Գորիսի «Բուլվար» զբոսայգում բացվել է նոր խաղահրապարակ-մարզահրապարակ
Գորիսի սիրված զբոսավայրերից մեկը՝ «Բուլվար» զբոսայգին, այժմ ունի նաև նոր խաղահրապարակ և մարզահրապարակ՝ դառնալով երեխաների, դեռահասների և սպորտով զբաղվողների համար էլ ավելի գրավիչ վայր։ Սա արդեն 16-րդ խաղահրապարակն է, որ բացվում է քաղաքում։
Նոր համալիրի պաշտոնական բացմանը ներկա էին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, համայնքի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև բնակիչներ ու երեխաներ։ Նախաձեռնությունն իրականացվել է Գորիս համայնքապետարանի, ԱԳԲԱ բանկի և Հայաստան համահայկական հիմնադրամի համագործակցությամբ։
Մարզահրապարակի նախագծման և կառուցման աշխատանքները իրականացրել է Հայաստանի Street Workout ֆեդերացիան՝ հաշվի առնելով ժամանակակից պահանջներն ու երեխաների/երիտասարդների կարիքները։
Նմանատիպ նախաձեռնությունները խթանում են առողջ ապրելակերպը, համայնքային կյանքում երեխաների ու երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու հանրային տարածքների արդյունավետ օգտագործումը։