Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սահմանային գոտում ԱԹՍ-ներով տեսանկարահանումները կարգելվեն օրենքով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

ԱԺ առաջիկա լիագումար նիստում խորհրդարանը կքննարկի զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին համաներելու մասին նախագիծը։ Ապրիլի սկզբին այն հավանության էր արժանացել կառավարության նիստում, այսօր էլ դրական եզրակացություն է ստացել ԱԺ-ի ոլորտային հանձնաժողովում։

Համաներման՝ կառավարության առաջարկը վերաբերում է մինչև պատերազմը՝ 2020–ի սեպտեմբերի 26-ը, ծառայությունից խուսափած 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերին։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, դրական եզրակացություն է ստացել նաև այն նախագիծը, որով արգելվում է սահմանային գոտում տեսանկարահանումներ անել։

Սյունիքում ամեն պահ ադրբեջանցիները ճանապարհից կարող են մարդ տանել․ ահազանգի հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Սասուն Միքայելյանն է։

«Ես պատերազմ անցած մարդ եմ, արդեն երրորդ պատերազմին եմ մասնակցում, և եթե այն, ինչ կա, մենք չբարձրաձայնենք, շատ վատ բանի առաջ կկանգնենք նորից։ Ես համարում եմ, որ լռելը ճիշտ չէ։ Ես ոչ թե իմ կուսակցությանը վնաս, այլ օգուտ եմ տալիս իմ խոսելով, որովհետև թերացումներ կան։ Կապ չունի, թե որ իշխանությունն է։ Պետք է կարգավորել, մենք այս վիճակից պետք է դուրս գանք, թե չէ անիմաստ է լինելու ամեն ինչ»։

Պատգամավորը Սյունիքից վերադարձել է ապրիլի 15–ին։ Ճանապարհին ավտոդողի խնդիր է ունեցել և շուրջ 2 ժամ կանգնել է ճանապարհին։ Ոչ հայ սահմանապահ, ոչ էլ ռուս խաղաղապահ չի տեսել, բայց ադրբեջանցի զինվորականների նկատել է, այն էլ՝ շատ մոտ տարածությունից։ 

Ամենաթարմ օրինակը 2 օր առաջ էր, երբ ադրբեջանցիները քաշքշել, հարվածել են արավուսցի հովվին, աչքը վնասել, սպառնացել Բաքու տանել։ Հայ-ադրբեջանական շփման գծի հատկապես Սյունիքի հատվածում առնվազն 5-7 կիլոմետր տարածությամբ անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին վերջին շրջանում խոսում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա անհանգստության հիմքում Ադրբեջանի զինվորականների՝ շատ մոտ ներկայությունն է, նաև՝ այդ երկրի պետական քաղաքականությունն ու քաղաքական նպատակները։

Ռազմաքաղաքական վիճակը դեռ հանգիստ չէ՝ հաստատում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը։ «Չեզոք գոտու» մասին խոսելիս տարակուսում է, թե ինչու անհանգստություն կա, որ Հայաստանը կարող է նոր դիրքեր զիջել․

«Իսկ ինչո՞ւ եք տրամադրված, որ պետք է զիջենք։ Թուրքիայի սահմանի օրինակով՝ դա չեզոք գոտի չէ, դա կոչվում է սահմանային շերտ, որը ինժեներական կառույցներով ապահովում է սահմանային անվտանգությունը։ Ամեն մի պետություն այդ սահմանային շերտը ձևավորում է իր տարածքի հաշվին։ Ինչպե՞ս կարող եք սահմանային շերտը ձևավորել հարևանի տարածքի հաշվին»։

Այս պահի դրությամբ, ըստ ԱԱԾ փոխտնօրենի, կան բազմաթիվ մարտահրավերներ և չլուծված հարցեր․

«Ոչ միայն Սյունիքի հատվածը, այլև ամբողջ բնագիծը դեռ վերջնականապես կարգավորված չէ։ Այսօր մենք ունենք 520 կիլոմետր երկարությամբ բնագիծ, որն ուղղակի դիրքավորված է այնպես, ինչպես կա։ Բայց դրա վերաբերյալ պետք է երկու պետության միջև ժամանակի ընթացքում, երբ ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի, հնարավորություն կստեղծվի երկկողմանի հանձնաժողովներ ստեղծել, կմոտենանք դելիմիտացիային, դեմարկացիային, այդ ժամանակ ավելի հստակ կլինեն մեր սահմանը, սահմանի հետ կապված ինժեներական կառույցները»։

ԱԱԾ փոխտնօրենը խորհրդարան էր գնացել նոր նախագծով։ Սահմանային գոտի մուտք գործած անձանց օրենքով կարգելվի օգտագործել անօդաչու թռչող սարքեր, անել տեսալուսանկարահանում։ Սահմանային գոտի մուտք գործելու կարգը խախտելու տուգանքի չափն էլ բարձրացվում է՝ նվազագույն աշխատավարձի 30–ապատիկից մինչև 100–ապատիկ։ Դեռ պատերազմի օրերին ապացուցվեց, որ սիրողական տեսանկարահանումները ՝ տեսախցիկով, հեռախոսով, «լայվերով», մեկնաբանություններով, մեծ վնաս կարող են հասցնել։ Նման դեպքերից մեկը հիշեց պատգամավոր Քրիստինե Պողոսյանը․

«Ստեփանակերտում դեպք եղավ, երբ մի անձ, որի անունը ես չեմ էլ ուզում տալ, «լայվ» է անում ու ասում է՝ տեսեք, հրթիռը հենց հիմա այստեղ խփեց, եթե 13 մետր լիներ դեպի հարավ–արևելք, կկպներ ԱԻՆ–ի կառույցին, որտեղ հրդեհ հանգցնող մեքենաներն են կանգնած։ 10 րոպե հետո 13 մետր այն կողմ ռումբը ընկնում է, ու այդ շենքը վնասվում է։ Այդ մարդիկ պատասխանատվություն կրե՞լ են, կրելո՞ւ են առհասարակ»։

Պատերազմի օրերին Ստեփան Մելքոնյանն անձամբ է հրահագնել Արցախում դադարեցնել բջջային կապով խոսակցությունները։ Պարզվել է, սակայն, որ նման սահմանափակումների դեպքում, օրինակ, շտապօգնությունն էլ է զրկվում նորմալ աշխատելու հնարավորությունից։ Բջջային կապը նորից գործարկվել է՝ ասում է Մելքոնյանը․

«Բազմաթիվ քրեական գործեր կան Քննչական կոմիտեում, որոնք առնչվում են նման դեպքերին, բայց կոնկրետ ասել՝ քանիսն են և որ դեպքերին են առնչվում, ես պատրաստ չեմ»։

Ստեփան Մելքոնյանը պնդում է՝ «Մեղրիի միջանցքի» մասին որևէ քննարկում չի ընթանում և չի էլ կարող ընթանալ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խումբն ուսումնասիրում է լոգիստիկ ու ճանապարհային հնարավոր տարբերակները՝ ասում է ԱԱԾ փոխտնօրենը և հավելում՝ խոսքը տրանզիտ բեռնափոխադրումների համար հնարավոր երկաթուղային ճանապարհների մասին է, բայց ոչ միջանցքների։

Նյութի աղբյուրը՝ hy.armradio.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել