ՊՂՆՁԱՔԱՐ (կամ՝ ՊՂՆՁԱՔԵՐԾ)
Լսե՞լ եք այս սարի (քերծի) մասին: Գտնվում է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում՝ իմ հայրական տան դիմաց: Անունը ստացել է պղնձի գույն ունենալու պատճառով:
Երբ այստեղ եմ, այն մշտապես աչքիս առաջ է՝ տան պատշգամբից, սենյակի պատուհանից, փողոցից դիտելիս… ![]()
Դժվարանում եմ ասել, թե քանի՜-քանի անգամ եմ քրոջս ու եղբայրներիս հետ զառիվեր լանջով հասել գագաթ,- վերջին անգամ, եթե հիշողությունս չի դավաճանում՝ Վահան Բակունցի հետ: Խոսում էինք Ակսելի, նրա դաժան ճակատագրի մասին: Մի պահ հիշեց, որ եղբայրն իր մի քանի գրվածքներում հիշատակել է այդ անունը: Եվ հենց իր խնդրանքով մի օր, իմ հայրական օջախ նրա հերթական այցի ժամանակ, բարձրացանք այնտեղ: Այդ հանդիպումից հետո Պղնձաքարն ինձ համար ստացավ մի նոր, ասես սրբազան իմաստ:
«Պղնձաքարի սարում ավելուկը կանաչել ա, Սանդի աղբյուրի մոտ մոշը հասել…»,- գրում է Բակունցը իր պատմվածքներից մեկում: Ցավոք, վերնագիրը չեմ հիշում: Համացանցում փնտրեցի, բայց ապարդյուն: Այդ անունը նա հիշատակել է նաև «Կարմրաքար» վեպում:
Ինչևէ, հիմա արդեն ապրում եմ այդ վերելքների անմար հուշերով: Եվ ամեն անգամ, երբ իմ հայրենի Վերիշեն գյուղում եմ, հայացքս առաջին հերթին ուղղում եմ դեպի Պղնձաքար՝ եթե, իհարկե, այն պարուրված չէ գորիսյան հայտնի «թոխպով»:
Հ.Գ. Լեռան լուսանկարները վերցրել եմ համացանցից: Այսպիսի պատկերներ հնարավոր չէ ստանալ իմ «դիտակետերից»: