Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիսի Կառուցման ժամանակ կիրառվել է ցարական Ռուսաստանի ժամանակ գոյություն ունեցած ստանդարտ հատակագիծ՝ ուղղանկյուն ցանցկեն․ Նարե Բեջանայն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
24 Views

Ֆեյսբուքյան օգտատեր Nare Bejanyan-ն իր էջում ներկայացրել է Գորիսի հատակագծի ՝ ուղղանկյուն ցանցկենի մասին իր տեղեկությունները։ Նա գրել է․

Երկու տարի առաջ զբոսավարների պատրաստման դասերի էի գնում: Ճարտարապետության դասախոսություններին ընկեր Շալունցը պատմել էր, որ Գորիսը Հայաստանի՝ հատակագծով կառուցված առաջին քաղաքներից է: Կառուցման ժամանակ կիրառվել է ցարական Ռուսաստանի ժամանակ գոյություն ունեցած ստանդարտ հատակագիծ՝ ուղղանկյուն ցանցկեն: Նույն հատակագիծը կիրառվել է նաև Գյումրիում, Նոր Բայազետում (ներկայիս Գավառում), ինչպես նաև Երևանի կենտրոնում:
Դասերի ավարտից ժամանակ անց կարծիք լսեցի, որ Գորիսի հատակագծի հեղինակը ազգությամբ գերմանացի մի ճարտարապետ է եղել, բայց քանի որ տեղեկությունը հիմնավորված չէր, շարունակեցի վստահել դասախոսիս տված տեղեկությանը:
«Ցեցն ընկավ ջանս» (ու միայն այսօր ստացվեց իրեն «սատկացնել»), երբ պաշտոնական մի աղբյուրի էջում (անունը չեմ նշի) կարդացի այն մասին, որ Գորիսի հատակագծի հեղինակը ազգությամբ գերմանացի, Զանգեզուրի գավառապետ Բլադիմիր Բֆելլերն է եղել:
Այսօր մի քանի ժամ Ազգային գրադարանում եմ անցկացրել: Հավաքած ինֆորմացիայով և իրենց աղբյուրներով կիսվում եմ այստեղ՝ տարածելու խնդրանքով: Այս ամենի իմաստը, վերջ ի վերջո, հավաստի տեղեկություններին տիրապետելն ու տարածելն է:
Նախ ձեռքս ընկավ Վլադիմիր Ստեփանյանի «Գորիս» գիրքը («Էդիթ Պրինտ» հրատարակություն, 2005 թ.): Ցիտում եմ հեղինակին. «Երկար տարիներ գորիսեցիների և մի շարք պատմաբանների մոտ ձևավորված էր այն թյուր կարծիքը, որ քաղաքը նախագծել են օտարերկրացի, մասնավորապես՝ գերմանացի կամ ֆրանսիացի մասնագետները, սակայն պատմական ճշմարտությունն այն է, որ քաղաքի նախագծման հեղինակները եղել են ճարտարապետներ Ջանուշյանը, Կոզլովը և Խարչենկոն, որոնք էլ ղեկավարել են Գորիսի կառուցապատման ողջ աշխատանքները»:
Հարգանքով դեպի հեղինակը. նա այս տեղեկության ոչ մի աղբյուրի հղում չի անում: Վերը նշված անձանց մասին փնտրտուքներս ոչ մի բանի չբերեցին, և ինձ համար այս կարծիքն էլ մնաց որպես չհիմնավորված (ինչպես և ֆրանսիացի կամ գերմանացի ճարտարապետների տարբերակները):
ՀՀ կառավարության 2012 թ. մայիսի 31ի նիստի N 21 արձանագրային «Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծը և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցկարգը» որոշման հավելվածում (հղումը՝ https://www.egov.am/…/arc_voroshum/2012/05/qax21-9_1.pdf) նույնպես նշվում է հատակագծի հեղինակի գերմանացի լինելը՝ առանց գոնե անունի:
Այս գերմանացին նման է առեղծվածային կերպարի:) (ինձ համար)
Ճարտարապետ, արվեստաբան, հայ ճարտարապետության պատմաբան Վարազդատ Հարությունյանը իր «Հայկական ճարտարապետության պատմություն» գրքում («Լույս» պետական հրատարակչություն, Երևան, 1992 թ.) գրում է. «Գորիսը, լեռնային Զանգեզուրի այդ ինքնատիպ և գողտրիկ բնակավայրը , քաղաքաշինական նույն սկզբունքի (նկատի ունի Նոր Բայազետի՝ ներկայիս Գավառի քաղաքաշինությունը) կիրառության արդյունք է և միասնաբար կառուցապատվել է համանուն գետի հովտում : Այստեղի բնակիչները մինչ 19րդ դարի առաջին կեսն ապրում էին գետակի ձախափնյա մասում ընկած հին Կյորես կամ Շեն գյուղում: Անհիշելի ժամանակներից եկող և անձավային բնակավայրերով («քերձերով») հարուստ այս գյուղը թառած էր բարձրաբերձ սրածայր ժայռերով պատած լեռան թեք լանջին ու Զանգեզուրի մյուս (Խոտ, Խնձորեսկ, Շինուհայր և այլն) գյուղերի պես դարավանդային կառուցապատմամբ իջնում էր մինչև գետակը:
Բնակավայրի այսպիսի տեղադրությամբ առաջացած դժվարությունները և բնականոն կենսապայմանների հասնելու ձգտումը թելադրում է մտածել հին Կյորեսը լքելու և գետակի աջափնյա ազատ տարածության վրա նոր Գորիսի հիմնադրման մասին:
Որպես այս գաղափարի նախաձեռնողներ հանդես են գալիս գավառապետ Ստարացկին և Մանուչար Բեկ Մելիք-Հյուսեյնյանը: Նոր Գորիսի կառուցապատումը տեղի է ունենում կազմված հատակագծի համաձայն (հեղինակի հղում՝ Գորիսի հատակագիծը, ինչպես նաև հեղինակի ազգանունը մինչ այժմ չի հայտնաբերվել: Ներկայացված հատակագծի սխեման կազմված է տեղահանույթային հատակագծի նյութերով):
Բնակավայրի հատակագծային հենքը կազմել է վեցական երկայնական (17 մ լայնությամբ) և լայնական (24 մ լայնությամբ) փողոցների կանոնավոր ցանցը, որի առաջին խումբն ունի հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, իսկ երկրորդը՝ հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ուղղությունները: Փոխուղղահայաց սրանց հատումներով առաջանում են երկու ստանդարտ չափերի (106×106 մ, 106×212 մ) քառակուսի և քառանկյուն թաղամասեր»: (նշված գրքի 481 էջ)
Ինչպես նշում է Նուբար Պապուխյանը, փողոցների լայնությունն ընտրելիս ղեկավարվել են Ռուսաստանի քաղաքների համար դեռևս 1742 թ. սահմանված 8, իսկ 1952 թվականից՝ 10 սաժեն (մոտ 21 մետր) լայնության նորմայով: («Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը», Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, Երևան, 1970 թ., էջ 38)
1947 թ. «Հայպետնախագիծ» ինստիտուտում ճարտարապետ Պ. Խոյեցյանի կողմից կազմվում է Գորիս քաղաքի զարգացման և մանրամասն հատակագծման նախագիծը, որի համաձայն գոյություն ունեցող ուղղանկյուն հատակգծային ցանցը մեխանիկորեն տարածվում է բնակավայրի հյուսիսային և արևմտյան մասերի՝ մեծ թեքություններով լանջերին: («Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարություններ պատմական քաղաքներում», մեջբերում COMUS ծրագրի բուկլետից)
Այսպիսով, վերը նշված բոլոր գիտական աղբյուրներում նշվում է ստանդարտ «ուղղանկյուն ցանց» հատակագծի կիրառումը, իսկ գերմանացի ճարտարապետն ինձ համար շարունակում է մնալ միֆ:
Հա՜, մի բան էլ. տեքստիս սկզբում նշված Բլադիմիր Բֆելլերի կենսագրությունն էլ ուսումնասիրեցի. ռուսական պետական գործիչ, Պադոլսկի, Արխանգելսկի, Վոլոգդայի գավառների գավառապետ, կենսագրությունում Զանգեզուրի հետ կապ ունեցող ոչ մի դրվագ չգտա:
Հ.Գ. Շնորհակալություն Գորիսի երկրագիտական թանգարանին՝ հանձինս Shahaneի իմ բազմաթիվ հարցերին համբերատար պատասխանելու համար:))
Եթե այլ տեղեկությունների տիրապետողներ կան, կխնդրեմ կիսվել:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել