ՓԸՐՍԸՎԷՐ բառի ծագումն ու բացատրությունը. Մհեր Քումունց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
186 Views

Մի զրույց-ասույթի հետքերով)

📋Տեղ գյուղի մասին մի զրույց կա, որ հիմա էլ պատմում են ոչ միայն տեղացիները, այլև շրջակա բնակավայրերի բնակիչները: Եղել է մի ժամանակ, որ օտար ցեղերը լցվել էին Տեղի շրջակա գյուղերը և նեղություն էին տալիս հայ բնակիչներին, գողանում անասունն ու բերքը, սպանում հովվին ու արտապանին: Այս ամենի դեմ երբեմն պայքարում էին, իսկ ավելի հաճախ՝ լռությամբ տանում օտարի լուծը: Բայց երբ սկսեցին «զորբայությամբ» տանել տեղացի գեղեցիկ և գործունյա աղջիկներին, դա արդեն անհանդուրժելի էր: Հենց այդ ժամանակներում Տեղ գյուղում ծնված գեղեցիկ աղջիկներին փըրսըվէրէին տո̈ւնո̈ւմ, որ օտարին բաժին չդառնա :

📋Այս ամբողջ պատմությունը փըրսըվէր բառի մասին է, որ ծանոթ է միայն սյունեցիներին ու արցախցիներին:

Փըրսըվէր-ը բերանսիվայր>բերանքսիվայր>բերանս- բառն է, որ, հավանաբար, առաջ է եկել բերանսել «բերանը փակել, լռեցնել, պապանձեցնել» բայից: Փըրսըվ[յ]էր-ը բաղկացած է փըր-ս «բերան-ս»+ ի (նախդիր)+ յէր «վայր» բառերից: Այս բառի քննությունից ենթադրում ենք, որ հ.-ե. բեր-ան>փըր- (*bher-) բառը Սյունիք-Արցախ բարբառախմբում պետք է գիտակցվի որպես բաղադրյալ կազմություն՝ *bher-ano , իսկ հայերենի մյուս տարբերակներում՝ բերան>բերան-ոյ՝ ո հիմքով պարզ կազմություն : Բայց նկատում ենք, որ նրա նախնական իմաստը՝ «1. բուկ, կոկորդ, 2. նեղ անցք» (bherug-, bhrug-, bhorg-) պահպանված չէ, որից կարելի է ենթադրել, որ -ան ածանցը հետագայում է ընկել՝ բերանսիվայր>փը/է/րանսիվայր: Այս ենթադրությանը մասամբ նպաստում են բարբառախմբում առկա հնչյունափոխված մյուս տարբերակները՝ փըսվէր || փըրսըէր || փիսիվէր || փըրսըյէր: Առանձին կամ այլ բաղադրության կազմում փըրս արմատը «բերան» իմաստով չի հանդիպում: Կարելի է կարծել, որ, չնայած արտաքին ձևի ընդհանրությանը, այնուամենայնիվ փըրսըվէր բառում բեր-ան>փըր արմատը ոչ թե նախալեզվի մնացուկ է, այլ ընդհանուրհայերենյան բերան բառի բարբառային տարբերակներից մեկն է:

📋Գալով բառի հնչյունական կազմի փոփոխություններին՝ նշենք, որ բեր-ան բառի բ-ն բարբառախմբում, որպես կանոն, խլանում է՝ դառնալով պ ՝ պէրա̈ն, ինչպես և՝ բուկ>պօկ, բահ>պա̈հ և այլն: Այս կանոնին զուգահեռ, սակայն, գործուն է նաև բ-ի շնչեղացում հատկապես ր, ռ հնչյուններից առաջ, հմմտ.՝ բուրվառ>փըրվառ, բռնել>փըռնէլ, գրբ. բրդեմ>փըրթիլ, բորբոսել>փըրփէշնէլ և այլն (ր-ին նախորդող ի-ով տարբերակները նախորդել են ը-ով ձևերին՝ բրդեմ>փըրթիլ>փիրթիլ): Փըրսըվէր բառի ս-ն գրբ. հոգնակի հայցականն է, որ ընդհանրական իմաստ է հաղորդել բառին, հմմտ.՝ պիր-նին (բերանները): Ի նախդիրը (բերանս ի վայր) բառային տարբերակների մեծ մասում դարձել է ը շեշտի կորստի հետևանքով: Եվ վերջապես՝ գրաբարի վայր բառը Սյունիք-Արցախի բարբառախմբի տարբերակների մեծ մասում դարձել է վէր||յէր , որի վ-ն է-ից առաջ դառնում է նաև յ, ինչպես՝ գրբ. վէրայ>յիրա (յիրա անէլ), վէր>յէր (յէր կէնալ) և այլն:

🚩Այսպիսով՝ Սյունիք-Արցախ բարբառախմբի բարբառում հանդիպում ենք յուրահատուկ մի բառի, որ հայերենի ոչ բոլոր տարբերակներն ունեն. դա փըրսըվէր բառն է, որ ժամանակակից գրական հայերենի բերանքսիվայր մակբայի բարբառայն տարբերակն է, որով բարբառախմբում ձևավորվել են բազմաթիվ հասկացություններ՝ փըրսըվէր անէլ «շուռ տալ», փըրսըվէր ինէլ «1. երեսի վրա շրջվել, ընկնել, 2. փոխ. հիվանդ լինել, 3. Արց.՝ նեղանալ », փըրսըվէր քիցել «շրջել», փըրսըվէր յէշէլ «թարս նայել», փըրսըվէր քօն ինէլ «երեսնիվայր քնել», փըրսըվէրվէլ «1. հակառակվել, 2. ընկնել, 3. հիվանդանալ, 4. մահանալ» և այլն:

🔗Այս զրույցը ունի մի այլ տարբերակ, ըստ որի՝ Տեղ գյուղում ծնված աղջիկներին փըրսըվէր էին դնում, որ տղաները շատ լինեն (ասացողներ՝ Էլմիրա էյլազյան, Տեղ-Խնձորեսկ, 38տ, Սնեցունց Սվետիկ, Տեղ, 67տ):

🔗Աճառյան Հ., Հայերէն արմատական բառարան, Եր., 1926, էջ 441:

🔗Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. VI, Ե., 1971, էջ 536:

🔗Այս մասին կարելի է տեսնել Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Ե., 2010, էջ 796:

🔗Pokorny J., Indogermanisches etymologisches Wörterbuch. Vol. II, Bern, 1959, p. 171.

🔗Մարգարյան Ա., Գորիսի բարբառը, Եր., 1975, էջ 73:

🔗Լեզվաբանական աշխատանքներում այն հաճախ շփոթում են հին թյուրք. yer «տեղ, վայր, գետին» բառի հետ. Nişanyan S., Nişanyan sözlük, Çağdaş türkçenin etimolojisi, Istanbul, 2018. www.nisanyansozluk.com. (վերջին այցելությունը՝ 30.05.2019):

🔗Սարգսյան Ա., Ղարաբաղի բարբառի բառարան, Եր., 2013, էջ 774:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել