Հարգելի՛ բնակիչներ,
Վերջին տարիներին Գորիս քաղաքի տարբեր թաղամասերում իրականացվել են կանաչապատման աշխատանքներ, տնկվել են պալմաներ, տույաներ և բազմաթիվ այլ ծառատեսակներ, որոնք այսօր դարձել են մեր քաղաքի արտաքին տեսքի կարևոր բաղադրիչը։
Սակայն ծառերի պահպանությունն ու բնականոն աճը պահանջում են ամենօրյա խնամք և ուշադրություն։ Հաշվի առնելով տնկված ծառերի մեծ քանակը՝ համայնքային կոմունալ ծառայությունը ոչ միշտ է հասցնում բոլոր տարածքներում ապահովել անհրաժեշտ խնամքն ու ոռոգումը։
Այս առումով կոչ ենք անում բնակիչներին, հատկապես նրանց, որոնց բնակելի տների հարակից տարածքներում տնկված են ծառեր, հնարավորության սահմաններում աջակցել ծառերի խնամքին՝ պարբերաբար ջրելով և հոգ տանելով դրանց պահպանության մասին։
Միայն համատեղ ջանքերով կարող ենք պահպանել և բազմապատկել մեր քաղաքի կանաչ հարստությունը՝ դարձնելով Գորիսն ավելի գեղեցիկ, խնամված և հարմարավետ բոլորիս համար։
Եկե՛ք միասին հոգ տանենք մեր քաղաքի յուրաքանչյուր ծառի մասին, քանի որ դրանք մեր քաղաքի ապագայի և բարեկեցության կարևոր մասն են։