Հունվարի 9-14-ին գտնվել եմ Թեհրան քաղաքում և կցանկանամ իմ տեսածն ու լսածը, իմ տպավորությունները ձեզ ներկայացնել։
Ուրբաթ օրն ուշ երեկոյան ժամը 22:00-ին հասանք Թեհրան քաղաք և շարժվեցինք դեպի քաղաքի հյուսիսում գտնվող մեր հյուրանոցը, սակայն չկարողացանք տեղ հասնել, ճանապարհները փակ էին, և մեր իրանցի վարորդի առաջարկությամբ, որպես ապահով վայր, գնացինք Թեհրանի հարավային շրջաններում գտնվող Մեհրաբադ օդանավակայան հանգստանալու, իսկ կեսգիշերն անց ժամը 02:00-ին ճանապարհներն բացվելուց հետո հասանք հյուրանոց։
Ճանապարհին տեսանք դիմակավորված երիտասարդ ցուցարարներ, ովքեր իրենց զայրույթը արտահայտում էին աղբամանները շուռ տալով և այրելով, ավտոճանապարհային նշանները քանդելով, ճանապարհները փակելով։ Տեղ-տեղ այրվող ավտոններանվադողեր ու թալանված բանկոմատներ տեսանք, իսկ հաջորդ օրը ամենահայտնի հանրահավաքի կենտրոններում առավոտյան տեսանք այրված պետական հիմնարկությունների, բանկերի շենքեր և, որքան էլ որ տարօրինակ էր մեզ համար, այրված մզկիթների հանդինեցինք Թեհրանի տարբեր փողոցներում։
Հունվարի 9-ից 11-ը երեկոյան ժամերին հեռախոսային բջջային կապը ընդհատվում էր մի քանի ժամով, իսկ օրվա մնացած ժամերին միայն երկրի ներսում բջջային կապ կար (չէիր կարող այլ երկիր զանգել), բայց ինտերնետ կապն այդ ամբողջ օրերի ընթացքում ընդհանրապես բացակայում էր. Իրանը կտրվել էր ամբողջ աշխարհից և երկրի ներսում էլ դարձյալ ինտերնետ կապ չկար։
Հունվարի 12-ին ի պաշտպանություն պետական իշխանությունների մեծ հանրահավաքներ կազմակերպվեցին Թեհրանում և ամբողջ Իրանում, որից հետո բջջային կապը այլևս չընդհատվեց և ցույցերը դադարեցին, վերականգնվեց ամենօրյա կյանքը Թեհրանում (չնայած մինչ այդ բոլոր օրերին էլ ցույցերը անց էին կացվում, որքան էլ մեր համար տարօրինակ է, ուշ երեկոյան)։
Հ.գ. Հիմա որ գտնվում եմ Հայաստանում, այն տպավորությունն է մարդկանց մոտ, կարծես թե Իրանը խեղդվում է քաղաքացիական պատերազմի մեջ (որին ձգտում են նրա հակառակորդները), իսկ Թեհրանի փողոցներում անհնար է քայլել ու ողջ մնալ։
Հ.հ.գ. Հարգելիներս մի՛ տրվեք հակաիրանական տեղեկատվական ու քարոզչական պատերազմին.մեզ Լիբիայի կամ Սիրիայի նման քաոսային Իրան պետք չի։