Նա մեղադրվում էր 11 հոգու հետ, որոնք իբր թե ունեցել են տեռորիստական խմբակ՝ Բերիայի և պետության մյուս ղեկավարների դեմ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
57 Views

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ
(Բանտային կյանքից)

1937թ. փետրվարի 22-ին՝ մռայլ մի երեկո, կանչվեցի Հայկական պետական անվտանգության կոմիտե, ու ինձ կալանավորեցին: Խուզարկելուց հետո տարան ու հրեցին ներքնահարկի նկուղներից մեկը՝ կարծեմ 21 կամերան, ուր գտնվում էր գրող Ակսել Բակունցը: Դուռը զրնգալով իջավ վրաս, բանալին պտտվեց ու վերջ…
Կամերայի լույսն աղոտ էր, մեռելային ու ճնշող: Զգացվում էր գաղջ բույր: Մարդկանցից շատերը անտարբեր եղան իմ նկատմամբ: Նրանցից առաջինը գունեղ վերմակի տակից գլուխը վեր բարձրացնողն ու ինձ նայողը Ա. Բակունցն էր. 5 օր առաջ մենախցից էին տեղափոխել այդ կամերան. մենախցում արդեն նստել էր 9 ամիս: Այստեղ նա համեմատաբար իրեն թեթև էր զգում, որ գտնվում է մարդկանց մեջ և, հետևաբար, աշխարհում:
Նա մեղմ շշնջաց. «Մոտ արի, նստիր այստեղ՝ կողքիս»:

Խոսում էր նվաղած:

Նրա դեմքը գունատ էր, ինչպես արև չտեսած բույս, բայց աչքերը առկայծում էին:

Իմ շփոթվածությունը նկատելով՝ ճիգով ժպտաց: Աչքերը կապտավուն էին, խոհական, բայց գունատ, մազակալած դեմքի վրա հոգեկան տագնապից, զայրույթից ու ջղագրգռությունից խիստ էին փայլատակում: Բայց դեմքին ուներ բնական խրոխտություն: Այդ գիշերը ինձ երեք անգամ վերուվար տարան քննության համար: Բակունցն ինձ նախապես զգուշացրեց. «Գիտեմ՝ դու ևս անմեղ ես, բայց ուրիշ անմեղների անուն չտաս, իմացիր, որ շատերը այդ ճանապարհով անմեղ զոհեր են դարձել»: Առավոտյան կես շերեփի չափ վարսակի կաշ ու 400-500 գրամ տարեկանի հաց տվեցին ամեն մեկիս. դա մեր օրվա սնունդն էր:
Բակունցի նախնական քննությունն ավարտված էր, սպասում էր:

Նա մեղադրվում էր 11 հոգու հետ, որոնք իբր թե ունեցել են տեռորիստական խմբակ՝ Բերիայի և պետության մյուս ղեկավարների դեմ տեռոր իրականացնելու նպատակով: Նա ասաց, որ իր վրա դրված է եղել մեղադրական 4 հոդված, որոնցից ամեն մեկը նախատեսում է մահապատիժ, և երնեկ էր տալիս ինձ, որ իմ հոդվածը թեթև է, և ես կապրեմ:

Բակունցը օրեցօր սպասում էր, որ շուտով իրեն կկանչեն դատարան, և կիրականացվի մահապատիժը: Ցավով էր հիշում, որ իր ուղեղը ցամաքում է առանց կարդալու և գրելու: Նրա մեծ տառապանքը գրելու հնարավորությունից զրկվելն էր: Նա ապրում էր դառն ողբերգություն, երբ զգում էր, որ բանտերն օրեցօր լցվում են մարդկանցով: Կալանքից առաջ չգիտեմ՝ Բակունցն ինչպիսին է եղել, բայց այդ ժամանակ շատ դյուրագրգիռ էր, վերին աստիճանի ջղագար: Հաճախ դուռը ծեծում էր, երբ հսկիչը դռան նեղանցքը բացում էր, նա պահանջում էր թարմ ջուր, բայց հսկիչը հեգնանքով ասում էր. «Տեղդ նստիր, այստեղ քեզ համար սանատորիա չէ»: Այդպիսի պատասխաններից շատ էր տանջվում:
Օրական երկու անգամ մեզ տանում էին զուգարան, բայց մի քանի րոպեով: Բակունցի տրամադրությունն այդ ժամաանկ մի թեթև բարձրանում էր: Հափշտակված մոտենում էր ջրի ծորակին լվացվում, գլուխը թեքում ծորակի տակ ու լսում ջրի ձայնը. չէ՞ որ բնության հազարերանգ երևույթներից միայն ջրի նվաղ գլգլոցն էր մուտք գործել բանտ: Նա անզուսպ կերպով կարոտում էր բնությունը:

Այդ պահին, ինչպես հաճախ, երևակայությամբ թռչում էր դեպի բնությունը և երբեմն էլ բացականչում: Անընդհատ ինչ-որ բանի մասին խորհրդածում էր, փիլիսոփայում և ամեն բան ասում էր գեղեցիկ ու պատկերավոր: Բակունցը շատ կենսասեր էր, ապրել ու տեսնել էր ուզում, բայց միաժամանակ չէր սարսում նրանից, ինչ որ գալու էր իր գլխին: Նա միայն տանջվում էր նրանից, որ աննպատակ, քմահաճ ու մութ գործերի զոհ է դառնում: Երբեք իրեն չցուցեց, որ գրող է ու կարևոր գործեր է ստեղծել:

Ափսոսում էր, որ անավարտ են մնացել «Աբովյան» և «Կարմրաքար» վեպերը, ասում էր, որ նպատակ է ունեցել վիպերգության վերածել թոնդրակեցոց շարժումը: Որևէ դեպք պատմում էր սրտով, հուզիչ, դեպքերի մեջ դնում էր իմաստնություն, կյանքի թրթիռ: Պատմելիս երբեմն ժպտում էր, երբեմն թախծում, ճակատը շոյում ու խաղում մազերի հետ:
Հետաքրքրվեց Չարենցով, ասացի, որ Չարենցի մասին թերթերում լռություն է: Խոր ախ քաշեց: Սիրում էր Չարենցին անչափելիորեն, կախարդված էր նրա պոետական թափով, հոգու անսահման ուժով, մաքառումների ձիրքով..
1937թ. կարծեմ ապրիլի 3-ն էր, Բակունցին կանչեցին քննիչի մոտ: Վերադարձին շատ հուզված էր ու մռայլ: Քննիչը նրան կարդացել էր մեղադրական եզրակացությունը և պահանջել ստորագրել: Ամբողջ գիշեր չքնեց: Առավոտյան չէր կարողանում վեր կենալ: Շրթունքները սպիտակել էին, դեմքը՝ գունատվել, դեմքի մկանները շարժվում էին, աչքերն էլ՝ առկայծում: Մի քանի րոպե հետո հենվեց արմունկի վրա, հետո նստեց: Բոսորացավ քիչ առաջ նրա նիհար ու գունատ դեմքը, և սկսեց իրեն խոսել. «Ես ներկայացրել եմ մի քանի տասնյակ էջ կազմող գրական երկեր, այդ էջերում են շաղ տրված իմ սիրտն ու հոգին, իմ կարոտն ու տենչանքը, իմ տառապանքն ու հույսը: Եվ ահա ես ու իմ երկերը, ահա երկու անմեղ զոհեր…»:
Նրա մեջ կար գրելու ծարավ, կուտակված մտքեր ու պատկերներ, բայց ոչ թուղթ կար, ոչ էլ թանաք: Որևէ բան գրում էր ծխախոտի փոքրիկ թղթիկների վրա՝ լուցկու այրված ծայրով, որոնց պահպանելը հնարավոր չէր: Բակունցը՝ պարզ ու գրականության մարդ, խորամանկ քննիչը նրան առել էր իր ճանկերի մեջ ու տրորել նրա անարատ ու անբասիր հոգին ու մարմինը:
Ծանր օր էր 1937 թվի ապրիլի 30-ը: Ինձ հայտնեցին շտապ հավաքել «իրերը» և դուրս գալ: Այդ լուրը տագնապ առաջացրեց Բակունցի սրտում: Նա մոտեցավ ինձ՝ մի բան ասելու: Գրկեցինք իրար: Մեր սրտերի զարկերը լսվում էին ժամացույցի տկտկոցի պես: Լուռ էինք, այդ լռությունը բարձր էր ամեն խոսքից: Նա խուփ աչքերով գլուխը հենեց իմ կրծքին. իր ներքին աշխարհի հետ էր:
_ Աշխարհին ասեք,_ զրնգաց Բակունցի առնական ձայնը,_ որ ես ժողովրդի թշնամին չեմ: Կնոջս ու տղայիս էլ հաղորդեք, որ իմ առիթով իրենց կրած տառապանքների համար ինձ չանիծեն…
Դուրս եկա կամերայից: Փակ դռան ետևում մնաց Բակունցը: Նա մի քանի անգամ ներսից հարվածեց դռանը: Կամերաներից հավաքած մի խումբ մարդկանց հետ… իջանք բանտի դարպասի առաջ: Նստեցինք պարսպի տակ, մինչև մեզ տեղավորելը: Հանկարծ մեզանից մի քանիսը գոչեցին՝ Չարենցը՜, Չարենցը՜, տեսե՜ք: Այո՛, Չարենցն էր: Մի քանի քայլ գնալուց հետո կանգ առավ ու ասաց. «Տղաներ, բժշկի մոտ եմ գնում»: Մտածեցի, թե ինչ ապրումներ կունենար Բակունցը, եթե մեզ հետ լիներ ու տեսներ Չարենցին, եթե նրանց հայացքները հանդիպեին միմյանց…
Ինձ թվում է՝ Բակունցը դատված կլինի 1937 թ. ամռան ամիսներին: Խորհում եմ, թե որտեղ է տարվել նրա դին: Սիրտս լցվում է արյունով ու թախիծով, երբ մտաբերում եմ այդ թվականներին մամուլում լույս տեսած 2-3 գրողների ու քննադատների հոդվածները մեր երկու մարտիրոսվածների մասին: Այդ հանցագործ սրտով նրանք ինչպե՞ս են գրիչ վերցնում նոր մարդու կերպարը գծելու համար:

Գուրգեն Մանուկյան
Ակսել Բակունցը որդու՝ Սևադայի հետ
Աղբյուր՝ Ֆիմինե

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել