ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԸ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Ապրիլի 22-ին Գորիսի պետական համալսարանը կրկին հյուրընկալեց դպրոցականներին: Նախագծային աշխատանքի շրջանակում այս անգամ համալսարան այցելեցին Վերիշենի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները՝ նախագծի ղեկավար, ԳՊՀ դասախոս Սաբեթ Համբարձումյանի ուղեկցությամբ:
Նախագծային աշխատանքի շրջանակում աշակերտները հանդիպեցին տարբեր մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ուսանողների հետ և ստացան անմիջական պատկերացում համալսարանական կյանքի մասին։ Ուսանողները ներկայացրին իրենց ընտրած մասնագիտական կրթական ծրագրերը, խոսեցին դրանց առավելությունների, հնարավորությունների մասին։
Հանդիպման առանցքային մասը ուսանողների և աշակերտների միջև ծավալված ակտիվ երկխոսությունն էր․ աշակերտներն ուսանողներին ուղղեցին բազմաբնույթ հարցեր՝ փորձելով հասկանալ մասնագիտական կրթական ծրագրերի զարգացման հեռանկարները և ժամանակակից միտումները: Նրանք անդրադարձան նաև արհեստական բանականության հնարավոր ազդեցությանը մանկավարժական և ՏՏ մասնագիտությունների վրա, քննարկեցին մասնագիտության պահանջվածությունը պահպանելու և ընտրած ոլորտում հաջողության հասնելու ուղիները։
Նման այցերը կարևոր խթան են բուհ-դպրոց կապերին նոր որակ հաղորդելու, դրանք ամրապնդելու, աշակերտների իրական հետաքրքրությունները բացահայտելու, նրանց մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը նպաստելու համար: