Դիմակահանդեսը շարունակվում է. Սիլվա Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
44 Views

Դիմակահանդեսը շարունակվում է…

Երկրի գլխավոր հրապարակում մեծ դիմակահանդես է: Խինդ ու ուրախություն է տիրում ամենուրեք: Դիմակահանդեսի մասնակիցները կենդանիների դիմակներով են և փորձում են նմանակել ա՛յն կենդանիների ձայնն ու վարքագիծը՝ ում դիմակը կրում են:

Ոմանց մոտ ընդօրինակումը հաջողվում է, այլոց մոտ՝ ոչ այնքան: Իր դերասանական հմտությամբ հատկապես առանձնանում է առյուծի դիմակով մասնակիցը: Նրա նմանակումն այնքա՜ն անզուգական է, որ մյուս «կենդանիները» պատշաճ հեռավորություն են պահում նրանից և երկյուղածությամբ հետևում ամեն շարժմանը…

Ահա՝ «առյուծը» քայլերն ուղղում է հրապարակի բեմահարթակի կողմը, բարձրանում դրա վրա, ձեռքերը վեր հառում՝ ինչպես խոստովանության ժամանակ, և ասում.

– Տիկնայք և պարոնայք, եկել է անդիմակ հարաբերվելու պահը, հանե՛ք ձեր դիմակները: Ես ուզում եմ անկեղծանալ ձեր առաջ:

Հրապարակում քար լռություն է, ոչ ոք չի շարժվում:

-Չվախենա՛ք, ձեր դեմքերն ինձ վաղուց հայտնի են,-ասում է «առյուծը»:

Մեկը վախվորած հանում է իր դիմակը։

Հետո՝ մյուսը․․․

Քիչ անց՝ ամբողջ հրապարակն արդեն «մերկացած դեմքերով» էր․․․

.. Բայց այդ դեմքերն արդեն ուրիշ էին նույնիսկ իրենք իրենց էին օտար թվում, քանի որ երկար ժամանակ դրանց տերերն «ապրել» էին տարբեր կենդանիների կյանքով եւ կերպարանքով։

«Առյուծը» դեռ շարունակում էր լուռ հետեւել դիմակազերծման այդ ընթացքին՝ միաժամանակ խորհրդավորություն, սպասում եւ տագնապ ստեղծելով մարդկանց մոտ․․․

Սակայն վերջապես խախտում է ճնշող լռությունը եւ շարունակում իր ելույթը․․․

֊ Երբ փոքր էի, շատ երեխաների պես՝ ե՛ս էլ էի երազում հեծանիվ ունենալու մասին, բայց Ձմեռ պապն ամեն Նոր Տարուն մոռանում էր իմ խնդրանքը կատարել:

Պատանեկան տարիքում ես այլևս չէի երազում, այլ՝ մտովի կառուցում էի այն աշխարհը, որի կենտրոնում ե՛ս էի:

Երբ արդեն չափահաս էի՝ անսահմանափակ իշխանության էի տենչում ու պլանավորում էի ամեն քայլս՝ բաղձալի նպատակին հասնելու համար …

Իշխանության հասնելու ճանապարհին խոչընդոտների չէի հանդիպում՝ դո՛ւք էիք ինձ արժևորում ու թև տալիս: Ձեր ներքին «ես»-ը արդարություն, առաքինություն, ճշմարտություն չէր փնտրում, այլ՝ ի՛մ տեսակին, որովհետև նա ճանաչե՛լ և ընդունե՜լ էր ինձ…

«Առյուծը» մի պահ դադար է առնում, քննախույզ հայացք ձգում բազմության վրա, եւ ապա շարունակում․․․

֊ Տիկնայք և պարոնայք, մենք նոր աշխարհ կառուցելու շեմին ենք: Քարերը հավաքելու ժամանակն է: Եթե ձեր մեջ կան այնպիսիք՝ ում մոտ կասկածներ են առաջացել մեր ընտրած ճանապարհի ճշմարիտ լինելու վերաբերյալ, ապա նրանք «ազատ» են՝ կարող են հեռանալ:

Բազմությունը, որ մինչ այդ զմայլված լսում էր եւ սրտատրոփ հետևում «առյուծի» հրահանգներին, միանգամից «վերակենդանանում է»: Ամեն մեկը տագնապահար աչք է ածում իր շուրջը․․․․ Էլեկտրական հոսանքի պես այդ բազմությանը կարծես «հարվածում է» միակ հարցը․ «Ո՞վ է «դավադիրը»…»։

«Առյուծն» էլ «իր բարձրությունից» անթաքույց հրճվանքով և մեծ բավականությամբ նրանց է դիտում: Նրա ամբարտավան հայացքն ավելի խոսուն է քան ցանկացած խոսք, ամեն ինչ ընթանում է ըստ իր պլանի…

Դիմակահանդեսը շարունակվում է …

․․․Երկրի գլխավոր հրապարակում հավաքված բազմության՝ «դավադիր» փնտրելու «արդար» ցանկությունն աստիճանաբար վերածվում է «առանց կանոնների մարտերի»: «Դավադիր» փնտրողներն այնքա՜ն են տարված մարտախաղով, որ անմիջապես չեն նկատում սազանդարների շռնդալից մուտքը հրապարակ: Սազանդարներին հետևում են թամաշա անողների ստվար խմբեր: Վերջիններիս ծափահարությունների ներքո՝ սազանդարները բարձրանում են բեմահարթակ:

«Առյուծը», որ շարունակում էր վայելել իր խառնակչության «քաղցր» պտուղները, ծափողջյունների տարա՛փն էլ իրեն վերագրելով՝ սկսում է գլուխն աջ ու ձախ խոնարհել: Մի փոքր այդպես տարուբերվելուց հետո, նորից սկսում է խոսել՝ ձեռքով ցույց տալով թամաշավորներին․

– Տիկնայք և պարոնայք այս հոծ բազմության ներկայությունը մեր դիմակահանդեսին՝ վկայում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք:

Մեր ընթացքի ճշմարտացիությունը հավաստում և խրախուսում են նաև մեր հովանավորները: Նրանք դրամական մեծ պարգևներ են նախատեսել դիմակահանդեսի ա՛յն մասնակիցների համար, որոնք լավագո՜ւյնս կմարմնավորեն այն կերպարը՝ ում դիմակը կրում են…

«Առյուծի» խոսքին հետևում են բուռն օվացիաներ: Դիմակները գտնում են իրենց տերերին, տերերն էլ՝ մտնում են համապատասխան կերպարի մեջ: Գործի են անցնում սազանդարները: «Առյուծը», չդիմանալով գայթակղությանը, միանում է սազանդարների խմբին և, թմբուկի հուժկու զարկերով՝ ազդարարում պարային մրցույթի մեկնարկը:

Մրցույթում հաղթելու անհագ ցանկությունն էմոցիաների տարափ և թեժ մրցակցություն է առաջացնում դիմակահանդեսի մասնակիցների շրջանում: Պարեղանակները հետևում են մեկը մյուսին, մենապարին հաջորդում է զուգապարը, զուգապարին՝ շուրջպարը: Պարողների դոփյունները և նրանց արձակած տարատեսակ ձայները միախառնվում են՝ մեկ շարունակական ժխորի մեջ՝ նմանվելով գազանների ոռնոցին միախառնված կճղակների եւ սմբակների տրոփյունի: Այս սարսափազդու և չարագուշակ աղմուկն այլևս աղերս իսկ չուներ մարդկային ձայների հետ…

«Առյուծը» ձեռքով նշան է անում և հրապարակում նորից քար լռություն է տիրում:

Մի պահ այդ լռությամբ տագնապային սպասում ստեղծելով՝ նա նորից սկսում է խոսել.

– Տիկնայք և պարոնայք, – Ամեն սկիզբ ունի իր ավարտը։ Մեր դիմակահանդեսը սակայն, բացառիկ է այդ առումով: Հուրախություն մեզ, մեր հովանավորները ցանկանում են, որ դիմակահանդեսը ծավալվի երկրով մեկ: Մեր երկիրը կդառնա երկիր-դիմակահանդես կամ երկիր-կրկես՝ ինչպես որ կորոշեն նրանք: Մեր քարոզիչները կշրջեն երկրով մեկ և կհամոզեն մարդկանց, որ բոլոր վտանգներից պաշտպանվելու միակ միջոցը դիմակ կրելն է և մարդիկ հոժարակամ կկրեն դրանք: Եւ ուրեմն՝ ի գո՛րծ, տիկնայք և պարոնայք, ի գո՜րծ…

Առյուծի» կոչին հետևում են բուռն ծափահարություններ: Ծափահարում են դիմակահանդեսի մասնակիցները, նրանց են միանում թամաշավորները, սազանդարներն էլ՝ ծափահարողների դամն են պահում…

Դիմակահանդեսի հրապարակի եզրին կանգնած երեխան լուռ հետևում է այս համընդհանուր խելագար ցնծությանը:

Նա առանց դիմակի է:

Նրան է մոտենում դիմակահանդեսի մասնակիցներից մեկը, ով պատասխանատու էր նոր դիմակավորներ գտնելու եւ հավաքագրելու հարցում՝ ձեռքին դիմակների հսկա տուփը պահած․․․։

֊ Հապա այս կողմ արի, դու ինչո՞ւ ես առանց դիմակ։ Ահա, վերցրու, ընտրիր որեւէ կենդանու դիմակ եւ միացիր մեզ․․․

Այս արտաբերելով՝ նա երեխային է մեկնում դիմակների տուփը․․․:

Զարմացած երեխան երկար ժամանակ տնտղում է տուփը եւ շփոթված հարցնում՝.

– Իսկ այստեղ միայն կենդանիների՞ դիմակներ են, դուք մարդու դիմակ չունե՞ք…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել