Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մենք այնտեղ ենք, որտեղ քրիստոնյա ժողովուրդները ունեն խնդիրներ․«SOS Արեւելքի քրիստոնյաներ»

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Գորիսեցիներից շատերն էլ  նկատել են սպիտակ վերնաշապիկով բարեհամբույր երիտասարդներին, ովքեր աընդհատ ինչ որ բարեգործական գործառույթներ են իրականացնում։

«SOS Արեւելքի քրիստոնյաներ»․ այս կազմակերպության անվանումը արդեն շատերին է հայտնի։ 

Ֆրանսիացի կաթոլիկ երիտասարդները պատերազմյան շրջաններում իրականցնում են բազմաթիվ մարդասիրական ծրագրեր։ Վերջերս կազմակերպությունը Գորիսում հիմնեց իր ներկայացուցչական գրասենյակը։

Մենք որոշեցինք կազմակերպել հարցազրույց գրասենյակի ներկայացուցիչներ Կորանտեն Կլեր եւ Բերդրան Բեդիդիերի հետ, որպեսզի մեր հասարակությունն ավելի մոտիկից տեղյակ լինի մեր բարեկամների գործունեությանը, ծրագրերին, նպատակներին․

֊ Խնդրում եմ երկու բառով ներկայացեք, թե ինչ կազմակերպություն է «SOS արեւելքի քրիստոնյաներ» կազմակերպություն եւ ինչպիսի առաքելություն է իրականացնում։

Մենք ֆրանսիական հասարակական կազմակերպություն ենք, որն իր գործունեության շրջանակում ձգտում է լինել այնտեղ, որտեղ վտանգված է քրիստոնյա ժողովուրդների կյանքը։ Անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ այն չի հանդիսանում որեւէ պետական գործունեության մաս եւ իր մարդասիրական գործունեությունն իրականացնում է գաղափարական ընկերների համատեղ ջանքերով, նվիրատվություններով։

Ներկա դրությամբ կազմակերպությունն աշխատում է միջին արեւելքի 7 երկրներում եւ իր աջակցությունն է ցուցաբերում այնտեղ ապրող քրիստոնյա ժողովուրդներին։

Կազմակերպության կամավորները Միջին արեւելքում

Հենց այս գործունեության շրջանակում էլ, երբ մենք շփվեցինք Սիրիայում ապրող քրիստոնյա հայերի հետ, ծանոթացանք հայկական մշակույթին եւ մեր հետաքրքրությունների եւ գործունեության շրջանում ավելացավ եւս մեկ երկիր՝ ի դեմս Հայաստանի։

֊ Երբվանի՞ց եք գործունեություն ծավալում Հայաստանում եւ ի՞նչ նպատակներ ունեք։

Կազմակերպությունը Հայաստանում պաշտոնապես գործում է 2020 թվականի հոկտեմբերից, չնայած, որ մենք մինչ այդ բազմաթիվ անգամ առիթ են ունեցել լինել Հայաստանում։

Գրասենյակի բացման առանցքային պատճառը Հայաստանում պատերազմի հետեւանքները մեղմելն է։ Եթե ընդհանուր ձեւակերպելու լինենք, ապա մեր նպատակների մեջ մենք կառանձնացնեինք հետեւյալ երեքը․

Հերթական աջակցությունը հասցնում են իր հասցեատիրոջը

Առաջին եւ հիմնական նպատակն է օգնել տեղացիներին մնալ իրենց հայրենիքում եւ ամրապնդեն իրենց արմատները, արժեքները։

Երկրորդը՝ եվրոպացիներին տեղեկացնել Հայաստանում տիրող իրավիճակի մասին եւ մարտահրավերների լուծման կարեւորության մասին, հատկապես, որ ակներեւ են դարձել Հայաստանում վերջին պատերազմից հետո։

Երրորդը, ցանկանում ենք ամրապնդել հայ ֆրանսիական պատմական հարաբերությունները, որոնք գալիս են «Խաչակրաց արշավանքներից» մինչեւ մեր օրերը։

Ներկա դրությամբ ունենք գլխավոր գրասենյակը Երեւանում եւ ունենք մարզային երկու գրասենյակ՝ Գյումրիում եւ Գորիսում։

Յուրաքանչյուր գրասենյակում ունենք մեկ ղեկավար եւ 5-8 կամավորներ։ 

– Ես գիտեմ, որ նախքան Գորիսում գրասենյակ բացելը, դուք գործունեություն եք ծավալել Գյումրիում, Գորիսում եւ հարակից շրջաններում։ Կպատմե՞ք, թե հատկապես ինչպիսի գործողություններ եք իրականացրել։

Մինչեւ գրասենյակի բացումը, դեռեւս 2019 թվականի ամռանը կազմակերպել էինք ամառային ճամբարներ Սեւանում, հիմնականում ներգրավելով գյումրեցի երեխաներին։

2020 թվականին Սուրբ ծննդյան առիթով մեր ներկայացուցիչները մեկնել էին Արցախ եւ արցախցի երեխաների հետ կազմակերպել մի շարք միջոցառումներ։

Մի դրվագ աշխատանքներն իրականացնելու վայրից

Տարբեր առիթներով մեր ջանքերով Հայաստան են ժամանել Ֆրանսիայում հայտնի հեղինակություններ, հասարաքաղաքական գործիչներ, որի նպատակն է եղել նրանց ներգրավել Հայաստանի աջակցման ծրագրերում։

Գորիսում եւ հարակից տարածքներում առաջին գործունեությունը եղել է պատերազմից տուժած անապահով անձանց աջակցությունը տարբեր նվիրատվությունների միջոցով։ Մենք կարողացանք օգնել շուրջ 300 հոգու, ովքեր Սյունիք էին տեղափոխվել պատերազմական գոտուց՝ տրամադրելով նրանց հիգենայի, սննունդի, հագուստի պարագաներ, ոմանց օգնեցինք նաեւ վառելափայտի հարցում։

Աջակցություն ենք իրականացրել նաեւ սահմանում կանգնած կամավորներին, հագուստով, անհրաժեշտ սարքավորումներով։

Կամավորներին աջակցությունը հասցնելու ժամանակ

Այս տարի, Սուրբ Ծննդյան տորվա առթիվ կազմակերպել ենք Սուրբ ծննդյան հանդես Գորիսի Ֆրանս-Հայկական սրտաբանական կենտրոնում, որի շրջանակում երեխաներին նաեւ տրամադրել ենք նվերներ։

Համագործակցելով Գորիսի ֆրանկոֆոնիայի կենտրոնի հետ, իրականացրել ենք ֆրանսերենի դասեր տարբեր աշակերտների հետ, նպատակ ունենալով նպաստելով ֆրանս-հայկական հարաբերությունների ընդլայնմանը եւ խորացմանը։

Ֆրանսերենի դասեր Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնում

– Հիմա արդեն դուք ձեր պաշտոնական գրասենյակն ունեք Գորիսում եւ դա նշանակում է, որ ծրագրերի շարքը շարունակվելու է եւ ընդլայնվելու։ 

Կարո՞ղ եք պատմել, թե ինչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել։ 

– Չսահմանափակվելով միայն շտապ անհրաժեշտությունների կարիքները հոգալով, մենք պլանավորել ենք միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր, որոնք կնպաստեն մարզի տնտեսական զարգացմանը եւ կնպաստեն, որ նոր բնակչության օգտին նոր աշխատատեղեր ստեղծվեն։ 

Օրինակ, հենց հիմա Գորիսի ֆրանկոֆոնիայի կենտրոնում վերանորոգում ենք մի քանի սենյակներ, որպեսզի Արցախից եկած փախտսականների համար ստեղծենք կարի արտադրամաս, որտեղ սկբզնական շրջանում կլինեն 3 աշխատող։ Հետագայում ծրագիրը ընդլայնելու նպատակ ունենք։

Արդեն հանդիպում եք ունեցել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ, որի նպատակն էր ծանոթությունը եւ հետագա համագործակցության հնարավորությունների քննարկումը։

Շատ տպավորված էինք եւ համայնքապետ Առուշ Առուշանյանը ուրախ էր եւ ողջունեց մեր նախաձեռնությունը եւ իր պատրաստակամությունը հայտնեց հետագա համագործակցությունների համար, որոնք կնպաստեն Գորիսի համայնքի տնտեսության ուժեղացմանը եւ ֆրանս-հայկական կապերի ամրապնդմանը։ Դա նաեւ առաջին առիթն էր, պաշտոնապես ներկայանալու քաղաքում։

«SOS արեւելքի քրիստոնյաներ», կազմակերպության անվանումն արդեն իսկ հուշում է, որ ձեր գործունեության հիմքում կան հատուկ գաղափարական արժեքներ, կպատմե՞ք երկու բառով այդ ամենի մասին։

Կազմակերպության համար գլխավոր արժեք է հանդիսանում ազգերի ինքնության պահպանումը, իրենց արժեքների, մշակույթի պահպանումը։ Մենք այդ արժեքները փոխանցում ենք նաեւ մեր կամավորներին, հատկապես  կարգապահությունն ու անձնական նվիրատվությունը։ 

– Մեր խնդիրներն են ձեզ բերել այստեղ, բայց Ձեր գործունեությունը մարդասիրական է եւ աշխարհով մեկ սփռված։ Ունենալով գրասենյակ Գորիսում, միգուցե Ձեր միջոցով մենք էլ կարողանանք օգտակար լինել տարբեր մարդկանց, ովքեր բնակվում են աշխարհի տարբեր վայրերում։
Կարո՞ղ ենք մենք էլ ինչ որ բանով օգտակար լինել։

– Սովորական հարց չէ, սովորաբար մեզ այդ հարցը չեն տալիս։ Մեր ազգային համերաշխությունը եւ ձեր ազգային արժեհամակարգի դրսեւորումը, ձեր հայրենիքի համար անձնվեր պայքարը մեր համար ամենամեծ նվերն է, որ կարող ենք որպես օրինակ բերել մեր հայրենակիցներին Ֆրանսիայում։ 

Մեզ օգնելու ամենալավ ձեւն է, որ դուք շարունակեք ապրել որպես հայ, իր բարձր արժեքներով։

-Ինչպե՞ս են ընդունել Գորիսում ձեզ, ի՞նչ տպավորություն ունեք գորիսեցիների մասին։

-Շատ լավ են ընդունել, մենք շատ ենք տպավորված հայերի զսպվածությամբ, համեստությամբ, արժանապատվության զգացողությամբ եւ հայի տեսակի պայքարող բնույթով։

֊ Շատ շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Վստահ եմ, որ ձեր գործունեության շրջանակում կծնվեն բազում գաղափարներ եւ կիրականացվեն մարդասիական առաքելության արդյունավետ ծրագրեր թե՛ Հայաստանում, եւ թե՛ Հայաստանից դուրս։

֊ Ձեզ նույնպես Շնորհակալություն։

Հարցազրույցը վարեց Արտուր Խոջաբաղյանը

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել