«Միրհավ» հյուրանոցային համալիրը` Բակունցյան արժեքների կողքին
Շարունակելով ներկայացնել հունիսի 12-13-ը Գորիսում կազմակերպված «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովի աջակիցներին՝ մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Միրհավ» հյուրանոցային համալիրին` ի դեմս տնօրեն Շահեն Զեյթունցյանի։
«Միրհավ» հյուրանոցային համալիրը դարձավ գիտաժողովի գլխավոր գործընկերն ու գլխավոր աջակիցը՝ ապահովելով մասնակիցների օրինակելի ընդունելությունն ու հյուրընկալությունը, կոնֆերանս սրահը, միջոցառման բրենդային ձևավորումը։
Շահեն Զեյթունցյանի անունը վաղուց է ասոցացվում Գորիսում իրականացվող մշակութային և հանրային կարևոր նախաձեռնությունների հետ։ Իր գործունեությամբ նա բազմիցս ապացուցել է, որ բիզնեսի հաջողությունը կարող է ծառայել նաև հասարակական և մշակութային արժեքների ստեղծմանն ու պահպանմանը։ Նրա հետևողական աջակցությունը նման ծրագրերին նշանակալի ներդրում է համայնքի մշակութային կյանքի զարգացման և գիտամշակութային նախաձեռնությունների կայացման գործում։
Ի նշան մեր խորին երախտագիտության՝ Շահեն Զեյթունցյանին հանձնվեց «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի #շնորհակալագիրը և խորհրդանշական հուշանվեր՝ «Բակունցյան Կյորես» հանրապետական նկարչական սիմպոզիումի ընթացքում ստեղծված կտավներից մեկը (գեղանկարիչ` Արտաշես Աբրահամյան)։
Հիմնադրամը բարձր է գնահատում «Միրհավ» հյուրանոցային համալիրի հետ ձևավորված գործընկերությունը և վստահ է, որ այն շարունակական կլինի՝ հանուն Գորիսի մշակութային կյանքի զարգացման, գիտական նախաձեռնությունների խրախուսման և Ակսել Բակունցի հարուստ ժառանգության պահպանման ու հանրահռչակման։