#մերոնք֊ի շարքից
Առօրյա աշխատանքային գործով մտա Գորիսի ԲԿ-ի մանկական բաժանմունքի վարիչ Սոնա Անտոնյանի մոտ։ Կարևոր հարց էինք քննարկում, մեկ էլ ներս մտավ Գորիսում շատ հարգված եւ սիրված մանկավարժներից մեկը, ջերմ ողջագուրվեց բժշկուհու հետ։
Երեխան հիվանդ էր, բերել էր բուժման։
Հուզող հարցերը բժշկուհուն տալուց հետո շրջվեց դեպի ինձ.
«Արևիկ ջան գիտե՞ք ինչքան եմ սիրում բժշկուհուն, այսինքն ընտանիքով սիրում ենք իրենց ընտանիքին»։
Ու լիաբերան ժպտում է։
«Դե հա, ճիշտ եք, բժշկուհին որ իմ ձեռքին վերջերս դիմացավ, ուրեմն իրոք շատ սիրելու է» հումորով ավելացնում եմ ես, բայց զգում եմ, որ կարևոր բան է ուզում ասել։
«Գիտե՞ք աղջկանս անունն ի՞նչ է, Նանե»֊ հետաքրքրված հայացքս տեսնելով և չսպասելով պատասխանի անմիջապես նշեց մանկավարժը։
«Գիտե՞ք բժշկուհու աղջկա անունն ի՞նչ է, Նանե»֊էլի առանց պատասխանի սպասելու ավելացրեց նա։
«Տղաս է դրել այդ անունը։ Նանեի հետ մանկապարտեզ են հաճախել։ Շատ էր սիրում թե՜ Նանեին թե՜ բժշկուհուն։ Ու երբ պիտի աղջիկս ծնվեր, որոշեցինք, որ բժշկուհու և իր աղջկա պատվին իմ արքայադստերն էլ պիտի Նանե անվանեք»։
Նայում եմ բժշկուհուն, սպասում արձագանքի։
Հպարտանալու ոչ մի բառ կամ ժեստ չի ասում և անում։
֊ Բան չունե՞ք ասելու բժշնուհի,֊ արդեն փորձում եմ ես խոսք կորզել իրենից։
֊Ես էլ իրենց եմ սիրում, այսինքն բոլորին, եթե չսիրեի, մանկաբույժ չէի էլ կարող աշխատել։
֊է՞լ,֊համառորեն շարունակում եմ…
֊Ի՞նչ ես ուզում լսել Արևիկ ջան, որ ասեմ։ Նանեիս անունը արդեն մի քանի անգամ դրել են ինձ մոտ բուժում ստացած երեխաների ծնողները։ Ասեմ, որ դա հպարտանալու չի, այն ավելի շատ պարտավորեցնող է։
Թեման փակում ու անցնում է իր առօրյա ծանրաբեռնված աշխատանքին։
Ասեմ, որ նման բժիշկներ շատ ունենք Գորիս ԲԿ֊ում, ովքեր գիշեր֊ցերեկ, բարձր պատասխանատվությամբ և առանց տրտունջի աշխատում ու ծառայում են Հարավային սահմանային դարպասում։