Քաղցկեղի վիրահատություն և բուժում Գորիսի ԲԿ-ում
Վերջերս Գորիսի բժշկական կենտրոն էր դիմել 56֊ամյա Զ.Հ.-ն՝ որովայնի սաստիկ ցավերով, սրտխառնոցով, անզուսպ փսխումներով։
Շտապ իրականացված համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) հետազոտությամբ հայտնաբերվել է հաստ աղու սկզբնամասում գոյացություն, որը հանգեցրել էր սուր աղիքային օբտուրացիոն անանցանելիության։
Կյանքի ցուցումով անհետաձգելի կարգով վիրաբուժական բաժանմունքի վարիչ Նարեկ Թունյանի կողմից (ասիստենտ՝ Դավիթ Երիցյան, անեսթեզիոլոգ՝ Սոկրատ Առաքելյան) կատարվել է վիրահատություն։ Իրականացվել է որովայնահատում, գոյացության արմատական հեռացում (իլեոցեկալ սեգմենտի ռեզեկցիա՝ լիմֆոդիսեկցիայով) և աղիքային անցանելիության վերականգնում՝ իլեոտրանսվերսոանաստոմոզի ձևավորմամբ։
Հյուսվածքաբանական քննության արդյունքում ախտորոշվել է հաստ աղու քաղցկեղ (ադենոկարցինոմա)։
Բուժման երկրորդ փուլում հիվանդը Գորիսի բժշկական կենտրոնի քիմիաթերապևտիկ բաժանմունքում` բժշկուհի Սեդա Առաքելյանի հսկողությամբ, ստացել է քիմիաթերապիայի 3 կուրս։
Հերթական ՀՏ հետազոտության արդյունքներով քաղցկեղային պրոցես չի հայտնաբերվել, և հիվանդը դուրս է գրվել՝ լավացումով։