Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
Այսօր հնչում է Վերջին զանգը՝ ազդարարելով դպրոցական տարիների ավարտը և մի նոր, հասուն ու պատասխանատու կյանքի փուլի սկիզբ։
Առջևում բազում հնարավորություններ են, բայց և՝ մարտահրավերներ։ Դպրոցում ստացած գիտելիքներն ու արժեքներն այն ամուր հիմքն են, որի վրա կառուցելու եք ձեր ապագան։ Եղե՛ք համարձակ, նպատակասլաց։ Ձգտե՛ք լինել ոչ միայն լավ մասնագետներ, այլև արժանապատիվ քաղաքացիներ՝ հայրենասեր, պատասխանատու և մարդասեր։
Անցնող տարիներին ձեր հաղթանակները հանրապետական և միջազգային օլիմպիադաներում, տարբեր մրցույթներում ոչ միայն ձեր անձնական հաջողություններն են, այլև մեր համայնքի, մեր երկրի հպարտությունը։ Դուք ապացուցում եք, որ գիտելիքը ուժ է, և որ ձգտումն ու հետևողական աշխատանքը միշտ տալիս են իրենց արժանի պտուղները։
Այս հաջողությունները, սակայն, անհնարին կլինեին առանց մեր նվիրյալ ուսուցիչների անսահման ջանքերի։ Հարգելի՛ մանկավարժներ, խորին շնորհակալություն և խոնարհում ձեզ։ Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում, այլև կերտում եք քաղաքացի, ձևավորում եք արժեհամակարգ։ Դուք ևս մեկ սերունդ եք ճանապարհում դեպի մեծ կյանք՝ նրանց սրտերում սերմանելով սեր դեպի ուսումը, հայրենիքը և մարդկայինը։ Ձեր աշխատանքն անգնահատելի է։
Սիրելի՛ շրջանավարտներ, յուրաքանչյուր ոլորտում՝ լինի դա տեխնոլոգիաներ, գիտություն, արվեստ, թե տնտեսություն, լավագույն մասնագետների դերն անգնահատելի է երկրի առաջընթացի և հզորացման գործում։ Հենց դուք եք այն ուժը, որը պետք է նպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը, նորարարությունների ներդրմանը և մեր հասարակության բարգավաճմանը։ Ձեր ընտրած մասնագիտությունը, ձեր ապագա աշխատանքը ոչ միայն անձնական բարեկեցության, այլև հանրային բարօրության գրավականն է։
Այս հիշարժան օրվա առթիվ շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։ Մաղթում եմ լուսավոր ապագա, անսպառ եռանդ, հավատ սեփական ուժերի նկատմամբ և բարի երթ դեպի ձեր երազանքները։