Հնագույն դարերի Հայոց պատմությունն ավանդականորեն ՎԱՏ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾ, իսկ, ինչ էլ որ այնուհանդերձ ուսումնասիրված է, շարադրված է «դուք փոքր ազգ եք» լույսի ներքո, երբ անհաջողությունները շեշտադրվում էին, իսկ հաջողությունները՝ մատնվում մոռացության: Տեսեք:
Մ.թ.ա. 714 թ-ին, կյանքի կոչելով վերջին տարիներին Արարատյան թագավորության դեմ մղվող իր ռազմավարական ծրագրի գլխավոր փուլը, Ասորեստանի թագավորության արքա Սարգոն II-ը (մ.թ.ա. 721-705) ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՐԵՑ ՀԱՅԵՐԻՆ: Այս արշավանքը մանրամասն նկարագրված է և ուսումնասիրված է ոչ վատ, չնայած, ինչպես «բնականաբար պահանջում են ժանրի կանոնները», այնուհանդերձ չեն շեշտադրված բացառիկ այն դրական տեղեկությունները, որ թշնամին հայտնում է Հայոց ռազմական մեքենայի մասին: Փոխարենը շեշտադրված են Մուսասիրի թալանը և Առուշան I-ի (մ.թ.ա. 734-713) իբր ինքնասպանության դրվագը: Ավելին, շարունակելով նույն ոճով, սովորաբար ասվում է նաև, որ այս դեպքերից հետո Արարատյան թագավորությունն աստիճանաբար դեպի անկում է գնում՝ Մերձավոր Արևելքում առաջնությունը վերջնականապես զիջելով Ասորեստանի թագավորությանը: Իրականությունը, սակայն, ինչպես և երևի արդեն գլխի ընկաք, մեղմ ասած մի քիչ ԱՅԼ ՏԵՍՔ ՈՒՆԻ:
Այսպես, Առուշան I-ին հաջորդեց նրա մարտունակ որդի Արա IV-ը (մ.թ.ա. 713-685), որը ոչ միայն չենթարկվեց պաշտոնական Նինվեին, այլև հարավային այդ գիշատչի նկատմամբ ՀԱՎԱԿՆՈՏ և նույնիսկ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ դիրքորոշում որդեգրեց: Այս կապակցությամբ ասորեստանյան հետախուզական զեկուցագրերից մեկն, օրինակ, նկատի ունենալով մ.թ.ա. 700-ական թվականների ամենասկզբին Անդրեփրատյան Ծոփքում և Կիլիկիայի արևելքում վերջին տարիներին ձեռք բերված ասորեստանյան տիրույթների դրությունը, ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է, թե. «Ուրարտուի թագավորն ասել է. «Ձեր ունեցած զորքերով Կումայայում բռնեք Ասորեստանի թագավորի նահանգապետներին ու քարշ տվեք ինձ մոտ»»,- ինչից հետո նույն հետախույզն ավելացնում է, որ. «Նրանք դեռևս չեն գործադրել հրամանը, բայց Արիաեն շատ մտահոգված է և աղերսում է, որ անհապաղ զորքեր ուղարկվեն»: Նույն տարիներին վերաբերող մեկ այլ զեկուցագիր իր հերթին հայտնում է դիվերսիոն ոճի ընդհարումների մասին, իսկ երրորդն էլ ներկայացնում է ընդհանուր ողջ այն լարված դրությունը, որը ստեղծվել էր երկու թագավորությունների սահմանային շրջաններում: Սա, սակայն, ամբողջը չէ:
Իրոք, դատելով ըստ ամենայնի, ասորեստանյան հետախույզների վախերը խիստ տեղին էին, քանզի շուտով սկիզբ առան ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, երբ մ.թ.ա. 708-706 թվականներին Կոմագենեի իշխան Մութթալուի ընդհանուր հրամանատարությամբ գործող Արարատյան թագավորության մասերի բաժանված բանակը ասպատակեց Հյուսիսային Ասորիքը ու Կիլիկիայի արևելքը, ինչի արդյունքում ոչնչացվեցին թշնամական 300 կայազորներ: Այս կապակցությամբ հատկանշական է արդեն Սարգոն II-ի պաշտոնական արձանագրություններից մեկը, որը, պահպանելով գոռոզ և ստահոդ սովորական տոնայնությունը, այնուհանդերձ, կարծես հենց միայն ատամների արանքից, ընդունում է հայերի հաջողությունները: «Մութալլուն անմիտ և նենգավոր մի մարդ էր»,- ասվում է այդ արձանագրությունում,- «որը, չվախենալով աստվածների անուններից, չարություններ էր դավում: Նա մտադրվում էր թշնամանալ` ՀՈՒՅՍԸ ԴՆԵԼՈՎ ՈՒՐԱՐՏՈՒԻ ԹԱԳԱՎՈՐ ԱՐԳԻՇՏԻԻ ՎՐԱ՝ մի նեցուկ, որը չէր կարող նրան փրկել…: Եվ ահա, մինչ ես փորձում էի բնաջնջել Բիթ-Տականն ու Արամը…, այդ Մութալլուն, որը Մուշկերի երկրից էր, հարձակվեց Կուե երկրի իմ փոխնորդի և 300 քաղաքների վրա: Նա ասպատակեց և ավերեց այս քաղաքները, այրեց դրանք կրակով ու շատ գերիներ վերցրեց»: Հետաքրքիր է, որ Սարգոն II-ի մեկ այլ արձանագրություն, նկատի ունենալով Մութալլուի ռազմական հնարավորությունները մինչ այս հարձակումը, դրանք սահմանում է «150 մարտակառք, 1.500 հեծյալ, 20.000 նետաձիգ և 1.000 վահանակիր ու նիզակակիր զինվորներ» չափով:
Պաշտոնական Նինվեի խնդիրները, սակայն, միայն սրանով չէին սահմանափակվելու, քանզի, մ.թ.ա. 708-706 թվականների իրադարձությունները համարելով տերունական փառքի նսեմացում, մ.թ.ա. արդեն 705 թ-ին, անցած սեփական հարվածային լավագույն ուժերի գլուխ, Հայաստանի հարավ-արևմտյան ուղղությամբ արշավանքի ելավ արդեն ՍԱՐԳՈՆ II-Ն ԱՆՁԱՄԲ: Արդյունքում՝ տեղի ունեցավ մեր պատմության ՓԱՌԱՀԵՂ, ՍԱԿԱՅՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵՐԻՑ ՄԵԿԸ – մ.թ.ա. 705 թ-ին Լեռնային Կիլիկիայի ճ-մ-ում Արա IV-ի գլխավորած Արարատյան թագավորության բանակը (մոտ 70.000) ջախջախեց Սարգոն II-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակին (մոտ 120.000), երբ հայերը կորցրին մոտ 5.000, իսկ թշնամին` մոտ 40.000 զինվոր, ընդ որում սպանվածների թվում էր նաև Սարգոն II-ը:
Լսե՞լ էիք այս ճակատամարտի մասին: ՉԷԻՔ ԼՍԵԼ, իսկ արժեր, որ լսած լինեիք, քանզի սա մոռացված և խորհրդային պատմագիտության կողմից համարյա ուշադրության չարժանացած այն ճակատամարտերից մեկն է, որը ԷԱԿԱՆՈՐԵՆ ՓՈԽՈՒՄ Է Ասորեստանի ու Արարատյան թագավորությունների միջև մղվող հակամարտության արդյունքի վերաբերյալ պատկերացումները և նրան տալիս է լիովին նոր մի բովանդակություն: Իրոք, Լեռնային Կիլիկիայում տեղի ունեցած այս ճակատամարտով էլ հենց, որտեղ սպանվեց Սարգոն II-ը, ըստ էության, իրենց ՎԵՐՋԸ ԳՏԱՆ Ասորեստանի թագավորության գրեթե ՀԱԶԱՐԱՄՅԱ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հայաստանի նկատմամբ, իսկ Արարատյան թագավորությունն էլ ի վերջո խաղաղ զարգացման հնարավորություն ստացավ:
Վերջում ավելացնենք, այս մասին վերևում էլ մի թեթև խոսվեց, որ ասորա-բաբելոնյան աղբյուրներն ունեին տեղեկատվությունը հայտնելու իրենց յուրօրինակ ոճը, որտեղ ՍՈՒՏԸ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԷՐ ԼԻՈՎԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ: Այստեղ ի վիճակի էին չնչին հաջողությունը լիովին ուռճացնել ընդուպ մինչև տիեզերական մակարդակի, իսկ անհաջողությունների մասին էլ սովորաբար ուղղակի լռում էին: Մեր կողմից քննարկվող դեպքում, սակայն, քանզի սպանվել էր Սարգոն II-ը, լռել ուղղակի հնարավոր չէր:
Արդյունքում՝ «Բաբելոնյան ժամանակագրություն»-ն ուղղակի սեղմ կերպով հայտնում է, որ իր կառավարման. «16-րդ տարում Շարուքենը Տավալ գնաց»: Այստեղ «Տավալ»-ը Տավրոսյան լեռնաշղթան է, իսկ, կոնկրետ դեպքերի տրամաբանությունն էլ հաշվի առնելով, այն Կիլիկիայի արևելքում տարածվող Անտիտավրոսյան լեռնաշղթան է՝ արձանագրության «Կուե» երկիրը կամ Կիլիկիան: Իր հերթին, «Էպոնիմների ցանկ»-ը կես նախադասության վրա ուղղակի կտրում է խոսքը, ասելով, թե. «Էշպիացի կուլմիացու պատճառով… Շարուքենը սպանվեց, երբ Ասորեստանի արքայի ճամբարը…»՝ ակնհայտորեն չկարողանալով կամ չուզենալով սերունդներին հայտնել իրողությունը – Ասորեստանի արքայի բանակի ճամբարը Լեռնային Կիլիկիայի ՆԵՂ ԱՆՑՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԷՐ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵՎ ՈՉՆՉԱՑՎԵԼ ԷՐ, ինչը հայերի սիրած մարտավարությունն էր, ընդ որում պարտությունն այն աստիճանի էր եղել, որ մարտում զոհվել է նույնիսկ Նինվեի ամենազոր տիրակալն ինքը…