Գորիսի պետական համալսարանում անցկացվեց միջազգային գիտաժողով՝ կայուն զբոսաշրջության թեմայով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
96 Views

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԽՈՑԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԿԱՅՈՒՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԼԾԱԿ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մայիսի 26-27-ը Գորիսի պետական համալսարանում ԳՊՀ-ի և Ֆրանսիայի Լիլի համալսարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջգիտակարգային միջազգային գիտաժողով՝ «Խոցելիությունից դեպի հարմարվողականություն. կայուն զբոսաշրջությունը որպես տարածքային դիմակայության լծակ» խորագրով:

Գիտաժողովի նպատակն էր մեկ հարթակում համախմբել երկրաբանության, հնագիտության, աշխարհագրության, կենսաբանության, պատմության, տնտեսագիտության, իրավունքի և մարքեթինգի ոլորտների մասնագետներին՝ քննարկելու տարածքային դիմակայունությանն առնչվող արդիական խնդիրները և կայուն զբոսաշրջության զարգացման հնարավորությունները:

Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Ֆրանսիայի Լիլի համալսարանի լեզուների, մշակույթների և հասարակական գիտությունների ֆակուլտետի, կիրառական օտար լեզուների ամբիոնի դոցենտ Գարիկ Գալստյանը, Լիլի համալսարանի պալեոկենսաբազմազանության և պալեոմիջավայրերի պրոֆեսոր Տանիել Դանելյանը, Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս, Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնի տնօրեն Կարմեն Ափունցը:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ Գորիսի պետական համալսարանը, որպես Սյունիքի մարզի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություն, արդեն վեց տասնամյակ իրականացնում է տարածաշրջանի կրթական, գիտական և հանրային զարգացման կարևոր առաքելություն։ Նրա խոսքով՝ այսօր համալսարանը ոչ միայն կրթական հաստատություն է, այլև կարևոր գիտական ու հանրային հարթակ, որտեղ գիտելիքը ծառայում է համայնքի զարգացմանը, իսկ գիտությունը՝ հասարակական դիմակայունության ամրապնդմանը։ Նա ընդգծեց նաև, որ գիտաժողովը կյանքի է կոչվել հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով Լիլի համալսարանի հայազգի գործընկերներին՝ նախաձեռնողականության, վստահության և արդյունավետ համագործակցության համար։

Ռեկտորը կարևորեց նաև գիտաժողովի թեմայի ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ ժամանակակից աշխարհում սահմանամերձ և խոցելի տարածքների կայուն զարգացումը պահանջում է նոր մոտեցումներ, որոնց առանցքում մարդն է, համայնքը, բնությունը և պատասխանատու կառավարումը։

Ռեկտորը նաև շեշտեց, որ գիտաժողովի անցկացումը հենց Սյունիքում խորհրդանշական է, քանի որ տարածաշրջանն իր բնական և մշակութային ժառանգությամբ, մարդկային ներուժով, ինչպես նաև առկա մարտահրավերներով, յուրահատուկ միջավայր է նման քննարկումների համար։ Նրա համոզմամբ՝ գիտաժողովի ընթացքում ներկայացվող գաղափարներն ու հետազոտությունները կարող են վերածվել գործնական լուծումների՝ նպաստելով ոչ միայն Սյունիքի, այլև սահմանամերձ տարածքների կայուն զարգացմանը։

Ամփոփելով խոսքը՝ ռեկտորը շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպմանն աջակցած բոլոր գործընկերներին, գիտաժողովի կազմկոմիտեի անդամներին, համալսարանի աշխատակիցներին և ներգրավված բոլոր անձանց՝ մեծածավալ նախապատրաստական աշխատանքները բարձր պատասխանատվությամբ և նվիրումով իրականացնելու համար։

Գիտաժողովին ներկա էին ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, գործատու-գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ։

Գիտաժողովին մասնակցության հայտ էին ներկայացրել ինչպես Գորիսի պետական համալսարանի, այնպես էլ Ֆրանսիայի, Հայաստանի տարբեր բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գիտաժողովի շրջանակում կազմակերպվեցին թեմատիկ զեկուցումներ և մասնագիտական քննարկումներ՝ նվիրված կայուն զբոսաշրջության քաղաքականություններին, տարածքային զարգացմանը, գեոժառանգությանը, էկոզբոսաշրջությանը և բնահեն լուծումներին։

Գիտաժողովի հանդիսավոր փակումից հետո հյուրերի համար կազմակերպվեց ճանաչողական այց դեպի Խնձորեսկի ճոճվող կամուրջ և Սուրբ Հռիփսիմե եկեղեցի: Այցի ընթացքում հյուրերը ծանոթացան Սյունիքի բնաշխարհին, տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությանն ու զբոսաշրջային հնարավորություններին։

Օրվա ավարտին հյուրերը միացան նաև Գորիսում իրականացվող «Վարդերի բլուր» նախաձեռնությանը՝ իրենց մասնակցությունն ունենալով քաղաքի բարեկարգման և նախաձեռնության գաղափարի տարածման գործում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել