Ինչպե՞ս է շախմատը նպաստում կրտսեր դպրոցականների մտածողության զարգացմանը․ հարցազրույց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
173 Views

Հայաստանը աշխարհում առաջին երկիրն էր, որը դեռ 2011 թվականին շախմատը ներդրեց որպես պարտադիր առարկա հանրակրթական դպրոցի 2-4-րդ դասարաններում։ Այս ռազմավարական քայլի նպատակն էր ոչ միայն սովորեցնել խաղի կանոնները, այլև զարգացնել երեխաների տրամաբանական և քննադատական մտածողությունը, պատասխանատվության զգացումը և նպատակասլացությունը։

Իսկ ինչպե՞ս է այս ծրագիրն աշխատում ներքին տեսանկյունից, և ի՞նչ դասեր են քաղում կրտսեր դպրոցականները խաղատախտակի վրա։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Սյունիքի մարզի Լեռնաձորի դպրոցի շախմատի ուսուցչուհի Մարիետա Մկրտչյանի հետ, ով ծրագրի մեկնարկից ի վեր իր գիտելիքներն է փոխանցում մեր ապագա սերնդին։

Տիկին Մկրտչյան Որպես դպրոցական շախմատի ուսուցիչ՝ ի՞նչպես սկսվեց Ձեր ճանապարհը այս ծրագրում։ Ի՞նչ դժվարություններ կամ առանձնահատկություններ կնշեիք։

Շախմատի ուսուցման իմ ճանապարհը սկսվեց այն պահից, երբ հասկացա, որ խաղատախտակի վրա տեղի ունեցող ամեն քայլ կարող է դառնալ մանկահասակների մտածողության ձևավորող ուժ։ Երբ դպրոցում սկսվեց շախմատը որպես առարկա ներդնելու ծրագիրը, ես հաճույքով ընդգրկվեցի այդ գործընթացում՝ վստահ լինելով, որ կարող եմ իմ գիտելիքները փոխանցել երեխաներին ոչ միայն որպես խաղ և արվեստ, այլ որպես կյանքում կիրառելի մտածողության գործիք։

Սկզբում ամենակարևորը եղել է ճիշտ մոտեցում ձևավորելը․ երեխայի հետ պետք է խոսել պարզ, պատկերավոր և խաղային լեզվով։ Այդ փուլում ես շատ բան սովորեցի՝ ինչպես բարդ գաղափարները դարձնել մատչելի, ինչպես օգնել կրտսեր դպրոցականին տեսնելու ոչ միայն խաղաքարերի շարժումները, այլ մտածողության ձևը։ Տեսնել ամբողջական պատկերն ու պատասխանատվությամբ ընտրել իր քայլը՝ ինչպես խաղատախտակի վրա, այնպես էլ իրական կյանքում։

Իհարկե, դժվարություններ էլ կային, որոնցից կուզենայի առաձնացնել հետևյալ կետերը․

  • Տարբեր մակարդակների երեխաներ մեկ խմբում։ Երբեմն նույն դասարանում կային և արագ ըմբռնող, և դժվարությամբ կենտրոնացող երեխաներ։ Պետք էր ընտրել այնպիսի մեթոդ, որը չէր ձանձրացնի ուժեղներին և չէր ծանրաբեռնի ավելի թույլերին։
  • Ուշադրության պահպանում։ Կրտսեր դպրոցականների դեպքում 15-20 րոպեից հետո ուշադրությունը թուլանում է։ Պետք է դասի կառուցվածքը դարձնել դինամիկ՝ կարճ խաղ-վարժություններով, մրցույթով, ծափերով և թիմային առաջադրանքներով։
  • Սխալներից չվախենալու ուսուցում։ Շատ երեխաներ վախենում էին սխալ քայլ անել։ Պետք էր սովորեցնել, որ շախմատում ամեն սխալ ավելի խիզախ քայլի սկիզբ է, իսկ պարտությունը սովորելու կարևորագույն փուլն է։

Դպրոցական շախմատի առանձնահատկությունն ինձ համար մեկն է․ այն կրթում է ոչ միայն միտքը, այլև բնավորությունը։ Երեխան սովորում է կանխատեսել, համբերել, համարձակվել, գնահատել իրավիճակը և մտածել մի քանի քայլ առաջ։ Այս հմտությունները դառնում են նրանց ամենօրյա ընտրությունների հիմք, և հենց սա է ծրագրի իրական արժեքը։

Շախմատի խորագրով բաց դասից հետո

Ձեր դիտարկումներով՝ ո՞րն է շախմատը դպրոցում պարտադիր դարձնելու ամենակարևոր դրական ազդեցությունը կրտսեր դպրոցականների մտածողության վրա։

Շախմատը կրտսեր դպրոցականների մտածողության վրա ունի բազմաթիվ դրական ու օգտակար ազդեցություններ։ Սակայն ամենակարևորը՝ խորքային և պատճառահետևանքային մտածողության ձևավորումն է։ Խաղի ընթացքում երեխան սովորում է հասկանալ, որ յուրաքանչյուր քայլ ունի հետևանք։ Եվ ճիշտ որոշում կայացնելու համար պետք է դիտարկել ոչ միայն ներկայիս դիրքը, այլ նաև տեսնել մի քանի քայլ առաջ։ Սա զարգացնում է երեխայի կարողությունը վերլուծելու իրավիճակը, կառուցելու տրամաբանական շղթաներ և կայացնելու հիմնավորված որոշումներ։ Այս հմտությունը դառնում է մտածելու ընդհանուր ձև, որը երեխան տեղափոխում է իր ուսումնական, սոցիալական և առօրյա վարքագծի մեջ։

Բացի շախմատային տեխնիկայից, ի՞նչ կոնկրետ կյանքի հմտություններ եք նկատում, որ զարգացնում է շախմատն աշակերտների մոտ։

Կարող եմ առանձնացնել մի քանիսը.

  • Կենտրոնացում և ուշադրություն։ Շախմատ խաղալիս երեխան սովորում է երկարատև ժամանակով կենտրոնացած մնալ մեկ խնդրի վրա։ Այս հմտությունը փոխանցվում է դասերին, ընթերցմանը և տնայիններին։
  • Պատասխանատվություն։ Յուրաքանչյուր քայլ ունի հետևանք։ Երեխան սովորում է. «Եթե ես որոշում եմ կատարել այս քայլը, ապա դրա հետևանքների պատասխանատուն ես եմ»։ Սա դառնում է վարքային սովորություն։
  • Պլանավորում և կազմակերպված մտածողություն։ Շախմատում առանց պլանի հաղթել հնարավոր չէ։ Երեխան սովորում է նախապես մտածել, հասկանալ, թե «ինչ կլինի հետո» և կազմակերպել իր քայլերը։ Դա հիանալի արտահայտվում է դպրոցականի աշխատանքների և առօրյա խնդիրների լուծման մեջ։
  • Սթրեսի կառավարում և համբերություն։ Շախմատը պահանջում է սպասել ճիշտ պահին քայլ անելու։ Սա հակադրվում է երեխաների բնորոշ արագ գործողությանը և ձևավորում է զսպվածություն։
  • Ինքնավստահություն։ Երբ երեխան տեսնում է, որ կարողացել է հաղթել իր իսկ ջանքերով, դա մեծացնում է ինքնագնահատականը և վստահությունը իր կարողությունների նկատմամբ։

Ի՞նչ մեթոդներ կամ խաղային տարրեր եք օգտագործում շախմատային բարդ գաղափարները (օրինակ՝ զոհաբերություն, մատային կառույցներ) 2-4-րդ դասարանի երեխաներին մատչելի դարձնելու համար։

Կրտսեր դպրոցականները սիրում են, որ շախմատը ոչ միայն կանոն է, այլև պատմություն և արկած։ Ամեն դաս կառուցում եմ այնպես, որ երեխաները ոչ թե սովորեն, թե տրված դիրքում որ քայլն է ճիշտ, այլ մտածեն, թե ինչու է այդ քայլը ճիշտ։ Օգտագործում եմ իրավիճակային խնդիրներ, որոնք զարգացնում են կանխատեսումը, վերլուծությունը և ուշադրությունը։ Օրինակ՝ «զոհաբերությունը» ներկայացվում է որպես «փոքր նվեր՝ մեծ շահույթի համար», որը դարձնում է գաղափարն ավելի հասկանալի և հուզական։

Արդյո՞ք Ձեր գործընկերները, օրինակ՝ մաթեմատիկայի կամ հայոց լեզվի ուսուցիչները, նշել են շախմատի դասերի դրական ազդեցությունն իրենց առարկաների ուսուցման ընթացքում։

Այո, իմ գործընկերները տարբեր առարկաներից հաճախ նշում են շախմատի դասերի դրական ազդեցությունը։ Մաթեմատիկայի ուսուցիչները նկատում են, որ շախմատ խաղացող աշակերտները ավելի հեշտ են կատարում տրամաբանական քայլեր, արագ գտնում լուծման ռազմավարությունը և ավելի հաստատուն հաշվարկ են կատարում։ Վստահաբար կարող եմ պնդել, որ շախմատը զարգացնում է մտածողության այնպիսի հստակություն, որը աջակցում է մնացած բոլոր առարկաների սովորելուն։

Շախմատը պահանջում է պարտության ընդունում։ Ինչպե՞ս եք օգնում երեխաներին կառավարել իրենց հույզերը, հատկապես պարտվելուց հետո, և ի՞նչպես եք սովորեցնում դասեր քաղել սխալներից։

Ես երեխաներին միշտ հիշեցնում եմ, որ պարտությունը դաս է, ոչ թե ցավ։ Միասին վերլուծում ենք սխալները և ընդունում ճիշտ դասն առանց քննադատության։ Երբ երեխան հասկանում է, որ աճում է սխալների շնորհիվ, պարտությունը դառնում է սովորելու հնարք։ Մենք նրանց սովորեցնում ենք ընդունել պարտությունը արժանապատվությամբ և շնորհակալություն հայտնել մրցակցին, քանի որ նա օգնեց տեսնելու սեփական թերությունները։

Ինչպե՞ս պետք է ծնողները խրախուսեն իրենց երեխաներին շարունակել զբաղվել շախմատով դպրոցական ծրագրի ավարտից հետո (4-րդ դասարանից հետո)։ Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց։

Ծնողների դերը չափազանց մեծ է։ Մեր խորհուրդը պարզ է. միշտ գնահատել երեխայի ջանքը, ոչ միայն արդյունքը, և թույլ տալ, որ շախմատը մնա ինքնաարտահայտման, զարգանալու և վստահության աղբյուր։

Նրանք պետք է ցույց տան իրական հետաքրքրություն, լսեն երեխայի պատմածը, դիտեն նրա խաղերը և ուրախանան փոքր հաղթանակներով։ Կարևոր է ստեղծել հանգիստ, չպարտադրող, բայց խրախուսող միջավայր, որպեսզի շախմատը չընկալվի որպես պարտականություն, այլ որպես հաճելի և հետաքրքիր զբաղմունք։

Որպես աշխարհում շախմատը պարտադիր դարձրած առաջին երկրի ներկայացուցիչ՝ ի՞նչ ուղերձ կուղղեիք այն երկրներին, որոնք դիտարկում են հայկական մոդելը ներդնելու հնարավորությունը։

Մեր փորձը ցույց է տվել, որ շախմատը ոչ միայն կրթական ծրագիր է, այլ մտածողություն ձևավորող մշակույթ։ Այն զարգացնում է երեխայի վերլուծական միտքը, ինքնուրույն որոշում ընդունելու կարողությունը, համբերությունը և պատասխանատվությունը՝ արժեքներ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր երկրի ապագա սերնդին։

Աշխարհը արագ է փոխվում, և մենք վստահ ենք՝ շախմատը երեխաներին տալիս է այն հմտությունները, որոնք թույլ են տալիս նրանց ավելի խորքային տեսնել, ճիշտ գնահատել իրավիճակները և վստահ քայլել առաջ։ Շախմատի ներդրումը միայն կրթական գործընթացի բարելավում չէ, դա ռազմավարական ներդրում է ապագա սերնդի մտածողության մեջ։ Ուստի մենք խրախուսում ենք բոլոր այն պետություններին, որոնք ուսումնասիրում են շախմատը. մեր փորձը ցույց է տալիս՝ շախմատի ուսուցումն իրեն լիովին արդարացնում է։

Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն շախմատի ուսուցման ծրագրի հետագա զարգացման համար։

Իմ կարծիքով՝ ծրագրի հետագա հաջող զարգացումը պահանջում է մի քանի միաժամանակյա քայլեր.

  1. Նոր Մոտեցումներ Ավագ Դպրոցների Համար։ Անհրաժեշտ է առաջարկել խորացված, ավելի ռազմավարական դասընթացներ, որոնք կապում են շախմատը կյանքի մասնագիտությունների և որոշումների հոգեբանական կողմերի հետ։
  2. Տեխնոլոգիաների հետևողական Կիրառում։ Ժամանակակից ծրագրերն ու հարթակները կարող են դասը դարձնել ավելի ինտերակտիվ՝ թույլ տալով աշակերտներին վերլուծել իրենց խաղերը, դիտել մեծ վարպետների կայծակնային որոշումները, մասնակցել առցանց մրցարշարերի։
  3. Ուսուցիչների Շարունակական Վերապատրաստում։ Շախմատը զարգացող աշխարհ է, և ուսուցիչները պետք է հնարավորություն ունենան միշտ լինել ժամանակակից և ներշնչող։

Այս քայլերը միասին կարող են շախմատի կրթական ծրագիրը դարձնել ոչ միայն պահպանվող ավանդույթ, այլ իրական, զարգացող և ժամանակի պահանջներին համապատասխանող համակարգ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել