Հայաստանի ընտրությունները՝ աշխարհաքաղաքական մեծ խաղի հերթական ճակատը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
91 Views

Երկար է ստացվել, բայց մոտ 100 րոպե զրույցի սղագրություն է՝ Հայաստանի ընտրությունները՝ աշխարհաքաղաքական մեծ խաղի հերթական ճակատը

2026 թվականի հունիսի 1-ին հեռավար կարգով մասնակցեցի Իրանի Խորհրդարանական դիվանագիտության լաբորատորիայի հայկական բաժնի կողմից կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Քննարկման ընթացքում անդրադարձա մի շարք կարևոր հարցերի․ արդյո՞ք Երևանը կշարունակի իր արևմտյան ուղին, թե՞ կվերադառնա եվրասիական ուղղությանը։ Ի՞նչ դեր ունեն Իրանը, Թուրքիան, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները այս վերադասավորումների գործընթացում։ Եվ, վերջապես, ո՞ւր է գնում Հարավային Կովկասի ապագան։

Անդրադառնալով աշխարհաքաղաքական գործոններին՝ փորձեցի այդ համատեքստում դիտարկել Հայաստանի հնարավոր արտաքին քաղաքական կողմնորոշումները։

Այս ընտրությունները, ըստ էության, Հայաստանի ներքաղաքական գործընթացից վերածվել են աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրվագի։ Իշխող կուսակցության աջակցությանը բացահայտորեն միացել են Եվրամիությունը, ԱՄՆ նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը։ Նրանց շտապ և անվերապահ աջակցությունը կարելի է մեկնաբանել որպես ցուցիչ, որ իշխանության դիրքերը այնքան էլ ամուր չեն, որքան ներկայացվում է։

Եթե այդ աջակցությունը թարգմանենք քաղաքական լեզվից գործնական լեզվի, ապա ստացվում է հետևյալը․ եթե ընտրությունների ընթացքում տեղի ունենան ընտրախախտումներ իշխանության կողմից, արևմտյան կենտրոնները պատրաստ են աչք փակել դրանց վրա։ Ավելին, եթե նույնիսկ բոլոր վարչական ռեսուրսների, ճնշումների և մեքենայությունների պայմաններում իշխանությունը չկարողանա հաղթել, ապա արտակարգ դրության հայտարարումն ու ընտրությունների չեղարկումը նույնպես կարող են չարժանանալ լուրջ արևմտյան քննադատությանը։

Եթե գործող իշխանությունը պահպանի իր դիրքերը, ապա Հայաստանը շարունակելու է մնալ հակառուսական քաղաքական դաշտում, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև հակաիրանական։ Դրա պատճառը գաղափարական չէ, այլ գոյաբանական․ իշխանության համար արդեն սեղանին դրված է սեփական քաղաքական և անձնական անվտանգության հարցը։

Ռուսաստանի խնդիրը Հարավային Կովկասում

Ռուսաստանը կայսրություն է և ունի կայսերական մտածողություն։ Ինչպես բոլոր կայսրությունները, այն բազմաշերտ համակարգ է, որի հետ հարաբերությունների կառուցման համար անհրաժեշտ է հատուկ մոտեցում։

Միևնույն ժամանակ Ռուսաստանը Հարավային Կովկասում ունի լուրջ բացթողումներ, առաջին հերթին՝ սեփական ներկայությունն ու ազդեցությունը ներկայացնելու հարցում։ Եթե փորձենք հասկանալ, թե իրականում ինչ ունի Ռուսաստանը տարածաշրջանում, ապա պատկերը բավական համեստ է։ Գործնականում նրա հիմնական հենարանը 102-րդ ռազմաբազան է։

Հայաստանում Ռուսաստանը ունի «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը, որը, իմ գնահատմամբ, հաճախ ավելի շատ նպաստում է արևմտյան օրակարգերի տարածմանը, քան ռուսական ազդեցության ամրապնդմանը։ Գոյություն ունեն նաև «Ռուսաստանի տուն» և «Մոսկվայի տուն»-ը, որոնք շատ դեպքերում ավելի շատ վնասում են Ռուսաստանի հեղինակությանը, քան նպաստում դրա բարձրացմանը։

Այս պայմաններում Ռուսաստանի հիմնական հույսը մնում է հայ ժողովրդի պատմական հիշողությունն ու տնտեսական կապերը։ Սակայն պատմական հիշողության դեմ տարիներ շարունակ իրականացված ճանաչողական պատերազմի արդյունքում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունք է ձևավորվել հայ հասարակության որոշ շերտերում։ Պարադոքսն այն է, որ այդ նույն ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը որոշ մասի ընկալումներում ներկայացվել են որպես առավել չեզոք դերակատարներ։

Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը

Թուրքիայի միջազգային կերպարի վերափոխման ուղղությամբ հսկայական աշխատանք են կատարել ԱՄՆ-ն և Եվրամիությունը։ Արևմուտքը լավ հասկանում է, որ եթե ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, ապա նախ պետք է նվազեցնի հայ հասարակության վախը Թուրքիայի պատմական և ցեղասպանական քաղաքականության նկատմամբ։

Այս ուղղությամբ ծախսվել են մեծ ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներ։ Հայաստանում գործում են տասնյակ արևմտամետ լրատվամիջոցներ, շուրջ երկու հազար հասարակական կազմակերպություններ և տարբեր աղանդավորական և գաղափարական կառույցներ։ Եթե ներկայիս քաղաքական ուղղությունը շարունակվի, այդ գործընթացներն էլ ավելի մեծ թափ կստանան։

Իրանի բաց թողած հնարավորությունները

Իրանի պարագայում իրավիճակը որոշակիորեն նման է։ Չնայած հսկայական տնտեսական և քաղաքական հնարավորություններին՝ Իրանը չկարողացավ ձևավորել այնպիսի ներկայություն Հայաստանի տնտեսության մեջ, որը կհամապատասխաներ երկու երկրների ռազմավարական շահերին։

Իմ կարծիքով՝ դրա հիմնական պատճառը Հայաստանի նկատմամբ հստակ և երկարաժամկետ ռազմավարության բացակայությունն էր։ Հակառակ դեպքում Իրանի հյուսիսային որևէ նահանգի պաշտոնյա չէր կարող ազդել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա։

Հայաստանի կողմից Իրանից որոշ զինատեսակների ձեռքբերումը, որոնք ժամանակակից պատերազմներում սահմանափակ նշանակություն ունեն, դեռևս չի նշանակում, որ երկու երկրների հարաբերություններն ապագայում ապահովագրված են վատթարացումից։

Եթե Արևմուտքին հաջողվի երկարաձգել գործող իշխանության քաղաքական կյանքը, ապա վաղ թե ուշ այդ աջակցությունը պետք է փոխհատուցվի քաղաքական որոշումներով։ Իսկ ԱՄՆ–Իսրայել և Իրան դիմակայության երրորդ փուլը, իմ գնահատմամբ, դեռ առջևում է։

«ԹՐԻՓ»-ի շուրջ

Ինչ վերաբերում է «ԹՐԻՓ» նախագծին, ապա այն, իմ կարծիքով, քաղաքական միֆ է։ Այդ ճանապարհը հիմնականում անհրաժեշտ է ԱՄՆ-ին՝ ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական նպատակներով։

Իրականում Կենտրոնական Ասիայի հիմնական հանքային և արդյունաբերական համակարգերն արդեն ինտեգրված են Չինաստանի հետ համագործակցության ցանցերին, իսկ գործող էներգետիկ ենթակառուցվածքները աշխատում են բավարար ծանրաբեռնվածությամբ։ Նոր երթուղիների կառուցումը չափազանց ծախսատար է, և դժվար է պատկերացնել, որ որևէ լուրջ խաղացող պատրաստ կլինի լրացուցիչ միլիարդավոր դոլարներ ներդնել Հայաստանի լեռնային տարածքներով անցնող նոր միջանցքների ստեղծման համար։

Հետևաբար, ԱՄՆ-ն, գիտակցելով, որ իր համաշխարհային գերիշխանության ժամանակաշրջանն ավարտվում է և ստիպված է լինելու աստիճանաբար նահանջել տարբեր տարածաշրջաններից, այդ թվում՝ Հարավային Կովկասից, փորձում է նման նախագծերը վերածել ապագա քաղաքական սակարկության առարկայի, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Սակայն Ռուսաստանը կարող է շատ պարզ պատասխան տալ․ «Դա իմ ազդեցության գոտին է, դուրս եկեք այստեղից»։ Այդ դեպքում ԱՄՆ-ն կարող է պարզապես հեռանալ՝ իր հետևում թողնելով հերթական անկայուն տարածաշրջանը։

Նման օրինակ աշխարհն արդեն տեսել է Մերձավոր Արևելքում։

ԱՄՆ ռազմական և քաղաքական ղեկավարությունը շատ լավ հասկանում էր, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իրենց գործողություններն Իրանի դեմ։ Նրանք հաշվարկել էին նաև այն սցենարը, որի դեպքում Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ոչնչացումը երկիրը կտաներ ներքին տուրբուլենտության և ամբողջ տարածաշրջանը կսուզվեր քաոսի մեջ։

Իրանը չընկավ այդ վիճակի մեջ։ Սակայն տարածաշրջանն արդեն մտել է երկարատև անկայունության և քաոսային վերադասավորումների փուլ, որի վերջնական արդյունքները դեռևս առջևում են։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել