Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր
ՀԱՐՑ.-
– Սեպտեմբերին նշվում է Նիկիայի ժողովի 318 հայրապետների հիշատակության օրը:
Այդ ժողովին նաեւ Հայաստանն է մասնակցություն ունեցել, որի ժամանակ ընդունված Հավատո Հանգանակը, դրան նաեւ ավելացվել է Գրիգոր Լուսավորչի հատվածը մինչեւ այժմ գործում է:
Ո՞րն է այդ Հավատո Հանգանակը:
ՊԱՏԱՍԽԱՆ.
– Դա հենց Նիկիո հանգանակն է, որով առաջնորդվում ենք առ այսօր եւ սեպտեմբերին է այդ տոնը (տոնի օրը փոփոխվում է ըստ Եկեղեցական օրացույցի):
Ուրեմն Սուրբ Խաչին մեկ շաբաթ առաջ նախորդող շաբաթ օրն է նշվում Նիկյական ժողովի հիշատակը, որտեղ 318 հայրապետներ մասնակցեցին, որոնց թվում էր նաեւ մեր Արիստակես Հայրապետը՝ Գրիգոր Լուսավորչի որդին, եւ որտեղ Նիկիական հանգանակը կազմվեց, եւ որտեղ հիմնական Երրորդութենական բանաձեւը հիմնավորվեց: Որից հետո Քրիստոսաբանական բանաձեւը հավելվեց՝ Սուրբ Հոգու վերաբերյալ բանաձեւը հավելվեց: Եւ ուրեմն Նիկիական հանգանակը՝ ՀԱՎԱՏՔԻ ԽԱՐԻՍԽԸ ԴԱՐՁԱՎ ՈՂՋ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ:
Նիկիական հանգանակը Արիստոակես Հայրապետը բերեց Հայաստան, երբ Լուսավորիչը դեռ ողջ էր, եւ ցնծությամբ ընդունեց այդ Հավատո Հանգանակը, եւ ավելացրեց այն հատվածը որը մենք արտասանում ենք՝
«Ի սրբոյ Լուսաւորչէն մերմէ ասացեալ.
Իսկ մեք փառաւորեսցուք, որ յառաջ քան զյաւիտեանս, երկիր պագանելով Սրբոյ Երրորդութեանն եւ Միոյ Աստուածութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Աշխարհաբար
Իսկ մենք փառավորենք Նրան, Ով հավիտյաններից առաջ է՝ երկրպագելով Սուրբ Երրորդությանն ու մեկ Աստվածությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամէն »
Անհնար է թերագնահատել Նիկիո հանգանակի դերակատարությունը, որովհետեւ այսօր էլ ողջ քրիստոնեա աշխարհը հաստատված է Նիկիո հանգանակի վրա: Եւ այդ Նիկիո հանգանակից որեւէ մի տառ, որեւէ մի ստորակետ փոխված չէ: Նույնիսկ նրանք, ովքեր ինչ-որ մի բան փոխել են, ընդունելի չի եղել՝ քրիստոնյա աշխարհը չի ընդունել այդ փոփոխությունները:
Եւ դրա համար եկեղեցական կամ եկեղեցիների մերձեցման համար միշտ հիմք համարվում է Նիկիական հանգանակը:
Ասենք օրինակ, եթե որեւէ մի եկեղեցի, որեւէ մի քույր եկեղեցու հետ հարաբերության մեջ է մտնում, նախ եւ առաջ հիմքը Նիկիո հանգանակն է: Ընդհանուր գետինը ցանկացած եկեղեցւո, Նիկիո հանգանակն է:
Եւ եթե դու Նիկիո հանգանակը ընդունում ես, նշանակում է ուղղափառության տարրեր կան քո մեջ, եթե նույնիսկ ինչ-որ բան այնպես չէ: Հետեւաբար Նիկիայի ժողովը, որ առաջին Տիեզերական ժողովն էր 325թ.-ին՝ հիմքը դրեց աստվածաբանության, հիմքը դրեց դավանաբանության, հիմքը դրեց Քրիստոսի աստվածության անառարկելի հեղինակության:
Եւ դրա համար էլ Նիկիական հանգանակի կամ Նիկիո ժողովի տոնակատարությունը բնականաբար բոլոր եկեղեցիներում նշվում է, եւ նշվում է նաեւ մեր եկեղեցում:
Առավել եւս մեր եկեղեցում պիտի նշվեր, որովհետեւ մեր Սուրբ Արիստակես հայրապետը մասնակցել է այդ ժողովին անձամբ, եւ իր ստորագրությունն է դրել այդ Նիկիո հանգանակի տակ:
Տ. Միքայել արքեպս. Աջապահյան
Առաջնորդ Շիրակի թեմի
2012թ.