջանում՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, թատերական որևէ միջոցառման՝ ներկայացման մասնակցել, մեզ համար պարտադիր էր նաև Մատենադարան այցելելը՝ որպես հայ մատենագրության հնագույն օջախներից մեկը: Չգիտեինք՝ որքան երեխա է արդեն այցելել, պարտադիր համարեցինք Երևան գնալիս նաև Մատենադարան այցելել: Հետդարձին էլ ցանկություն կար Պարույր Սևակի տուն-թանգարան այցելել, որովհետև աշակերտները Երևան գնալիս հաստատ տեսնում են ցուցանակը, բայց արդյո՞ք հաջողվում է այցելել, և Նորավանք: Ցավոք սրտի Նորավանք չհասցրինք, քանի որ օրը մթնեց ուղղակի, թե չէ դա էլ էր շատ կարևոր:

24 աշակերտներին ուղեկցում էին հայոց լեզվի և գրականության երկու ուսուցչուհի, ովքեր ինձ շատ օգնեցին: Ապրիլի իննի առավոտյան մեկնել ենք Գորիսից, վերադարձել ենք ապրիլի տասի երեկոյան: 

Շատ հրաշալի պահեր ենք ապրել: Դե պատկերացրեք՝ երեխաները տարբեր գյուղերից, տարբեր համայնքներից էին, թերևս տարիքայինը միջինը նույնն էր, բայց որ տարբեր տեղերից էին, ես մի փոքր մտավախություն ունեի, որ կարող է չմերվեն, բայց կես ժամ հետո արդեն ընկերներ էին, ֆեյսբուքյան խումբ էին ստեղծել արդեն, նկարներ էին փոխանակում իրար հետ և այլն: Հրաշալի պահեր ենք ապրել երեխաների հետ, շատ-շատ տպավորված եմ, շատ գոհ ու երջանիկ եմ, որ բախտ է վիճակվել մեր երիտասարդ սերնդի հետ երկու օր ժամանակ անցկացնել: Դրական լիցքեր ենք ստացել բոլորս, հուսով եմ ՝ նաև իրենք: 

Կապը մինչև հիմա պահում ենք, եթե պետք է լինում երեխաները զանգում են, այսինքն՝ շատ անմիջական էր: Ես իրենց առաջարկել եմ անգամ, եթե ցանկություն ունեն, գան և մեր վիրահատություններին մասնակցեն, որովհետև այդ աշակերտներից երեք հոգի ցանկություն ունի բժշկական ուղղությամբ կրթությունը շարունակել, ասել եմ՝ արդեն դուք պիտի կազմակերպեք, զանգեք ասեք՝ որ օրը քանի հոգի, մենք ձեզ կօգնենք, կմասնակցեք, կտեսնեք բժշկական աշխարհը ներսից, ցույց կտանք մեր գաղտնիքները: Սպասում եմ իրենց առաջարկին: Տպավորությունը հրաշալի էր, գերազանց:

– Շնորհակալ ենք Ձեզ, որ նման միջոցառումներ եք կազմակերպում: Դուք արդեն նշեցիք, որ մտադրություն ունեք պարբերական դարձնել այս միջոցառումները: Կարծում եմ դա երիտասարդների համար էլ շատ կարևոր է: Կարևոր է, որ Ձեզ պես ղեկավար ունի կենտրոնը: Երնեկ, թե բոլոր առողջապահական կենտրոնները Ձեզ պես ղեկավարներ ունենային, ովքեր այսպիսի շփումներ կունենային հասարակության, մասնավորապես՝ երիտասարների հետ, և կսերտացնեին այդ շփումները, կնպաստեին առողջ ապրելակարպի տարածմանը: Վստահ եմ, որ շատ բաներ երեխաների մոտ փոխվել է:

– Այո, ես էլ հուսով եմ, որ սա երկարաժամկետ կտրվածքով իր արդյունքը ցույց կտա, որովհետև կան կազմակերպություններ, որոնք գումար են ծախսում կամ մարքեթինգային քաղաքականություն են վարում կարճաժամկետ՝ այսօրվա, վաղվա նպատակով, թե դա ինչ կտա գումարային առումով: Մեր կողմից արված այս միջոցառումների, շարադրությունների մրցույթի, դպրոցների հետ համագործակցության ակնկալիքը իրականում նյութական չէ, կարճաժամկետ չէ, այսինքն՝ մենք աշխատում ենք ավելի երկարաժամկետ առումով՝ 5, 10, 15 տարում թե ինչ կտա սա երեխաներին, որքանով կկարողանանք քարոզել առողջ ապրելակերպը: Ցանկալի է, որ նման քաղաքականություն ավելի շատ թվով կազմակերպություններ կիրառեն, միգուցե միասին կարողանանք ավելի շուտ լավ արդյունքների հասնել:

-Հուսով ենք՝ Ձեր օրինակը վարակիչ կլինի: Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար:

-Հուսանք: Ամեն դեպքում դպրոցների կողմից արձագանքը դրական էր, համագործակցում ենք քաղաքապետարանի, մարզպետարանի հետ, բոլոր մասնակիցների կողմից ցանկությունը շարունակելու շատ մեծ է: Հուսով եմ՝ կկարողանանք շարունակել: Շնորհակալ եմ հրավերի, հարցազրույցի համար:

Հարցազրույցը վարեց Տաթև Տոնոյանը

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել